Առարկություններ – Գրադարան – Mashtoz.org

Առարկություններ

1. – Զուր է հակառակորդների այն պատճառաբանությւոնը, թե Հռոմեական Կայսրությունն իր մականի ներքո միացրել էր ազգերին, լավ կազմակերպված էր պետական մեքենան, բանակներն արագորեն տեղափոխելու համար ուներ ճանապարհների հիանալի ցանց, և մանավանդ հրեաներն իրենց երկրից դուրս ունեին սփյուռք՝ ցրված լինելով հեթանոսների գլխավոր քաղաքներում։

Այս բոլոր ազդակները իբր թե հեշտացրեցին Քրիստոնեության արագ տարածումը հռոմեական կայսրության չորս անկյուններում։

Պատասխանում ենք. Ճիշտ է, որ հռոմեացիները տիրել էին աշխարհի մեծ մասին, սակայն «Հռոմը բոլոր ազգերին տիրած ժամանակ լոկ նյութական ու արտաքին միություն էր կազմում՝ առանց դրանք հոգևորապես ու խղճով միմյանց հետ կապելու»[1]։

Ինչպես նաև, Հռոմեական Կայսրությունը, բոլոր կայսրությունների նման, մշտապես հակված էր ի՛ր ուսմունքը մյուսներին պարտադրելու, նրանց ձուլելու ակնհայտ մտադրությամբ, այլ ո՛չ թե՝ թույլատրելու, որ Կայսրության ամենաաննշան գյուղերից մեկում ծնված հավատքը գար և տիրանար Կայսրությանը, միաժամանակ հակադրվելով այդ Կայսրության իսկ սովորույթներին ու կենցաղավարությանը։

Ճիշտ է նաև, որ Հռոմը լավ կազմակերպված էր և նախանձելի ճանապարհներ ուներ։ «Բոլոր ճանապարհները տանում են Հռոմ», ասում էին։

Սակայն, եթե այդ ճանապարհները հեշտացրեցին քրիստոնյա քարոզիչների գործը, միևնույն ժամանակ հեշտացրեցին նաև պետության կողմից քրիստոնյաներին հալածելը, Կայսրության հեռավոր սահմանները կայսրերի մահասփյուռ հրովարտակներն արագորեն հասցնելը՝ արգելք լինելու համար Քրիստոնեության տարածմանը և բնաջնջելու համար քրիստոնյաներին։

Ինչ վերաբերվում է հրեաների՝ ամենուրեք ցրված լինելուն, ապա նրանց ներկայությունն անանցանելի խոչընդոտ եղավ նոր կրոնի տարածման համար, քանի որ նրանք Քրիստոսի, Նրա Առաքյալների և վարդապետության առաջին կատաղի հալածողները եղան։

Կարդացեք «Գործք Առաքելոց» գիրքը և պիտի տեսնեք, որ գլխավորապես հրեաներն են Պողոս Առաքյալի և մյուս աշակերտների հակառակորդները, ովքեր լցված են անհուն ատելությամբ՝ քահանայապետ թե ժողովուրդ, ամենուրեք արգելք հանդիսացան Քրիստոսի հետևորդների գործունեությանը։ Տերտուղիանոսն իրավամբ ասում է. «Ամենուրեք հրեական ժողովարանները քրիստոնյաների դեմ հալածանքների աղբյուրներ էին»։

2. – Հակառակորդները մեկ ա՛յլ առարկություն են նաև անում՝ հետևյալ կերպով. Քրիստոսի շրջանում Հռոմի հզոր բանակների տիրապետության ներքո ժողովուրդների մեծամասնությունն ընկճված ստրուկի կյանք էր ապրում, և ամենուրեք մի ազատարար, մի փրկիչ էր սպասվում, ով այդ անտանելի վիճակից կազատեր իրենց։

Եվ ահա՛ եկավ Քրիստոսը՝ համամարդկային եղբայրության ու ազատության Առաքյալը, ով հավասարություն և սեր քարոզեց, խաղաղության և երկնային թագավորության ավետաբերը եղավ։

Հողը պատրաստ էր։ Տառապյալ և ճնշված հոգիները սիրով փարվեցին նոր կրոնին։

Պատասխանում ենք. իրականում, այս նոր վարդապետությունն ընդունելի չէր կարող լինել թե՛ ազնվական դասակարգի և թե՛ գերի ընկճված ժողովրդի կողմից։

Բնական է, որ տիրապետողները, հարուստները, բարձրաստիճան մարդիկ, – գիտենք պատմությունից, – գերակշռող մեծամասնությամբ ո՛չ թե ընդունեցին, այլ՝ ամեն միջոցի դիմեցին՝ իրենց հանգիստ կյանքը, իրենց ողջ ապրելակերպին խանգարող այս նոր կրոնը խեղդելու համար, մի կրոն, որ քարոզում էր աղքատություն, հավասարություն, անգամ՝ թշնամիների հանդեպ սեր, մինչդեռ հռոմեացու համար իրենից բացի մյուսները ստորին դասակարգի էին պատկանում։

Ինչ վերաբերվում է հպատակ, ծառա, ստրուկ ժողովրդին, ապա որքան էլ որ իրենց սրտին խոսող, իրենց սպասած կրոնն էր Քրիստոնեությունը, սակայն գործնականում Հիսուսի բերած ազատությունը նյութական ազատություն չէր, այլ՝ հոգեկան, ազատություն մեղքից, սատանայի գերությունից։

Քրիստոսի թագավորությունը երկնային թագավորություն է, ներքին խաղաղության, հոգևոր հարստության, և ո՛չ թե երկրային պերճանքի, նյութական հարստության, հանգստավետ կյանքի։

Քրիստոնեությունն ընդունելով՝ ստրուկը պիտի ստրուկ մնար, աղքատը՝ աղքատ, թշվառը՝ թշվառ։

Հստակ են Պետրոս և Պողոս Առաքյալների հորդորները։ Պետրոս Առաքյալն ասում է. «Ծառաներ, ամեն ինչում երկյուղով հնազանդ եղեք տերերին, ո՛չ միայն բարիներին ու հեզաբարոներին, այլ նաև՝ դաժաններին» (1Պտ 2, 19)։ «Ի սեր Տիրոջ, հնազանդ եղեք մարդկային ամեն իշխանության՝ թե՛ թագավորին, որպես գերագույն հեղինակություն ունեցող մեկի, թե՛ կառավարիչներին, որպես նրանից ուղարկվածների» (1Պտ 2, 14-15)։ Նույնքան հրամայական են Պողոս Առաքյալի խոսքերը. «Ծառաներ, ամեն ինչում հնազանդ եղեք ձեր մարմնավոր տերերին» (Կղս 3, 22)։

«Ամեն մարդ, որ իշխանության տակ է, թող հպատակվի նրան. քանզի չկա իշխանություն, որ Աստծուց չլինի, և եղած իշխանությունները Աստծուց են կարգված։ Հետևաբար, ով հակառակում է իշխանությանը, Աստծո հրամանին է հակառակում» (Հռմ 13, 1-2)։

«Հորդորիր ծառաներին, որ հնազանդ լինեն իրենց տերերին և ամեն ինչում լինեն հաճելի նրանց. ո՛չ հակառակվող, ո՛չ շորթող, այլ՝ ցոյց տան կատարյալ հավատարմություն՝ բարությամբ» (Տիտ 2, 9-10)։

Ամփոփելով՝ ասենք, որ Քրիստոնեության արագ տարածումն իբրև բնական երևույթ ցույց տալու ամեն բացատրություն մարդկային ողջամտությանը և պատմական իրականությանն է բախվում։

Անհնարին է, որ առանց Աստծո մասնավոր միջամտության, նոր և խիստ սկզբունքներով, անիմանալի խորհուրդներով լի կրոնը, որն ամբարտավան, եսապաշտ ու հաճոյամոլ մարդկանց գարշելի էր թվում, որը դարերով հալածվում էր թե՛ պետության կողմից՝ որպես պետության թշնամի, թե՛ հարուստ դասակարգի կողմից՝ որպես հրեա մի շառլատանի աղանդ, այսքան արագ տարածվեր ի սփյուռս աշխարհի։

Մի կրոն, որն ամբողջովին հակասում էր նույն շրջանի ժողովուրդների մտայնությանը, ապրելակերպին ու զգացումներին։

Մի կրոն, որն ապականված բարքերի դեմ մաքուր, հրեշտակային, աստվածային առաքինություններ էր բերում։

Մի կրոն, որ երեք դար գետնադամբաններում ապրելուց հետո, ամեն տեսակ դասակարգից՝ բյուրավոր նահատակների արյամբ կնքվելուց հետո, հրդեհի նման իր բոցերն ամենուրեք տարածեց։

Որպես շոշափելի օրինակ՝ վերցնենք Հայ Ազգի դարձը Քրիստոնեության։

Եթե չլինեին Գայանյան ու Հռիփսիմյան Կույսերն իրենց հերոսական մահվամբ, եթե չլիներ Գրիգոր Լուսավորիչն իր հրաշագործություններով, հնարավո՞ր էր, որ քաջ ու հպարտ Տրդատ թագավորը ծնրադրեր իր հոր մարդասպանի զավակի առաջ, և ինքն ու իր ողջ ժողովուրդը մկրտվեր։

Առանց հրաշքի ինչպե՞ս բացատրել, որ մատների վրա հաշվվող մի քանի անուս, երկչոտ, օտար լեզու չիմացող, ռամիկ դասակարգին պատկանող, ծագումով հրեա, բոլորի կողմից ատված (Մարկուս Աուրելիուս հռոմեացի կայսրը հրեաներին որակում էր «կեղտոտ, ապստամբ և վայրենի սկյութերից ավելի ստորադաս») կարողացան անսասանելի հավատքով, անսպառ եռանդով ու դյուցազնական զոհողություններով, առանց մարդկային ակնկալությունների, արհամարհելով փառքն ու հարստությունը, լինել Քրիստոսի կրոնի առաջին ռահվիրանները, Ում համար էլ իրենց արյունը հեղեցին ի վկայություն Նրա Աստվածության։

Եթե Աստծո հատուկ հրաշքը չլիներ, ինչպե՞ս էր հնարավոր, որ Սողոսը՝ նորածին Եկեղեցու ամենամոլեռանդ հալածողն ու սարսափը, մի վայրկյանում փոխվեր և դառնար Պողոս Առաքյալ՝ Հիսուսի վարդապետության ամենաեռանդուն քարոզիչը, ով դրա առաջին սերմերը ցանեց ամենուրեք և ի վերջո Հռոմում գլխատվեց՝ ի սեր իր քարոզած հավատքի։

Միշտ և ամենուր Աստծո շնորհն է, որ անկյալ մարդուն սուրբ է դարձնում, և Սրբերից Նահատակներ են ելնում։

Ահա՛, Սրբերի և Նահատակների այս արյունոտ բանակն է, որ Քրիստոսի հաղթական դրոշը ծածանեց երկրագնդի չորս ծագերում։

Մեզ մնում է անսասան հավատքով գլուխ խոնարհել և ընդունել այդ լուսաշող կրոնը, պահել նրա սրբարար օրենքները։

[1] Հ. Սահակ Տեր Մովսէսեան, Հին Պատմութիւն, Վենետիկ 1917, էջ 411.
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։