Հիսուսն իսկապես մահացել է խաչի վրա – Գրադարան – Mashtoz.org

Հիսուսն իսկապես մահացել է խաչի վրա

Գիտենք, որ հրեաները խաչելուց առաջ Հիսուսին բռնեցին, չարաչար ծեծեցին, «թքեցին Նրա երեսին, բռունցքով հարվածեցին Նրան, և ոմանք էլ ապտակեցին Նրան» (Մտթ 26, 67)։

Հետո Հիսուսին տարան Պիղատոսի մոտ, որ դատելուց և Նրան անմեղ ճանաչելուց հետո, փոխանակ ազատ արձակելու, հրեաներից վախենալով՝ «հրամայեց Հիսուսին վերցնել ու գանակոծել։ Իսկ զինվորները փշե պսակ շինելով՝ դրեցին Նրա գլխին ու Նրան ծիրանի զգեստ հագցրեցին» (Հվհ 19, 1-3)։

Իսկ Մարկոս Ավետարանիչը զինվորների կողմից Հիսուսի կրած չարչարանքներն այսպես է նկարագրում. «Եվ զինվորները նրան ներսի գավիթը տարան, ուր պալատի բակն էր. մեկտեղ կանչեցին ամբողջ գունդը, և նրան հագցրեցին կարմիր քղամիդ ու ծիրանի, և նրա գլխին փշերից պատրաստված պսակ դրեցին և սկսեցին նրան ողջույն տալ ու ասել. ''Ողջո՜ւյն քեզ, հրեաների թագավոր''։ Եվ եղեգով հարվածում էին Նրա գլխին, թքում էին երեսին ու ծնկի գալով՝ երկրպագում էին նրան» (Մրկ 15, 16-19)։

Հիսուսին չարաչար ծեծելը բավական չի լինում, մի ծանր խաչափայտ էլ են դնում ուսին, որպեսզի այն շալակելով՝ մինչև Գողգոթայի գագաթը տանի։ Բայց Հիսուսը, նախապես ստացած խիստ մտրակումներից չափազանց ուժասպառ, խաչի ծանրությանը չդիմանալով՝ երեք անգամ գետին է ընկնում։ Այնժամ հռոմեացի զինվորները ստիպված են լինում Սիմոն Կյուրենացուն տալ խաչը՝ հավանաբար վախենալով, որ Հիսուսը կարող է ճանապարհին մահանալ, և իրենք չեն կարողանա իրենց նպատակն իրագործել, որ է՝ Հիսուսին որպես ոճրագործ անարգանքով խաչին գամել։

Այս բոլոր չարչարանքները կրել տալուց հետո, Հիսուսի ձեռքերն ու ոտքերը գամելով՝ երկու ավազակների մեջ խաչ են հանում, որտեղ մահանում է՝ ասելով. «Ամեն ինչ կատարված է» (Հվհ 19, 32)։

«Եվ քանի որ ուրբաթ էր, որպեսզի մարմինները խաչի վրա չմնային մինչև շաբաթ օրը, – որովհետև այդ շաբաթը տոնական մեծ օր էր, – հրեա առաջնորդները Պիղատոսին խնդրեցին, որ կոտրեն նրանց սրունքները և վերցնեն նրանց։ Զինվորները եկան և առաջինի սրունքները կոտրեցին, նույնպես և մյուսինը, որ նրա հետ խաչ էր հանվել։ Բայց երբ եկան Հիսուսի մոտ և տեսան, որ նա արդեն մեռած էր, նրա սրունքները չկոտրեցին, այլ՝ զինվորներից մեկը տեգով խոցեց նրա կողը, և իսկույն արյուն և ջուր ելավ» (Հվհ 19, 33-36)։

Այսպիսով այլևս վստահ էին, որ թե՛ Հիսուսը և թե՛ երկու ավազակները մահացած են։

Երբ եկավ Հիսուսին թաղելու հերթը, Հովսեփ Արեմաթեացի անունով «մի պարկեշտ մարդ ու հրեաների ժողովի անդամ և որ ինքն էլ Աստծո Արքայությանն էր սպասում, համարձակվեց մտնել Պիղատոսի մոտ և ուզեց Հիսուսի մարմինը։ Եվ Պիղատոսը զարմացավ, որ Հիսուսն այդչափ շուտ էր մեռել. և իր մոտ կանչելով հարյուրապետին՝ հարցրեց նրան ու ասաց. ''Իրո՞ք այդչափ շուտ մեռավ''։ Երբ այդ ստուգեց հարյուրապետից, մարմինը շնորհեց Հովսեփին» (Մրկ 15, 43-45)։

Հիսուսին թաղելուց հետո էլ հրեաները տակավին հանգիստ չէին, որովհետև նրանք չէին մոռացել, որ Հիսուսը բոլորին ասել էր, որ մահանալուց երեք օր հետո մեռյալներից հարություն պիտի առնի։

Ուստի «քահանայապետներն ու փարիսեցիները հավաքվեցին Պիղատոսի մոտ ու ասացին. «Տեր, հիշեցինք, որ այն մոլորեցնողը, քանի կենդանի էր, ասում էր, թե՝ երեք օրից հարություն պիտի առնեմ։ Արդ, հրամայիր, որ մինչև երեք օր գերեզմանի ապահովությանը հոգ տարվի. գուցե աշակերտները գիշերով գան ու գողանան նրան, և ժողովրդին ասեն, թե՝ մեռելներից հարություն առավ. և վերջին մոլորությունը ավելի վատ լինի, քան առաջինը»։ Պիղատոսը նրանց ասաց. «Զինվորներ ունեք. գնացե՛ք ապահովությանը հոգ տարեք, ինչպես որ գիտեք»։ Եվ նրանք գնացին գերեզմանի ապահովությանը հոգ տանելու և վեմը կնքեցին՝ զինվորներ նշանակելով» (Մտթ 27, 62-66)։

Այսքան մանրամասն զգուշություններ անելուց հետո, կարծեմ բոլորս էլ հրեաների չափ համոզված ենք, որ Հիսուսն իսկապես խաչի վրա մահացավ և գերեզմանում էլ թաղվեց։

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։