Չորրորդ Ավետարանի հեղինակը հրեա է – Գրադարան – Mashtoz.org

Չորրորդ Ավետարանի հեղինակը հրեա է

Ներքին փաստերը մեզ ցույց են տալիս, որ չորրորդ Ավետարանի հեղինակը հրեա է։

Չորրորդ Ավետարանը թեև հունարեն լեզվով է գրվել, սակայն դրա հեղինակի մայրենի լեզուն արամայերենն է եղել, քանի որ էջերից յուրաքանչյուրի մեջ արամայական անթիվ բառեր ու ասացվածքներ են գտնվում։

Հեղինակը հաճախ սեմական բառերին հունարեն բացատրություններ է տալիս, օրինակ, «Ռաբբի, որ նշանակում է վարդապետ»[1], «Կեֆաս, որ Պետրոս է թարգմանվում»[2], «Պրոբատիկեի մոտ մի ավազան կար, որ եբրայեցերեն Բեթհեզդա էր կոչվում»[3], «Գնա՛, լվացվի՛ր Սելոամի ավազանում, որ Առաքյալ է նշանակում»[4], Հիսուսը «բարձրանում էր այն տեղը, որի անունն էր Գանգ, իսկ եբրայեցերեն՝ Գողգոթա», և այլն։

Մի քանի օրինակ էլ սեմաբանություններ նշենք. «Եթե մեկը վերստին չծնվի, չի կարող Աստծո արքայությունը տեսնել»[5]։ Սեմական լեզուներում «տեսնել» բառը գործածվում է «վայելելու» իմաստով։ Մեկ ա՛յլ տեղ էլ գրում է. «Ով չի հնազանդվում Որդուն, կյանք չի տեսնի»[6]։

Ա՛յլ սեմաբանություններ. «Մի փոքր ժամանակ ևս լույսը ձեր հետ է. քայլեցե՛ք, քանի դեռ լույսն ունեք»[7], «Ով իմ խոսքը պահի, հավիտյան մահ չի ճաշակի»[8], «Հայրը սիրում է Որդուն և ամեն ինչ տվել է Նրա ձեռքը»[9], «Նրանց ձեռքից դուրս պրծավ»[10], «Հայրն ամեն բան Իր ձեռքն էր հանձնել»[11], «Ընթրիքի ժամանակ, երբ սատանան արդեն իսկ Սիմոնի որդի Իսկարիովտացի Հուդայի սրտում դրել էր, որ մատնի Նրան»[12], և այլն։

Վերոհիշյալ նախադասություններում ընդգծված բառերը սեմաբանություններ են։

Չորրորդ Ավետարանում այն աստիճան է սեմական լեզվի կնիքը շեշտված, որ քննադատներից ոմանք, ինչպես օրինակ Յուլիուս Ուելհաուզենը, Չառլզ Բըրնին[13], Չառլզ Թորրին[14] և այլոք[15], մի տեսակետ առաջ քաշեցին, համաձայն որի՝ մեզ հասած չորրորդ Ավետարանն արամայերեն լեզվով գրված մի ա՛յլ Ավետարանի թարգմանությունն է, և ճիշտ մեր ունեցած Մատթեոսի Ավետարանի նման, սա էլ արամայերեն լեզվով գրված բնագրի թարգմանությունն է և կամ դրա մի նոր խմբագրությունը։

Նմանապես, Քլոդ Բուամաղը[16] չորրորդ Ավետարանում արամայերեն ասացվածքներ գտնելով՝ եզրակացրեց, թե սկզբնական շրջանում այս Ավետարանն արամայերեն լեզվով է գրվել։

Մեթյու Բլեքի[17] համաձայն՝ չորրորդ Ավետարանի հեղինակն օգտագործել է Հիսուսի խոսքերի՝ արամայերենից հունարենի թարգմանված մի գրություն, որից առաջ են եկել հիշյալ բոլոր սեմաբանությունները։

Վերոհիշյալ վարկածներն ընդունելություն չգտան, քանի որ բերված փաստերն անբավարար էին և հեռու էին համոզիչ լինելուց։ Չորրորդ Ավետարանում այնպիսի հունական ասացվածքներ, բառեր ու բացատրություններ կան, որոնց համապատասխանն արամայերենում գոյություն չունի, ուստի չորրորդ Ավետարանն արամայերենից թարգմանված չի կարող լինել[18]։

[1] Հվհ 1, 38
[2] Հվհ 1, 42
[3] Հվհ 5, 2
[4] Հվհ 9, 7
[5] Հվհ 3, 3
[6] Հվհ 3, 36
[7] Հվհ 12, 35
[8] Հվհ 8, 52
[9] Հվհ 3, 35
[10] Հվհ 10, 39
[11] Հվհ 13, 3
[12] Հվհ 13, 2
[13] C.F. Burney, The Aramaic origin of the fourth Gospel, Oxford 1922.
[14] Չառլզ Քաթլեր Թորրի (Charles Cutler Torrey, 1863-1956), ամերիկացի բողոքական լիբերալ աստվածաշնչագետ, սեմագետ, Յելի համալսարանի պրոֆեսոր
[15] C.C. Torrey, The Aramaic origin of the Gospel of John, «Harvard Theological review», 1923, pp. 305-344.
[16] Քլոդ Մարի-Էմիլ Բուամաղ (Claude Marie-Émile Boismard, 1916-2004), ֆրանսիացի կաթոլիկ քահանա, աստվածաշնչագետ, Նոր Կտակարանի մասնագետ
[17] Մեթյու Բլեք (Matthew Black, 1908-?), անգլիացի բողոքական աստվածաշնչագետ, Նոր Կտակարանի մասնագետ
[18] Տե՛ս՝ J. Bonsirven, Les aramaismes de saint Jean l'évangéliste, 1949, pp. 405-431.
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։