Գլուխ ԺԲ. - Ձևերի պատմական դպրոցը – Գրադարան – Mashtoz.org

Գլուխ ԺԲ. - Ձևերի պատմական դպրոցը

«Formgeschichte» կոչված դպրոցը 1919-1922 թվականներին գլխավորապես Գերմանիայում հրապարակ նետեց Ավետարաններն ուսումնասիրելու մի նոր գրություն։

Վերոհիշյալ դպրոցի գլխավոր ներկայացուցիչներն են Դիբելյուսը, Շմիդթը, Բուլթմաննը, Ալբերթցը, Բերթրամը և այլոք, որոնց նպատակն է եղել բացատրել Ավետարանների ծագումն ու ձևավորումը, դրանց մեջ գտնվող ձևերի գոյությունն ու զարգացման փուլերը[1]։

Ինչպես որ երկրաբանը երկրի զանազան շերտերը, կամ լեզվաբանը՝ բառերի զանազան փոփոխություններն է ուսումնասիրում, այնպես էլ վերոհիշյալ ուսումնասիրողները, որոնց «ձևաբան» անունը պիտի տանք, աշխատել են Ավետարանների «բրածոյաբանությունն» ուսումնասիրել՝ ցույց տալու համար, որ Հիսուսի մահվանից հետո մոտավորապես երեսուն տարիների ընթացքում Ավետարանների բանավոր ավանդությունը, գրի առնվելուց առաջ, ինչպիսի՛ փոփոխություններ է կրել։

Լեոն-Դյուֆուրը մի գեղեցիկ պատկերով ձևաբանների ձեռնարկը նմանեցնում է ճառագայթային լուսանկարման այն գործողությանը, որի շնորհիվ հնարավոր է լինում որևէ նշանավոր նկարչի՝ Վան Էյքի կամ Ռեմբրանդի կտավի հետևում հայտնաբերել նկարի հաջորդական վիճակները, շերտերը. ամենից առաջ նախախավը, հետո նորոգությունները կամ ավելի ուշ շրջանի նկարիչների կողմից եղած վրձնահարվածները և, ի վերջո, բուն նկարը և նույնիսկ հաջորդական նախագծերից մինչև առաջին գծագրությունը[2]։

Քիչ թե շատ նույն ձևի աշխատանք է, որ ցանկանում են իրականացնել ձևաբանները։ Ճանաչել Հիսուսի՛ն, ո՛չ թե Ավետարանիչների ներկայացրած անձին, այլ՝ ամենահին ավանդության մեջ պահպանվածին։

Թեև ձևաբան հեղինակների տեսակետները երբեմն իրարից տարբերվում են և իրապաշտ կեցվածքից հեռանալով՝ ծայրահեղությունների մեջ են ընկնում, սակայն, մյուս կողմից, նրանք ունեն շահեկան տեսություններ, որոնց համար արժե իրենց բերած նորարարություններով մի փոքր ավելի մոտիկից հետաքրքրվել։

Ձևաբանների համաձայն՝ Ավետարանների նյութերը, Ավետարանիչների կողմից գրի առնվելուց առաջ, քրիստոնյա առաջին համայնքի ծոցում են ծնունդ առել։

Շմիդթն ասում է, թե Ավետարանները նախապես գոյություն ունեցող համառոտ գրություններից են կազմված։ Ավետարանիչների գործն է եղել այդ գրությունները կողք կողքի բերելով՝ իրենց Ավետարանները խմբագրել։

Հետևաբար, ասում են, մեր աշխատանքը պետք է կենտրոնանա ո՛չ թե Ավետարանների, այլ՝ դրանցից առաջ գոյություն ունեցող գրությունների վրա։

Դիբելյուսը, ցանկանալով սահմանել Ավետարանների գրական սեռերը (ժանրերը), դրանք հինգ գլխավոր մասերի է բաժանում՝ Paradigmen (տիպար պատկերներ), Novellen (վեպեր), Legenden (առասպելներ), Paränesen (հորդորագրեր) և Mythen (դիցաբանություններ կամ դյուցազներգություններ)։

Բուլթմաննը՝ մեկ ա՛յլ ձևաբան, իր հերթին, Ավետարանների բովանդակությունն է երկու խմբի բաժանում. 1) Խոսքերի ավանդություն. 2) Պատմվածքների ավանդություն։

Խոսքերի ավանդությունն էլ իր ենթաբաժանումներն ունի.

ա) Ապոֆտեգմաներ, որոնց պատկանում են հակաճառությունները, կենսագրական մանրավեպերը, և այլն։

բ) Տիրոջ ասացվածքները, վճիռները, մարգարեական կամ հայտնութենական հայտարարությունները, և այլն։

Պատմվածքների ավանդությունն էլ կարելի է ենթաբաժանել.

ա) Հրաշքների,

բ) Կենսագրական առասպելների։

[1] «Ձևերի պատմության դպրոցի» սկզբունքները խարսխված են Հերման Գունկելի (Hermann Gunkel, 1862-1932, գերմանացի բողոքական աստվածաբան, Հին Կտակարանի մասնագետ) Հին Կտակարանի, հատկապես Ծննդոց գրքի և Սաղմոսների խմբագրության մասին «Գրական սեռեր» անվամբ հայտնած գաղափարների վրա։
[2] X. Léon-Dufour, Evangile et les Évangiles, Paris 1948, p. 89.
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։