Սուրբ Հայրերի ավանդությունը և պարականոն Ավետարանները – Գրադարան – Mashtoz.org

Սուրբ Հայրերի ավանդությունը և պարականոն Ավետարանները

Առաջին դարերի բոլոր Սուրբ Հայրերը չորս Ավետարաններն են միայն ընդունում որպես իրենց հավատքի աղբյուր՝ առանց վարանման դուրս նետելով բոլոր մյուս պարականոն Ավետարանները։

Չորս Ավետարանների և պարականոն Ավետարանների միջև մի պարզ համեմատությունն անգամ ցույց է տալիս առաջինների անկեղծությունը, բնականությունը, ճշմարտախոսությունը, իսկ վերջինների շինծու, առասպելական ու երբեմն նաև անհեթեթ բնույթը։

Կանոնական Ավետարաններն ունեն զուսպ, իրապաշտ, համոզիչ շեշտադրում։ Պարականոն Ավետարաններում վխտում են անհեթեթ, անիմաստ, անիրական դեպքերը։ Օրինակ, դրանցից մեկում պատմվում է, թե Հիսուսը մահացնում է այն տղաներին, ովքեր չէին ցանկանում Իր հետ խաղալ, և այլն։

Ավետարանների պատմականությունը ցույց տալու համար բերենք «ավանդական» կոչված փաստարկությունը, որը թեև համոզիչ է, բայց և այնպես, արժե ավելի խորը քննել վերոհիշյալ նյութը և նոր լուսաբանություններով ամեն տարակույս փարատել։

Նախ տեսնենք, թե ինչից են առաջ եկել Ավետարանների պատմականության դեմ տարակույսները։

Տեսանք, որ Ավետարանները գրվել են Հիսուսի մահվանից մոտ 35 տարի անց։

Արդ, բանասերները հարցնում են, թե ինչպե՞ս կարելի է մանրամասնորեն գրել ինչ որ մեկի կենսագրությունը, հիշել նրա գործերը, խոսքերը, երկարաշունչ քարոզները նրա մահվանից 30-40 տարի անց՝ առանց այլայլելու, փոփոխելու ճշմարտությունը։

Պետք է հաշվի առնել նաև այն իրողությունը, որ Ավետարանիչներից գոնե երկուսը՝ Մարկոսը և Ղուկասը, Առաքյալ կամ Հիսուսի աշակերտ չեն եղել և չի կարելի նրանց որպես ականատես և ունկնդիր վկա ընդունել։

Հիսուս կյանքի, գործերի և խոսքերի ուղղակի գրավոր որևէ արձանագրություն տեղի չի ունեցել։ Գոնե երեք Ավետարանիչների գործն անուղղակի գրառումն է՝ հիմնված ո՛չ թե անձնական հուշերի, այլ՝ Առաքյալների կողմից կատարված քարոզչության վրա։

Կասկածի մեկ ա՛յլ աղբյուր են նաև այն տարբերակները, որոնք հանդիպում են Ավետարաններում։

Արդարև, երբ ուշի ուշով Ավետարաններն իրար հետ համեմատենք, ապա պիտի հանդիպենք տարբերությունների, որոնք երբեմն, կարծես, գոնե երևութապես իրար հակասական են թվում։ Պատումի և գրելաոճի զգալի տարբերություն կա նաև երեք համատես Ավետարանների և չորրորդ Ավետարանի միջև։

Թեև նախապես անդրադարձել ենք այս տարբերություններին, միևնույնն է, հարմար ենք նկատում մեկ անգամ ևս դրանցից ոմանք մատնանշել։

Ղուկասի Տերունական աղոթքի, այսինքն՝ «Հայր մեր»ի[1] մեջ միայն հինգ խնդրանք կա, մինչդեռ Մատթեոսի մոտ դրանք յոթն են[2]։

Մատթեոսի համաձայն՝ Հիսուսն Իր քարոզչության սկզբնական շրջանում է, որ «Հայր մեր»[3] աղոթքն ուսուցանում է Առաքյալներին։ Ղուկասի մոտ այդ աղոթքի ուսուցումն ավելի ուշ է։

Մատթեոսի Ավետարանում[4] Պետրոսը Քրիստոսին երեք անգամ է ուրանում. երեք անգամներն էլ ուրացումը տեղի է ունենում աղախնի առջև։ Իսկ Մարկոսի համաձայն՝ երրորդ ուրացումը տեղի է ունենում «շուրջը եղածների»[5] առջև։

Լեռան քարոզի ժամանակ Մատթեոսն[6] իննը երանություններ է հիշատակում, մինչդեռ Ղուկասը՝ միայն հինգ երանություն[7]։

Դարձյալ, Մատթեոսի[8] համաձայն, Հիսուսը երկու կույրերի է բուժում Երիքովից դուրս գալու ճանապարհին, իսկ Ղուկասը[9] միայն մի կույրի մասին է հիշատակում, դա էլ՝ Երիքովին մոտենալիս, և այլն։

Տարբերություններն ավելի են շեշտվում, երբ երեք համատես Ավետարանները Հովհաննեսի Ավետարանի հետ ենք համեմատում։

Ահա՛ մի քանի նմուշ։

Չորս Ավետարաններն էլ հիշատակում են Հիսուսի ձեռամբ Տաճարից վաճառականներին վտարելու միջադեպը։ Հովհաննեսի համաձայն՝ այդ դեպքը պատահել է Հիսուսի քարոզչության սկզբում։ Մյուս երեք Ավետարանիչներն այն զետեղում են Հիսուսի կյանքի վերջին շրջանում։

Հովհաննեսը չորս անգամ պատմում է Հիսուսի Երուսաղեմ գնալու մասին, մինչդեռ համատես Ավետարաններում Հիսուսը մեկ անգամ է Երուսաղեմ գնում։

Դարձյալ, Մատթեոսի[10] համաձայն՝ Հիսուսի դատավարությունը տեղի է ունենում Կայիաֆաս քահանայապետի մոտ, Հովհաննեսը[11] Կայիաֆասի փոխարեն Աննաս քահանայապետին է հիշատակում, և այլն։

Այս և նման տարբերությունների հանդիպելիս մի շարք բանասերներ դժվարանում են Ավետարաններին պատմական արժեք տալ։

Երկրորդ դարում արդեն Տացիանոսը, իսկ ավելի ուշ՝ Սուրբ Օգոստինոսը և այլոք, անդրադարձել են Ավետարաններում հանդիպող վերոհիշյալ տարբերություններին, և ջանացել են տրամաբանական լուծում տալ դրանց։

Սուրբ Օգոստինոսից հետո Սուրբ Հայրերն ու Աստվածաշնչի մեկնիչները մինչև այսօր շարունակում են առավել կամ հաջող բացատրություններով հաշտեցնել Ավետարաններում հանդիպող տարբերակները։

Ամեն պարագայում, վերոհիշյալ տարբերությունները ցույց են տալիս, որ Հիսուսի կենսագրությունն օրեցօր չի գրի առնվել։

Հիսուսի մահվանից հետո մի շրջան Ավետարանը բանավոր քարոզվեց Առաքյալների ու աշակերտների կողմից։

Հիսուսն Առաքյալներին ասել էր. «Գնացե՛ք, ուրեմն, աշակերտ դարձրե՛ք բոլոր ազգերին ... ։ Սովորեցրե՛ք նրանց պահել այն, ինչ որ ձեզ պատվիրեցի»[12]։

Հիսուսի հրահանգն էր Ավետարանը քարոզել։ Հետո է, որ Ավետարանը գրի առնելու կարիքը զգացվեց։

Հետևաբար, առաջին շրջանում Առաքյալների քարոզչությունը կարելի է «բանավոր Ավետարան» անվանել։

Սակայն, բանավոր ասված խոսքերը և պատմությունները բնականաբար ավելի են ենթակա փոփոխություններ կրելու, քան գրավորները։

Ինչպես ասացինք նախորդ գլխում, Քրիստոսի Առաքյալներն ու աշակերտները լինելով քարոզիչներ՝ ունկնդիրներին, միջավայրին և ժամանակին հարմարվելով՝ ընդլայնում էին կամ համառոտում էին Հիսուսի խոսքերը, Նրա գործերի ու հրաշքների նկարագրությունը։

Բնական է, որ Առաքյալներն իրենց խառնվածքին, նախասիրություններին համաձայն էին որևէ մի դեպք ավելի մանրամասնորեն պատմում կամ փոփոխում էին դեպքերի ժամանակագրական կարգը՝ դրանք ներկայացնելով իրար հետևից, օրինակ, Հիսուսի զանազան հրաշքները, որոնք տարբեր վայրերում և տարբեր ժամանակներում են տեղի ունեցել։ Նրանք կարող էին զանց առնել Հիսուսի այսինչ գործը կամ խոսքն այնպես, ինչպես իրենք էին հարմար դատում։

Առաքյալները նույն կերպ չէին խոսում, անշուշտ, հրեաների և հեթանոսների, տգետ ժողովրդի և ուսյալների հետ։ Պողոս Առաքյալը բոլորովին ա՛յլ ոճով է գրում հռոմեացիներին, ովքեր մտքի որոշակի զարգացում և քաղաքակրթություն ունեին, քան գաղատացիներին կամ կորնթացիներին։

Պետք է հավելենք, որ առաջին քրիստոնյաների հավատքն ավետարանական ճշմարտության վրա էր հիմնված։ Պողոս Առաքյալն ավախորեն և վստահ շեշտով գրում է. «Եթե Քրիստոսը հարություն չի առել, ձեր հավատքն անիմաստ է»[13]։ Նա կամենում է ասել, որ եթե Հիսուսի հարությունը սուտ է, առասպել է, ուրեմն ընդունայն է նաև ձեր հավատքը։

Հետո, ինչպես նախապես տեսանք, Առաքյալների քարոզչությունը կազմակերպված էր։ Նրանք աչալուրջ հսկում էին, որ Քրիստոսի վարդապետության մեջ սխալ գաղափարներ չսպրդեն։

Արդ, այսպիսի կազմակերպված և հակակշռված քարոզչությունը մեզ մեծ վստահություն է ներշնչում, որ Ավետարանի առաջին քարոզիչները եղել են իրենց տեսածի ու լսածի հավատարիմ և խղճամիտ փոխանցողները։

Սրանցից բացի, պետք է հաշվի առնել մի կարևոր կետ ևս, որ է՝ Առաքյալներն Ավետարանը նախ քարոզել են հրեական շրջանակներում, որտեղ գոնե այդ շրջանում ավանդությանը մեծ կարևորություն էր տրվում։

Հրեան իր ողջ կյանքի ընթացքում զանազան ավանդությունների էր կապված։ Նա մոլեռանդության հասնող հավատարմությամբ պահում էր պապենական սովորություններն ու բարքերը։ Այսպես, հրեաներն անդրանիկ մանկանը թլպատում էին ծնվելուց ութ օր հետո, քառասուն օր հետո տաճար տանելով՝ մի զույգ տատրակ էին ընծայում՝ համաձայն Տիրոջ Օրենքին։ Նրանք ուտելուց առաջ պետք է ձեռքները լվանային, որոշված պահքերն ու ծոմերը պահեին, և այլն։

Առաջին քրիստոնյաներն էլ շատ կապված էին Ավանդությանը։ Պողոս Առաքյալը հաճախ է հորդորում հավատացյալներին, որ պինդ կառչած մնան ավանդություններին. «Հատատուն եղեք և լավ պահեցեք ավանդությունները»[14]։

Դարձյալ Պողոս Առաքյալն է, որ կորնթացիներին գրում է, թե մենք Քրիստոսի ծառաներն ենք, մատակարարներն աստվածային խորհուրդների. «Արդ, ինչ որ պահանջվում է մատակարարներից, հավատարիմ լինելն է»[15]։

Ավանդություններին պինդ կառչած հավաքականության մեջ, որի ղեկավարներն իրենց վստահված պաշտոնին «հավատարիմ» նախարարներն են, դյուրին կերպով փոփոխություններ, գոնե էական փոփոխություններ չեն կարող տեղի ունենալ։

Կարելի է ապահով լինել, որ մինչև Ավետարանների գրի առնվելը միևնույն Առաքյալները միևնույն վարդապետությունը, միևնույն Ավետարանն են քարոզել ամենուրեք։

[1] Ղկս 11, 1-4
[2] Մտթ 6, 7-13
[3] Մտթ 6, 9-13
[4] Մտթ 26, 69-74
[5] Մրկ 14, 70
[6] Մտթ 5, 3-12
[7] Ղկս 6, 20-26
[8] Մտթ 20, 29-30
[9] Ղկս 18, 35
[10] Մտթ 26, 54
[11] Հվհ 18, 13
[12] Մտթ 28, 19-20
[13] 1Կր 15, 17
[14] 2Թղ 2, 15
[15] Ղկս 1, 1
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։