Երկրորդ Ավետարանի հեղինակը Մարկոսն է – Գրադարան – Mashtoz.org

Երկրորդ Ավետարանի հեղինակը Մարկոսն է

Եկեղեցական հին մատենագիրները բացարձակ միաձայնությամբ որպես երկրորդ Ավետարանի հեղինակ ընդունում են Մարկոսին՝ Պետրոս Առաքյալի աշակերտին։

1. Պապիասն (130-159) առաջին վկայողն է, որ երկրորդ Ավետարանը Մարկոսն է գրել։

Ահա՛ Պապիասի խոսքերը, որոնք Եվսեբիոս Կեսարացու միջոցով են մեզ հասել. «Եվ այս երեցը (Հովհաննեսը) ասում էր. Մարկոսը՝ Պետրոսի թարգմանիչը, Տիրոջ թե՛ արածները և թե՛ ասածները ճշգրիտ կերպով գրեց, բայց ո՛չ նույն հերթականությամբ, այլ՝ ինչ որ հիշում էր»[1]։

Մասնավոր ուշադրության է արժանի այն փաստը, որ Պապիասը Մարկոսի մասին տեղեկությունները վերցրել է Հովհաննես անունով մի երեցից։ Մի շարք ուսումնասիրողների համաձայն՝ վերոհիշյալ երեցը Հովհաննես Առաքյալն է։ Եթե այս կարծիքը ճիշտ է, ապա Պապիասի վկայությունը մեր համար ավելի ծանրակշիռ արժեք է ստանում։ Ամեն դեպքում, Պապիասի հիշատակած երեցը, եթե անգամ Հովհաննես Առաքյալն էլ չլինի, այլ՝ Առաքյալների աշակերտ՝ բոլորովին ուրիշ մեկը, միևնույնն է, այս վկայությունը մնում է շատ արժեքավոր, քանի որ այն հին է և Առաջին դարից է գալիս։

2. Իրենեոսի (115-202) վկայությունն էլ շատ հստակ է. «Մարկոսը՝ Պետրոսի աշակերտն ու թարգմանիչը, ինքը ևս մեզ գրավոր փոխանցեց Պետրոսի քարոզները»[2]։

3. Կղեմես Ալեքսանդրացին էլ (150-215) մի քանի մանրամասնություններ է տալիս Մարկոսի Ավետարանի մասին։

Ահա՛ նրա ասածները. «Պետրոսը, երբ Հռոմում հրապարակավ Աստծո խոսքն էր քարոզում և Սուրբ Հոգով Ավետարանն էր պատմում, շատերը, ովքեր ներկա էին, խնդրեցին Մարկոսին, ով սկզբից Պետրոսին հետևել էր և նրա ասածները հիշում էր, Առաքյալի քարոզածները գրի առնել։ Մարկոսն Ավետարանը շարադրեց և խնդրողներին հանձնեց»[3]։

4. Որոգինեսը (185-254) գրում է, որ Ավետարաններից «երկրորդը՝ Մարկոսինը, որ Պետրոսի քարոզածների համաձայն շարադրեց»[4]։

Վերը նշվածներին կարող ենք ավելացնել նաև Տերտուղիանոսի, Եվսեբիոս Կեսարացու, Հերոնիմոսի, Եպիփան Կիպրացու, Օգոստինոսի և այլոց վկայությունները, սակայն այսքանն էլ բավարար ենք համարում՝ համոզվելու համար, որ երկրորդ Ավետարանը Մարկոսի գրչին է պատկանում։

[1] Եվսեբիոս Կեսարացի, Եկեղեցական Պատմություն, Դպր. Գ., էջ 231.
[2] Իրենեոս, Ընդդեմ հերետիկոսությունների, III, I, 1.
[3] Եվսեբիոս Կեսարացի, Եկեղեցական Պատմություն, Դպր. Զ., էջ 450.
[4] Եվսեբիոս Կեսարացի, Եկեղեցական Պատմություն, Դպր. Զ., էջ 472.
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։