Ավետարանները պատմական գրքեր են – Գրադարան – Mashtoz.org

Ավետարանները պատմական գրքեր են

Ավետարանների պատմական գրքեր լինելու ավանդական փաստարկությունը հետևյալն է։

Գիրքը պատմական արժեք ունի, երբ.

ա) այդ գրքի հեղինակն իր գրած պատմությանը տեղյակ է.

բ) երբ նույն հեղինակը մտադիր է եղել իրական պատմություն գրել և ո՛չ թե առասպել։

Նախ, ընդլայնենք մեր փաստարկության առաջին պարբերությունը։

Ավետարանիչները տեղյակ էին Հիսուսի կյանքին, գործերին և խոսքերին։

Հովհաննես Ավետարանիչն իր գրածների ականատեսն ու ունկնդիրն է, ինչպես նաև Մատթեոսը, որի անվամբ մեզ հասած Ավետարանը, թեև ավելի ուշ կատարված խմբագրություն է, սակայն որպես հիմք ունի արամայերեն լեզվով գրված մի հին Ավետարան։ Մյուս Ավետարանիչները՝ Մարկոսը և Ղուկասը, Առաքյալների անմիջական աշակերտներն էին։ Ավետարանիչներն ունեին նաև ա՛յլ աղբյուրներ, որոնցից շատ լավ կարող էին օգտվել, օրինակ՝ Հիսուսի Մայրը՝ Մարիամը, Հովսեփ Արիմաթեացին, Նիկոդեմոսը և ա՛յլ ականատես վկաներ։

Գիտենք, որ Երուսաղեմում Մարկոս Ավետարանչի տունը Առաքյալների և առաջին քրիստոնյաների համար հավաքատեղի է եղել, որտեղ եկեղեցական պաշտամունքն էին կատարում և Հիսուսի մասին խոսակցություններ էին վարվում, որոնց ներկա է գտնվել Մարկոսը և շատ բան է սովորել։ Մի կողմ թողնենք այն փաստը, որ Մարկոսը երկար ժամանակ աշակերտել է Պետրոս Առաքյալին, որի քարոզչությունն էլ գրի է առել։

Ղուկաս Ավետարանիչը եղել է Պողոս Առաքյալի աշակերտը, տեսել է Մարիամ Աստվածածնին և շատ հավանաբար նրանից է լսել հրեշտակի Ավետման, Եղիսաբեթին այցելության, Հիսուսի ծննդյան մանրամասնությունները, Հիսուսի թլփատության, քառասնօրյա տաճար այցելության, տասներկու տարեկանում տաճարում կորչելու և ա՛յլնի մասին։

Այժմ անդրադառնանք երկրորդ պարբերությանը, այն է, որ Ավետարանիչները ցանկացել են իրական պատություն գրել և ո՛չ թե առասպելներ։

Ավետարանիչների նպատակն էր ավետել Մեսսիայի գալուստը ո՛չ միայն հրեաներին, այլ՝ ամբողջ աշխարհին։

Նրանք որևէ պատճառ չունեին սուտ պատմություններով մարդկությանը խաբել և մի նոր վարդապետություն տարածել։ Իրենց ո՛չ շահ, ո՛չ պատիվ և ո՛չ էլ հարստություն կարող էր գալ՝ ժողովրդին ներկայացնելով Հիսուսին, ով հրեաների կողմից ատելության էր արժանացել, և որի վարդապետությունն տհաճ էր հաճոյամոլ մարդկանց։

Հիսուսի քարոզած կրոնը խիստ էր և մեղքերի համար սահմանված պատիժները՝ սոսկալի։ Դժոխքի հավիտենական կյանքն էր չզղջացող մեղավորների վախճանը։ Քիստոնեական կրոնը մահացնում էր մարդկային եսասիրությունն ու զգայասիրությունը։

Մի այսպիսի կրոն տարածելով՝ Քրիստոսի աշակերտներին ո՛չ թե փառք և հարստություն էր սպասվում, այլ՝ հալածանք, տանջանք և մահ։

Անշուշտ, քրիստոնեությունը տարածելու համար տրամաբանական պիտի լիներ, որ Ավետարանիչները մի տարբեր կրոն ներկայացնեին, ինչը հագեցում կտար մարդկային կրքերին, ավելի մատչելի և հաճելի լիներ։

Բայց Ավետարանիչները նման բան չարեցին, որովհետև իրենց նպատակն էր միմիայն ճշմարտությունը գրել։

Դարձյալ, անըմբռնելի պիտի լիներ, որ Քրիստոսի վարդապետությունը տարածողները սուտ պատմություններ հնարեին հետևորդներ շահելու համար, այն դեպքում, երբ սուտը դատապարտելի արարք է նույն վարդապետության համաձայն, մի սուտ, ինչը մարդկանց պիտի ծանր մեղքի մղեր, որն է՝ կռապաշտության՝ իբրև Աստված մարդուն պաշտել տալով։

Հետևաբար, Ավետարանիչները ո՛չ միայն չէին ցանկանում, այլ նաև՝ չէին կարող ստել, կեղծել Քրիստոսի վարքը, քանի որ տակավին բավականին ականատես վկաներ կային, որոնք իրականությանը տեղյակ լինելով՝ անմիջապես պիտի հակազդեին և սուտը մեջտեղ պիտի հանեին։ Ամենից առաջ հրեաները, ովքեր Քրիստոսի և Նրա վարդապետության ոխերիմ թշնամիներն էին, պիտի խայտառակեին և ծաղրի առարկա դարձնեին Ավետարանները։

Նմանապես, այդ ստերին պիտի ընդդիմանային առաջին քրիստոնյաները, ովքեր քաջատեղյակ էին Քրիստոսի կյանքին, գործերին և խոսքերին։

Առաքյալները և առաջին քրիստոնյաներից շատերը ո՛չ միայն ծանր հալածանքների, զրկանքների ենթարկվեցին, այլ նաև՝ իրենց արյունը հեղեցին քրիստոնեության ճշմարտության համար։

Սուտ և շինծու բաների համար արյուն հեղելը խելագարի գործ է։ Բայց աստեղ խոսքը ո՛չ թե մեկ հոգու մասին է, այլ՝ տասնյակ ու հարյուրավոր, ապա նաև հազարավոր մարտիրոսների, ովքեր իրենց արյան հեղմամբ փաստել են իրենց վկայության ճշմարտացիությունը։

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։