ՀԵՂԻՆԱԿԸ – Գրադարան – Mashtoz.org

ՀԵՂԻՆԱԿԸ

Վենետիկի Մխիթարյան Միաբանության անդամ Հայր Եփրեմ Վարդապետ Տեր-Ղազարյանը ծնվել է Մարաշում, 1920 թվականի Մայիսի 12-ին։

Ընտանիքը հրաշքով փրկվել է Մարաշի ջարդերից և հաստատվել է Դամասկոսում, ուր նախ հաճախել է Ազգային Վարժարանը, իսկ հետո ուսումները շարունակել է Հիսուսյան Միաբանությանը պատկանող Հայ-Ֆրանսիական Վարժարանում։

Հոր վաղահաս մահը պատճառ է հանդիսանում, որ վերջնականորեն թողնեն Դամասկոսը և տեղափոխվեն Հալեպ, հաստատվելով ավելի հայաշատ միջավայրի մեջ։ Եվս մեկ տարի տեղի Հիսուսյան Վարժարանը հաճախելուց հետո, 1933 թվականին Բեյրութի նավահանգստից նավով մեկնում է Վենետիկ, որպես Մխիթարյան Վարժարանի սան։

Սուրբ Ղազարի Մայրավանքում փայլուն հաջողությամբ լրացնում է դպրոցական ուսումները և 1940 թվականի աշնանը, ուրիշ երեք ընկերների հետ միասին, մեկնում է Հռոմ, ուր սկսում է համալսարանական ընթացքը։ Գերազանց թվանշաններով ավարտելով փիլիսոփայական ու աստվածաբանական ուսումները, 1946 թվականի Սեպտեմբերի 8-ին՝ Սուրբ Աստվածածնի Ծննդյան տոնի օրը, Սուրբ Ղազարի Մայրավանքի եկեղեցում ձեռնադրվում և օծվում է կուսակրոն քահանա։

Սկսվում է Հայր Եփրեմ Տեր-Ղազարյանի կրթական առաքելությունը. նա 1947-1956 տարիներին պաշտոնավարում է Հալեպի Մխիթարյան Վարժարանում, ապա անցնում Եգիպտոս, ապա Փարիզ։ 1976 թվականին վերադառնում է Հալեպ և համառ ջանքերով կրկին բացել է տալիս Մխիթարյան Վարժարանի դռները, որոնք 9 տարի փակ էին մնացել պատերազմի ու քաղաքական անցուդարձերի պատճառով։

1964-1967 թվականներին վարել է «Բազմավէպ» հանրածանոթ հանդեսի խմբագրի պաշտոնը։

1972 թվականին, Ամենայն Հայոց Կաթողիկոս Վազգեն Առաջինի հրավերով, հաստատվում է Սուրբ Էջմիածնում, ուր աստվածաբանություն է դասավանդում քահանայության պատրաստվող սարկավագներին։

Ապա կրկին վերադառնում է Հալեպ, ուր շարունակում է իր կրթական ու գրական գործունեությունը։

Հայր Եփրեմ Տեր-Ղազարյանը հեղինակն է մի շարք աշխատությունների. «Թափառող ալիքներ» (Վենետիկ 1951), «Դէպի Աղբիւրը Լոյսի» (Վենետիկ 1953, 1991), «Բառարան Ֆրանսերէն-Հայերէն» (Վենետիկ 1956, 1983), «Ես Եմ Լոյս Աշխարհի» (Վենետիկ 1988), «Յուշամատեան 50ամեակ՝ 1936-1986» (Վենետիկ 1990), «Գանձարան 3300 իմաստուն խօսքերու» (Վենետիկ 1992)։

Վաստակաշատ Վարդապետը հավիտենական կյանք մուտք գործեց 1993 թվականի Դեկտեմբերի 8-ին, Սուրբ Աստվածածնի Անարատ Հղության տոնի օրը։

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։