Միջավայր – Գրադարան – Mashtoz.org

Միջավայր

«Միջավայր» (Sitz im Leben) ասելով՝ ձևաբանները (ֆորմալիստները) հասկանում են քրիստոնյա այն առաջին հասարակությունը, որտեղ ծնունդ են առել և աճել են Ավետարանների նախատարրերը։

Միջավայրն էլ իր ազդեցությունն է բերել գրական սեռերի կազմության վրա։

Միշտ, համաձայն ձևաբանների, քրիստոնյա առաջին միջավայրը, որտեղ կազմվել են ավետարանական զանազան տարրերը, հարևնման է առասպելներին ծնունդ տվող միջավայրերին։

Ավետարանների նախանյութերը, լինելով բանավոր, ենթարկվել են փոփոխությունների, կրել են այլազան ազդեցություններ և մասամբ հեռացել են իրենց սկզբնական հարազատությունից։

Ավետարանական հին ավանդությունն, ուրեմն, աստիճանաբար ճոխացվել է նորանոր տարրերով, որոնք հավատացյալների ստեղծագործ երևակայության և միջավայրի ազդեցության արդյունք էին։ Կրոնական ազդեցությունն էլ ո՛չ միայն պաղեստինյան է, այլ նաև՝ հելլենական։

Ձևաբանների համաձայն՝ Առաքյալները, ինչպես նաև առաջին քրիստոնյաները, պատմական դեպքերով և տվյալներով այնքան չէին հետաքրքրվում, որքան հավատքով։

Հավատքը և պատմությունը, սակայն, ըստ ձևաբանների, իրար հետ անհաշտ տարրեր են։ Հավատացյալը և պատմաբանը իրենց հետաքրքրող իրադարձությունների նկատմամբ իրարից տարբեր դիրքորոշում ունեն։ Մի խոսքով, հավատքի ակնոցը պատմության ակնոցից տարբեր է։

Ուստի, ավելորդ է Ավետարաններում ստույգ պատմական դեպքեր, ժամանակագրություն և տեղադրություն փնտրել, ըստ իրենց։

Հիսուսի իրական կենսագրությունը չէ, որ Ավետարանիչները տվել են մեզ, այլ՝ Հիսուսի շուրջ հյուսված երևակայածին և հրաշապատում առասպելներ։

Բուլթմաննը հայտնապես հայտարարում է, որ Հիսուսին վերագրված հրաշքները սոսկ շինծու հորինվածքներ են, քանի որ որևէ լուրջ պատմագետ չի կարող հրաշքի գոյությունն ընդունել։

Եվ ի վերջո, միշտ ըստ ձևաբանների, Ավետարաններում պակասում են նաև նյութերի ամբողջականությունն ու, քիչ բացառությամբ, նաև՝ հաջորդականությունը։

Ամփոփելով ասենք, որ ձևաբանների համաձայն՝ Ավետարանները «խճանկարներից» պատրաստված նկարների են նմանվում, որի զանազան մասերը պատրաստվել և կազմավորվել են իրարից անկախ, տարբեր ժամանակների ընթացքում և տարբեր ազդեցությունների ներքո։

Ավետարանիչները, հետևաբար, Ավետարանների իրական հեղինակները չեն։ Նրանք ավելի ճիշտ՝ բանահավաքներ են, ովքեր կողք կողքի դնելով Հիսուսի կյանքին, խոսքերին և գործերին վերաբերող նյութերը, խմբագրել են Ավետարանները։

Մյուս կողմից, սակայն, միևնույն ձևաբանները հավաստում են, թե «գրական քննադատություն» կոչված մեթոդի օգնությամբ կարելի է մաքրագործել Ավետարաններում հանդիպող խորթ տարրերը, մատնանշել օտար ազդեցությունները, ջնջել հրաշապատում առասպելները և սկզբնաղբյուրին հասնել, ուր ցոլում է Քրիստոսի հարազատ դիմագիծը։

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։