Չորրորդ Ավետարանի հեղինակը Հովհաննես Առաքյալն է – Գրադարան – Mashtoz.org

Չորրորդ Ավետարանի հեղինակը Հովհաննես Առաքյալն է

Իրենեուսի վկայությունը

Իրենեուսը՝ այժմյան Լիոն քաղաքի եպիսկոպոսը (այն ժամանակ Լուգդուն), 180-185 թվականներին գրած իր «Ընդդեմ հերետիկոսությունների» գրքում չորրորդ Ավետարանից մոտ ութսուն մեջբերումներ ունի, որոնց կողքին սովորաբար նախ ավելացնում է հեղինակի անունը՝ «Ինչպես որ Հովհաննեսը՝ Հիսուսի աշակերտն է ասում» բացատրությունը։

Դարձյալ Իրենեուսն իր վերոհիշյալ գրքում գրում է. «Հովհաննեսը՝ Տիրոջ աշակերտը, նա, որ գլուխը դրեց Նրա ուսին, ինքն էլ հրատարակեց իր Ավետարանը, երբ բնակվում էր Ասիայի Եփեսոս քաղաքում»[1]։

Իրենեուսի սույն վկայությունը մեր համար մեծ արժեք է ներկայացնում, որովհետև նա երիտասարդ հասակում աշակերտել էր Պոլիկարպոս Զմյուռնացուն (70-155), իսկ վերջինս էլ, իր հերթին, աշակերտել էր Հովհաննես Առաքյալին։

Ահա՛ Պոլիկարպոսի մասին Իրենեուսի խոսքերը. «Կարող եմ պատմել, թե երանելի Պոլիկարպոսը որտե՛ղ էր նստում խոսելու համար, ինչպե՛ս էր մտնում ու դուրս գալիս, ո՛րն էր նրա (կյանքի) նկարագիրը, նրա արտաքին տեսքը, նրա խոսքերը, որոնք ժողովրդին էր ուղղում, ինչպե՛ս էր խոսում Հովհաննեսի և Հիսուսին տեսած մյուս աշակերտների հետ ունեցած իր հարաբերությունների մասին, ինչպե՛ս էր հիշում նրանց խոսքերն ու գործերը, որոնք Տիրոջն էին վերաբերվում, [...] և թե ինչպե՛ս էր Պոլիկարպոսն այս ամենը ստացել Կյանքի Բանի [= Հիսուսի] ականատես վկաներից»[2]։

 

Կղեմես Ալեքսանդրացու վկայությունը

Արժեքավոր է նաև Կղեմես Ալեքսանդրացու (211-216) վկայությունը, որ պահպանվել է Եվսեբիոս Կեսարացու «Եկեղեցական պատմության» մեջ։

Ահա՛ Ալեքսանդրացու խոսքերը. «Իսկ Հովհաննեսը, երբ տեսավ, որ մյուս Ավետարանները մեր Տիրոջ մարմնավորման մասին են գրվել, իր աշակերտների հորդորներին հետևելով՝ նա ևս աստվածակիր ոգով հոգևոր Ավետարան գրեց»[3]։

Ուրեմն, ըստ Կղեմես Ալեքսանդրացու, ով մեզ ներկայանում է որպես եկեղեցական պատմության հմուտ մասնագետ, Հովհաննես Առաքյալը մյուս Ավետարանիչներից հետո է, որ գրել է իր Ավետարանը։

Կղեմես Ալեքսանդրացին չորրորդ Ավետարանը «հոգևոր» է կոչում՝ հակադրելով այն առաջին երեք Ավետարաններին, որոնք ավելի «մարմնավոր» բաների շուրջ են խոսում։

 

Ուրիշ վկայություններ ևս

Մուրատորի անունով գիտնականն Իտալիայի Միլան քաղաքի մատենադարանում մի պատառիկ է գտել, որ գրվել է Երկրորդ դարի վերջում՝ 180 թվականին։ Այս գրությունը պարունակում է այն գրքերի ցանկը, որոնք Հռոմի Եկեղեցին որպես Սրբազան Գրություններ էր գործածում։

Վերոհիշյալ ցանկում հիշատակվում է նաև Հովհաննես Առաքյալի կողմից գրված չորրորդ Ավետարանը։

Բանասերների մեծամասնության համաձայն՝ Մուրատորիի գրության մեջ թեև պատմական սխալներ կան[4], բայց այդ սխալները որևէ կերպ չեն նսեմացնում այն վկայությունը, որ Հովհաննես Առաքյալն է չորրորդ Ավետարանի հեղինակը։

Կան նաև Ավետարանների «Հակամարկիոնական» կոչված նախաբանները[5], որոնք հունարեն լեզվով գրվել են Երկրորդ դարի երկրորդ կեսին (160-180) և հետո թարգմանվել են լատիներենի։

Պատկառելի վաղեմություն ունեցող այս նախաբաններից Ղուկասի Ավետարանի նախաբանում գրված է. «Հովհաննես Առաքյալը Պատմոս կղզում Հայտնության գիրքը գրեց, հետո՝ Ասիայում գրեց Ավետարանը»։

Իսկ չորրորդ Ավետարանի նախաբանում հետևյալ տողերն ենք կարդում. «Հովհաննեսի Ավետարանը քարոզվեց և (Ասիայի) եկեղեցիներին տրվեց Հովհաննեսի կողմից, երբ նա դեռ ողջ էր, ինչպես Պապիաս Հերապոլսեցին՝ Հովհաննեսի ամենասիրելի աշակերտը, գրել է իր վերջին հինգ գրքերում»։

 

Ա՛յլ վկայություններ

Այստեղ արժե հիշատակել նաև մեծատաղանդ Որոգինեսի վկայությունը, որ բացահայտորեն գրում է. « ... Հովհաննեսի կողմից ավանդված Ավետարանը, որի իմաստը ոչ ոք չի կարող ըմբռնել, եթե ո՛չ նա, ով իր գլուխը կդնի Հիսուսի ուսին և Հիսուսի կողմից Մարիամին կընդունի, որպեսզի նա նաև ի՛ր մայրը լինի»։

Կարող էինք մեջբերել նաև Տերտուղիանոսի, Եպիփանի, Հերոնիմոսի և նման վստահելի ա՛յլ անձանց խոսքերը, ովքեր փարատում են չորրորդ Ավետարանի՝ Հովհաննես Առաքյալի գրչից ծնված լինելու մասին ամեն տարակույս։

Հակառակ եղած բանավեճերի ու առարկությունների, այսօր ուսումնասիրողների մեծամասնությունն ընդունում է, որ չորրորդ Ավետարանը՝ որպես Հովհաննես Առաքյալի գործ, հայտնի էր առնվազն Երկրորդ դարի երկրորդ կեսին։

[1] Ընդդեմ հերետիկոսությունների, III, 1, 1
[2] Եվսեբիոս Կեսարացի, Եկեղեցական պատմություն, 5, 20, 6-8.
[3] Նույն, 6, էջ 450-451.
[4] Մուրատորյան գրության մեջ ասված է, օրինակի համար, որ Հովհաննեսը չորրորդ Ավետարանը գրեց, երբ Տասներկու Առաքյալները դեռ ողջ էին։ Սա բացահայտ սխալ է, ինչն իրականությանը չի համապատասխանում։
[5] Donatien De Bruyne, Les plus anciens prologues latins des Evangiles, «Revue Bènèdictine», 1928, pp. 193-214; 1929, pp. 115-121.
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։