Էսսենականների ծագումը – Գրադարան – Mashtoz.org

Էսսենականների ծագումը

Էսսենականների ծագման մասին մասնագետները զանազան կարծիքներ են հայտնել։

Ոմանք նրանց հունական ծագում են տվել, մյուսները հույն փիլիսոփա Պյութագորասի (Ք.ա. 580-500) ուսմունքի ազդեցությունն են գտնում էսսենականների աղանդում, իսկ որոշներն էլ նրանց աղանդը ցանկանում են նույնացնել Ալեքսանդրիայում վանական կյանքով ապրող, Բայթուսյաններ կոչվող հունական աղանդի հետ։

Մի շարք ուսումնասիրողներ այս աղանդի ծագումը փնտրում են Հին Կտակարանում հիշատակված Մակաբայեցիների զինակից Հասիդիմ հրեա աղանդավորների մեջ։

Հին Կտակարանից գիտենք Մակաբայեցիների պատմությունը։ Նրանք իրենց առաջնորդի՝ Շմավոն քահանայապետի օրոք զորանալով, նախանձելի դիրքի էին հասել։

Պտղոմեոսը դավաճանությամբ խնջույքի է հրավիրում Շմավոնին և նրա զավակներին։ Ճաշից հետո, երբ հյուրերը գինովցած էին, իսկույն սպանել է տալիս թե՛ Շմավոնին և թե՛ նրա որդիներին ու ծառաներին (1Մկբ 16, 15-17)։

Այդ սպանդից ազատվում է միայն Շմավոն քահանայապետի կրտսեր զավակը՝ Հովհաննես Հիրկանուսը (Յոհանան Գիրհան), ով ճաշկերույթին չէր մասնակցել։

Պլինիուս Ավագը պատմում է, որ Հովհաննես Հիրկանուսի օրոք էսսենականները Մեռյալ Ծովի արևմտյան կողմերում, հրեական մի բերդի ավերակների վրա հիմնեցին մի վանք և սկսեցին բազմանալ[1]։

Քրիստոսից առաջ 31-34 թվականներին էսսենականները երկրաշարժի կամ հալածանքների պատճառով հեռացել էին Քումրանի շրջանից, բայց հետո իրենց նախկին բնակավայրերը վերադարձան։

Քրիստոսից հետո 66-70 թվականներին, երբ հրեաներն ապստամբեցին հռոմեացիների դեմ, հավանաբար էսսենականներն էլ մասնակցեցին ապստամբությանը և հռոմեական բանակներին պարտվելով՝ վերջակետ դրվեց նաև նրանց գոյությանը[2]։

[1] Պլինիուս Ավագ, Բնական պատմություն, Գիրք 5.
[2] Հովսեփ պատմիչի համաձայն՝ հյուսիս-արևմտյան հողամասի հրեական բանակի Հովհաննես զորավարն էսսենական էր։ Տե՛ս Հրեական պատերազմ, Գիրք 3, Գլուխ 5.
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։