Սատանաների մասին – Գրադարան – Mashtoz.org

Սատանաների մասին

Քրիստոնեական հավատքի անբաժանելի մաս է կազմում այն փաստը, որ Աստված մարդկանցից առաջ նաև հրեշտակներ է ստեղծել, որոնցից մի մասն իրենց ազատակամ ըմբոստության պատճառով դժոխքի, այսինքն՝ Աստծուց և Իր երանությունից բաժանված վիճակի են դատապարտվել։

Դատապարտված հրեշտակներին սատանա, դև անունն ենք տալիս, որոնք իմացականությամբ օժտված անմարմին էակներ են։

Ճիշտ է, որ Աստված սատանաներին որոշակի ազատություն է տվել, որպեսզի մարդկանց փորձեն և, եթե հնարավոր է, նրանց հոգիներին վնաս պատճառեն։ Դա արել է, որպեսզի մարդիկ էլ, իրենց հերթին, ազատ ընտրության հնարավորություն ունենալով, Աստծուն կամովին հարելով՝ հավիտենական արժանիք ու փառք կարողանան վաստակել։

Սատանան Հիսուսին էլ է փորձել. «Դրանից հետո Հիսուսը Հոգուց անապատ տարվեց՝ սատանայից փորձվելու։ Եվ քառասուն օր ու քառասուն գիշեր ծոմ պահեց, ապա քաղց զգաց։ Եվ փորձիչը՝ սատանան, մոտենալով նրան՝ ասաց. ''Եթե Աստծո Որդին ես, ասա՛, որ այս քարերը հաց դառնան''» (Մտթ 4, 1-3)։

Սատանաները մարդկանց թշնամիներն են, որովհետև իրենց ողջ էությամբ նախանձում են մարդկանց տրված հնարավորությանը՝ ժառանգելու Աստծո Արքայությունը և մարմնով ու հոգով բազմելու այն գահերի վրա, որոնք նախապես իրենցն էին, իրենց անկումից առաջ։ Պետրոս Առաքյալը սատանային շատ պատկերավոր է ներկայացնում՝ որպես մարդու ոխերիմ թշնամի. «Արթո՛ւն եղեք, հսկեցե՛ք, քանի որ ձեր ոսոխը՝ սատանան, մռնչում է առյուծի պես, շրջում և փնտրում է, թե ո՛ւմ կուլ տա։ Դիմադրեցե՛ք նրան՝ հաստատուն լինելով հավատի մեջ. իմացե՛ք, որ ձեր եղբայրներն էլ աշխարհում կրում են նույն չարչարանքները» (1Պտ 5, 8-9)։

Հիսուսը Վերջին Ընթրիքի ժամանակ ասաց Պետրոսին. «Սիմո՜ն, Սիմո՜ն, ահա՛ սատանան ուզեց ցորենի նման մաղել ձեզ։ Բայց ես աղոթեցի քո համար, որպեսզի քո հավատքը չպակասի, և դու, երբ վերադառնաս ինձ, հաստատի՛ր քո եղբայրներին» (Ղկս 22, 31-32)։

Պողոս Առաքյալն էլ իր հերթին սատանայից նեղություն է կրել։ Նա ինքն իր մասին ասում է. «Եվ որպեսզի այդ հայտնությունների առատությամբ չհպարտանամ, ինձ տրվեց մարմնի խայթոցը, սատանայի մի պատգամավոր, որ բռնցքահարի ինձ, որպեսզի չգոռոզամտանամ» (2Կր 12, 7)։

Հիսուսը սերմնացանի առակը բացատրելիս ասում է. « ... որոնք որ ճանապարհի եզերքին են ընկել, դա նրանք են, որ լսում են, բայց հետո սատանան գալիս հանում է խոսքը նրանց սրտից, որպեսզի չհավատան ու չփրկվեն» (Ղկս 8, 12)։

Հիսուսի ժամանակ Հրեաստանում բավական թվով դիվահարներ կային, մարդիկ, որոնց մեջ դև էր մտել և նրանց չարչարում էր։ Հիսուսն Իր աստվածային զորությամբ այդ դիվահարներից շատերին փրկեց սատանայի տիրապետությունից։

«Եվ մի շաբաթ օր Հիսուսն ուսուցանում էր ժողովարանում։ Եվ ահա՛ այնտեղ կար մի կին, որին չար դևը տասնութ տարի բռնած էր պահում. և կուչ էր եկել ու ամենևին վեր նայել չէր կարողանում։ Եվ Հիսուսը նրան տեսնելով՝ կանչեց իր մոտ և ասաց. ''Ո՜վ կին, բժշկված ես քո հիվանդությունից'' ... ։ Հիսուսն ավելացրեց. ''Սա Աբրահամի դուստր էր, որին սատանան ահա՛ տասնութ տարի է, ինչ կապել էր։ Արժանի չէ՞ր միթե շաբաթ օրով արձակել նրան կապանքներից''» (Ղկս 13, 10-16)։

Ուրեմն, սատանան ներկայանում է որպես մարդկության թշնամի։ Դրա համար պետք է նրա դեմ պայքարենք։

Պողոս Առաքյալը, հավատացյալներին ուղղելով իր խոսքը, ասում է. «Չեմ ուզում, որ դուք դևերին հաղորդակից լինեք» (1Կր 10, 20)։

Նույն հորդորը տալիս է նաև Հակոբոս Առաքյալը. «Հնազանդվեցե՛ք ուրեմն Աստծուն և դիմադրեցե՛ք սատանային, ու նա կփախչի ձեզնից» (Հկբ 4, 7)։ «Եվ խաղաղության Աստվածը շուտով պիտի խորտակի սատանային ձեր ոտքերի տակ» (Հռմ 16, 20)։

Ինչպես վերը բերված մեջբերումներից երևում է՝ սատանաները կարող են մոլորեցնել և վնասել մեր հոգիներին ու մարմիններին։ Մեզ մոլորեցնելու նպատակով սատանաները կարող են նույնիսկ զարմանալի գործեր կատարել, որոնք հնարավոր է հրաշքի հետ շփոթել։ Մոգերն ու կախարդները սատանաների միջոցով են մոգություններ արել։

Արդ, ինչպե՞ս պիտի զանազանենք ճշմարիտ հրաշքներն ու սատանայի գործերը կամ կախարդությունները։

Ինչպես լույսի և խավարի, բարության և չարության մեջ տարբերություն կա, այդպես էլ հրաշքի և սատանայի գործերի միջև տարբերություն գոյություն ունի։

Տեսանք, որ հրաշքը երբ աստվածային է, միշտ հոգևոր և օգտակար նպատակի համար է լինում։

Սատանան միշտ գործում է չարիք անելու համար։ Բոլոր կախարդություններն ու սատանայական գործերը միայն մեկ նպատակ ունեն՝ մոլորեցնել մարդկանց և նրանց մեղքի մեջ ներքաշել, որպեսզի հոգիները կորստյան մատնվեն։

Աշխարհի վերջում էլ Նեռը՝ սատանաների իշխանը, պիտի գա։ Հիսուսն ի սկզբանե զգուշացնում է մեզ՝ ասելով. «Սուտ քրիստոսներ և սուտ մարգարեներ պիտի ելնեն և մեծամեծ նշաններ ու զարմանալի գործեր պիտի ցույց տան՝ Աստծո ընտրյալներին անգամ մոլորեցնելու աստիճան, եթե հնար լինի։ Ահա՛ ձեզ առաջուց ասացի» (Մտթ 24, 23-25)։

Ծառի լավ կամ վատ լինելն իր պտղից է ճանաչվում (Մտթ 12, 33)։ Հովհաննես Ավետարանիչը հետևյալ իմաստուն խորհուրդն է տալիս ամենքին. «Սիրելիներ, մի՛ հավատացեք ամեն մի հոգու, այլ՝ փորձեցե՛ք հոգիները, թե արդյոք Աստծո՞ւց են, որովհետև բազում սուտ մարգարեներ են երևան եկել աշխարհում։ Եվ մենք սրանո՛վ ենք ճանաչում Աստծո Հոգին. ամեն մի հոգի, որ դավանում է Հիսուս Քրիստոսին՝ մարմնով եկած, նա Աստծուց է։ Եվ ամեն մի հոգի, որ չի դավանում Հիսուս Քրիստոսին՝ մարմնով եկած, նա Աստծուց չէ։ Եվ այդ հոգին Նեռինն է» (1Հվհ 4, 1-3)։

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։