Պատմական շրջան – Գրադարան – Mashtoz.org

Պատմական շրջան

Ավետարանների պատմականությունն ավելի ևս է ամրապնդվում, երբ նկատի ենք առնում, որ դրանցում պատմված դեմքերն ու դեպքերը ներդաշնակորեն համապատասխանում են նույն շրջանի հրեա և օտար պատմիչների գրածներին։

Հիսուսն ապրեց մեզ քիչ թե շատ ծանոթ ժամանակաշրջանում։

Ավետարաններում հիշատակված Օգոստոս կայսրը, Ասորիքի կուսակալ Կյուրենիոսը, Հրեաստանի Հերովդես թագավորները, Պիղատոսը, Աննաս և Կայիաֆաս քահանայապետերը պատմական անձինք են, որոնց մասին հիշատակում են նաև հրեա և հռոմեացի պատմիչները։

Նույն բանը կարող ենք ասել Պաղեստինի քաղաքների, գյուղերի և ա՛յլ տեղագրական անունների համար։

Վերջին շրջանում եղած պեղումներն ավելի ևս հաստատեցին Ավետարաններում հիշատակված տեղանունների և դրանց աշխարհագրական դիրքերի ճշգրտությունը։ Այդ անուններն են՝ Կաֆառնաում, Էմմավուս, Բեթղեհեմ, Երիքով, Արիմաթեա, Բեթանիա, Բեթսաիդա, Բեթֆագե, Գեննեսարեթ, Նազարեթ, Էֆրաիմ, Գերգեսա, զույգ Կեսարիաները, Սամարիա, Նային, և այլն։

Վերջերս Երուսաղեմում գտնվեցին Պրոբատիկեի ավազանը և հինգ սրահները։

Վերոհիշյալ բացահայտումից առաջ շատ բանասերներ տարակույսներ ունեին Հովհաննես Ավետարանչի կողմից նկարագրված Պրոբատիկեի ավազանում բժշկվող հիվանդի պատմության վերաբերյալ։ Պեղումներից դուրս եկած այդ ավազանը հաստատեց Ավետարանչի նկարագրությունը։

Մի խոսքով, ներկայիս գիտությունն իր բոլոր նվաճումներով անհերքելիորեն փաստում է Ավետարանների պատմականությունը։

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։