էսսենականներն ու Հիսուսը – Գրադարան – Mashtoz.org

էսսենականներն ու Հիսուսը

Աստվածաշնչի մասնագետներից ոմանք էսսենականների և Քրիստոսի վարդապետությունների միջև գոյություն ունեցող նմանությունները տեսնելով՝ եզրակացրեցին, թե Հիսուսը ևս էսսենականների աղանդի անդամներից մեկն է եղել։

Այս կարծիքի գլխավոր պաշտպաններն են եղել Քրիստիան Գինսբուրգը[1], Դյուպոն-Սոմմերը[2], Ժոզեֆ Ռենանը[3], և այլոք։

Վերոհիշյալ բանասերների համաձայն՝ Հիսուսը 12 տարեկանից մինչև 30 տարեկանը ո՛չ թե Եգիպտոս, կամ ինչպես ուրիշներն էլ երևակայում՝ Հնդկաստան էր գնացել ուսանելու, այլ՝ իր ուսումը ստացել է Հրեաստանում՝ էսսենականների մոտ։

Ողջամիտ մասնագետների մեծամասնությունը, սակայն, այս անհիմն կարծիքին հակառակ է։

Ճիշտ է, որ Հիսուսն ուսանելու համար Պաղեստինից դուրս չի եկել, Նոր Կտակարանում և պատմության մեջ ո՛չ մի հետք չկա, որ կփաստի Հիսուսի՝ արտասահման մեկնելը։ Ընդհակառակը, ինչպես տեսանք, Հովհաննեսի Առաքյալի Ավետարանից գիտենք, որ երբ Հիսուսը սկսեց քարոզել, ժողովուրդը զարմացած հարցնում էր. «Սա հյուսն Հովսեփի որդին չէ՞», «որտեղի՞ց այսքան իմաստություն և զարգացում ունի, քանի որ բնավ չի ուսանել» (Հվհ 7, 14-15)։

Եթե Հիսուսն ուսանելու համար Եգիպտոս կամ Հնդկաստան գնացած լիներ, անպայման Իր առակներում կամ վարդապետության մեջ այդ երկրներում ստացած ուսման, դրանց բարքերից կամ իմաստուն խոսքերից որևէ հետք կնշմարվեր։

Հետո, հարկավոր է հաշվի առնել նաև, որ Հիսուսն Աստծո Որդի լինելով, ամեն բան գիտեր և կարիք չուներ դպրոց գնալու կամ որևէ գիտություն սովորելու։ Ավետարանից գիտենք, որ Հիսուսը 12 տարեկանում Երուսաղեմի տաճարում Իր գիտությամբ զարմացնում էր Իսրայելի քահանաներին ու քահանայապետներին։

Բնական է, որ Հիսուսը ծանոթացած լինի էսսենականների հետ, ովքեր տարածված էին ամբողջ Պաղեստինում։

Նմանապես անհնարին է մերժել, որ առաջին քրիստոնյաներից ոմանք էսսենական եղած լինեն կամ նրանց վարդապետությամբ սնված լինեն, բայց քաղաքական կամ ա՛յլ ձախորդությունների պատճառով հուսախաբված՝ հոժարակամորեն քրիստոնեությանն են փարվել՝ այնտեղ իրենց ակնկալությունների իրականացումը գտնելով։

Ճիշտ է, որ էսսենական և քրիստոնեական վարդապետությունների միջև նմանություններ կան։ Նմանությունը, սակայն, նույնություն չէ։

Լուրջ մասնագետների համաձայն՝ այդ նմանությունները Հին Կտակարանից են առաջ եկել։ Երկու վարդապետությունների աղբյուրը միևնույն Աստվածաշունչ Մատյանն է եղել։ Երկուսն էլ Հին Կտակարանից շատ բան են փոխառել։

Սույն նմանություններին առընթեր, սակայն, բավականին էական տարբերություններ կան։ Մեր այս աշխատության ծրագրերի մեջ չի մտնում երկար կանգ առնել այդ տարբերությունների վրա[4]։ Միայն ցանկանում ենք շեշտել, որ էսսենականներն ամբողջապես թրծված էին Հին Կտակարանի հոգեբանությամբ և մտածելակերպով։ Նրանք Քրիստոսի վարդապետության լուսաշող սկզբունքներից և դրա բարձր գաղափարների կատարելությունից տակավին շա՜տ հեռու էին։

[1] Քրիստիան Դեյվիդ Գինսբուրգ (Christian David Ginsburg, 1903-1990), անգլիացի աստվածաշնչագետ, մազորեթյան գիտնական, քրիստոնյա միսսիոներ, թարգմանիչ. – Ginsburg, The Essence. Their history and doctrines, 1864, p. 24.
[2] Dupont-Sommer, The Dead Sea scrolls, 1952, p. 98-100.
[3] Renan, Histoire du peuple d'Israël, 1887, p. 70.
[4] Էսսենականների վարդապետության մասին ավելի մանրամասն տեղեկություններ առնելու համար տե՛ս Բաբկեն վրդ. Թոփճյանի «Էսսենականները» խորագրով հատորը, տպ. Մոնրեալ 1987թ.:
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։