Հիսուսն իմաստուն է – Գրադարան – Mashtoz.org

Հիսուսն իմաստուն է

Հիսուսը բացառիկ իմաստություն է ցույց տալիս թե՛ Իր գործերով և թե՛ Իր խոսքերով։

Քննելով Հիսուսի կենսագրությունը՝ ամեն տեղ, ամեն ժամանակ Նրան տեսնում ենք հավասարակշիռ, ծանրախոհ մի անձ, որ լինի՛ լավ օրերում, լինի՛ վատ օրերում՝ պահում է Իր բարեխառն նկարագիրը։ Փոթորկոտ ծովի վրա, թե խաչի վրա՝ չարչարանքներ կրելիս, միշտ նույն բարի, հեզ Հիսուսն է, որի Անձից ցոլացող անմեղությունը զարմանք է պատճառում անգամ հենց Իր հակառակորդներին՝ Պիղատոսին ու փարիսեցիներին։

«Ամեն բան լավ արեց» Հիսուսը (Մրկ 7, 37), վկայում է ժողովուրդը։ Սրանից ավելի գեղեցիկ վկայություն չի կարող գոյություն ունենալ որևէ մի անձի համար։

Հիսուսի վարդապետությունը գերմարդկային իմաստության կնիքն է կրում։

Նրա բերանից դուրս եկած ամեն մի նախադասությունն իմաստության իսկական գոհար է։

Նրա բազմաթիվ առակները, ինչքան պարզ ու հասկանալի, նույնքան էլ խորն ու իմաստալի են։

Միայն Լեռան Քարոզը բավական է փաստելու համար, որ ո՛չ Նրանից առաջ, ո՛չ էլ Նրանից հետո, չի լսվել այնքա՜ն վարակիչ, այնքա՜ն հոգեպարար և մարդկային մտածելակերպն այդքա՜ն հեղաշրջող վարդապետություն։

Քսան երկար դարերի միջից Քրիստոսի դեմքը մնում է պայծառ, և խոսքն՝ ազդու։

Պաղեստինի մի անկյունում ապրած մի անհատ՝ նյութական, հոգեբանական, ազգագրական ու բարոյական բոլոր խոչընդոտներին հակառակ, նվաճեց աշխարհը։

Հանճարներ, գիտուններ, աշխարհակալներ, թագակիրներ ծնկի եկան և Հիսուսի առաջ խոստովանեցին իրենց ոչնչությունը։

Նա է Լույսի Աղբյուրը։

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։