Գլուխ ԺԹ. - Հիսուսի ծննդյան թվականը – Գրադարան – Mashtoz.org

Գլուխ ԺԹ. - Հիսուսի ծննդյան թվականը

Լինի՛ հռոմեական տիրապետության շրջանում, լինի՛ Քրիստոսից հետո մինչև Հինգերորդ դար, սովորաբար, տարիները հաշվվում էին՝ սկսելով Հռոմի հիմնադրումից, այսինքն՝ մեր քրիստոնեական թվագրությունից 753 տարի առաջ։

Առաջին անգամ Ք.հ. Վեցերորդ դարում Դիոնիսիոս Կրտսեր անունով մի կրոնավոր տարիները սկսեց հաշվել Հիսուսի ծննդից սկսած։

Դիոնիսիոսը Կյուրեղ Ալեքսանդրացու զատկական ցուցակները թարգմանելիս հաշիվներ անելով՝ Հիսուսի ծննդյան թվականը դրեց հռոմեական 754 թվականին։

Դիոնիսիոս Կրտսերից սկսված՝ տարիների քրիստոնեական թվարկումը հետզհետե տարածվեց ամենուրեք։

Սակայն Դիոնիսիոսն իր հաշիվներում սխալվել էր։ Հիսուսի ծնունդը ո՛չ թե հռոմեացիների 754 թվականին էր տեղի ունեցել, այլ՝ դրանից 6 կամ 7 տարի առաջ, այսինքն՝ Հռոմի հիմնադրումից 747 կամ 746 տարի անց և մեր այսօրվա թվականությունից 6 կամ 7 տարի առաջ։

Ահա՛ այն փաստերը, որոնք ցույց են տալիս Դիոնիսիոսի գտած թվականության սխալ լինելը։

Մատթեոս Ավետարանչի համաձայն՝ Հիսուսը ծնվել է Բեթղեհեմում, Հերովդեսի կենդանության օրոք։

Պատմությունից ստույգ կերպով գիտենք, որ Հերովդես թագավորը մահացել է հռոմեական 750 թվականին, Մարտի վերջին կամ Ապրիլի սկզբին, այսինքն՝ մեր թվականությունից 4 տարի առաջ։

Մյուս կողմից, գիտենք, որ Հիսուսն ընտանիքով Եգիպտոս է փախել և մի որոշ շրջան մնացել է այնտեղ, ըստ Ղպտի Եկեղեցու ավանդության՝ երեք ու կես տարի։

Վերևում ասվածներից հետևում է, որ Դիոնիսիոս Կրտսերը Հիսուսի ծննդյան թվականը սխալ է որոշել։

Ղուկաս Ավետարանիչը Հիսուսի ծննդյան թվականի վերաբերյալ ավելի հստակ և մանրամասն տեղեկություններ է տալիս։

Ղուկասի Ավետարանում կարդում ենք. «Այն օրերին Օգոստոս կայսեր կողմից հրաման ելավ՝ ամբողջ երկրում մարդահամար անելու համար։ Այս առաջին մարդահամարը տեղի ունեցավ, երբ Կյուրենիոսը կուսակալ էր Ասորիքում» (Ղկս 2, 1-2)։

Ղուկասը բացահայտ կերպով հաստատում է, որ Հիսուսը ծնվել է «առաջին մարդահամարի ժամանակ»։

Շփոթության դեմն առնելու համար անմիջապես ասենք, որ այդ շրջանում երկու անգամ է մարդահամար տեղի ունեցել, մեկը՝ Հիսուսի ծննդյան շրջանում, մյուսը՝ Հիսուսի ծննդից մոտ տասը տարի անց։

Նմանապես ասենք նաև, որ Կյուրենիոսը երկու անգամ է Անտիոքի կուսակալ եղել, և որ Պաղեստինն այդ ժամանակ Ասորիքի կուսակալությանն էր ենթակա։

Մարդահամարների գլխավոր նպատակներն էին՝ նախ ճշտել Հռոմի հպատակների քանակը, հետո ցանկագրել նրանց անշարժ ունեցվածքը, և դրա համաձայն՝ որոշել պետությանը վճարվելիք հարկերը։

Արդ, Կյուրենիոս կուսակալի առաջին պաշտոնավարության շրջանում առաջին մարդահամարը տեղի է ունեցել մեր թվականությունից 8 տարի առաջ և տևել է մեկ տարի։

Ահա՛, այդ շրջանում, այսինքն՝ մեր թվականությունից 7 տարի առաջ, ծնվել է Հիսուս Քրիստոսը։

Առ ի գիտություն հավելենք նաև, որ մի շարք գիտնականներ աստղագետներից Հիսուսի ծննդյան թվականը ցանկանում են ճշտել՝ հենվելով մոգերի տեսած աստղին։

Յոհան Կեպլերը[1] 1603 թվականի Դեկտեմբերի 16-ին նկատել է, որ Լուսնթագ (Յուպիտեր) ու Երևակ (Սատուրն) մոլորակները իրար վրա գալով՝ բացառիկ փայլ ունեցող աստղի երևույթ են ստանում։

Մեծ աստղագետի հաշվարկներով՝ սույն երևույթը երեք անգամ (Մարտի 29-ին, Հոկտեմբերի 3-ին և Դեկտեմբերի 4-ին) կրկնվել է մեր թվականությունից 7 տարի առաջ։

Վեռներ Կելլերը[2] և ա՛յլ գիտնականներ ենթադրում են, որ մոգերի տեսած փայլուն աստղը երկու մոլորակների միացումից առաջացած երևույթն է, ինչը որ տեսանելի է նաև Արևելքում։

Ավելի մանրամասնությունների մեջ մտնելով՝ Կելլերը փորձում է ապացուցել, որ երկու մոլորակների իրար վրա գալը, ինչպես վերևում ասացինք, երեք անգամ կրկնված լինելով, առաջին երևույթը տեսել են իրենց երկրում և դրանից հետո ճանապարհ են ընկել, և երբ Երուսաղեմ են հասել, երրորդ երևույթն է տեղի ունեցել, և մոգերն այս երևման ուղղորդմամբ են ճանապարհ ընկել դեպի Բեթղեհեմ։

Հետևաբար, վերոհիշյալ գիտնականները ցանկանում են եզրակացնել, որ Հիսուսը ծնվել է երկու մոլորակների միացման տարում, այսինքն՝ մեր թվականությունից 7 տարի առաջ։

Սակայն, եթե Մատթեոս Ավետարանչի պատմածին հետևենք, մոգերի տեսած աստղը որևէ կապ չի կարող ունենալ վերևում ասված զույգ մոլորակների երևույթի հետ։

Մատթեոսը հստակ կերպով գրում է. «Նրանք [մոգերը] երբ թագավորից լսեցին սա, գնացին։ Եվ ահա՛ այն աստղը, որ տեսել էին արևելքում, առաջնորդեց նրանց, մինչև որ եկավ կանգնեց այն տեղի վրա, ուր մանուկն էր» (Մտթ 2, 9)։

Մի աստղ, որ գալիս է և Հիսուսի գտնվելու վայրի վրա կանգ առնում, չի կարող մեր իմացած աստղերից մեկը լինել։ Այլ, ինչպես Սուրբ Հայրերն են մեկնաբանում, մոգերի տեսածը հրաշքի արդյունք է, որ կարող է հրեշտակ լինել, ով աստղի կերպարանքով մոգերին առաջնորդել է Հիսուսի ծնված տեղը։

Այստեղ հավելենք նաև, որ մասնագետներից ոմանք, ավելի առաջ գնալով, ցանկացան որոշել նաև Հիսուսի ծնված ամիսը կամ եղանակը։

Հիմնվելով Ղուկասի հետևյալ խոսքերի վրա. «Այնտեղ հովիվներ կային, ովքեր գիշերը բացօթյա պահպանություն էին անում իրենց հոտերին», ցանկանում են եզրակացնել, որ Հիսուսը ձմռանը չի ծնվել։

Պատասխանելով վերը հնչած կարծիք հայտնողներին, մասնագետներն ասում են, որ Պաղեստինում ձմռանն էլ են պատահում մեղմ գիշերներ, ուստի կարելի է այդ օրերին բացօթյա գիշերել։

Ամփոփելով ասենք, որ գիտնականները մեծամասնությամբ համաձայն են Հիսուսի ծնված տարվա շուրջ (այսինքն՝ մեր թվականությունից 7 տարի առաջ), իսկ անորոշություն տակավին տիրում է Հիսուսի ծնված ամսվա և օրվա շուրջ։

[1] Յոհան Կեպլեր (Johannes Kepler, 1571-1630), գերմանացի աստղագետ, տեսական աստղագիտության հիմնադիր
[2] Վեռներ Կելլեր (Werner Keller, 1909-1980), գերմանացի լրագրող, գիտահանրամատչելի մի շարք գրքերի հեղինակ, իրավագիտության դոկտոր
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։