- 01 - – Գրադարան – Mashtoz.org

- 01 -

Երբեք որևէ մարդ այնքան հակառակորդ չի ունեցել, որքան Քրիստոսը։ Երբեք որևէ կրոն այնքան հալածանքների չի ենթարկվել, որքան Քրիստոնեությունը։

Երկար պիտի լիներ այն բոլոր կարծիքների թվարկումը, որոնք դարերի ընթացքում հնչել են Հիսուսի և Ավետարանների վերաբերյալ։

Մեր նպատակից դուրս պիտի լիներ խոսել բոլոր մոլորյալների ու մոլորությունների, հերետիկոսների ու հերետիկոսությունների մասին, որոնք ի հայտ են եկել Քրիստոսի ժամանակվանից մինչ մեր օրերը։

Այստեղ, ընդհանուր ակնարկով, կջանանք ներկայացնել Քրիստոսի գլխավոր հակառակորդներին, ովքեր ժխտել են Նրա գոյությունը կամ մերժել են Նրա աստվածային ծագումը, որոնք ամբողջությամբ կամ մասամբ սխալ են հայտարարել Նրա վարդապետությունը։ Կանդրադառնանք այն բազմազան ու բացասական թյուր կարծիքներին, որոնք հնչել են Քրիստոսի և Ավետարանների հասցեին։

Քրիստոսի առաջին հակառակորդները եղան, անշուշտ, իր ժամանակակից հրեաները՝ փարիսեցիներն ու սադուկեցիները, ովքեր Նրան անվանում էին մոլորեցնող, որ դևերին իբր թե հանում էր «Բեհեղզեբուղի՝ դևերի իշխանի միջոցով» (Մտթ 12, 20)։

Պատմության մեջ հիշատակվող ամենահին անուններից մեկը՝ Կելսուսը, ով մոտ 180 թվականին հրատարակած իր մի ճառում Քրիստոսին համարում է Եգիպտոսում մասնագիտացած մոգ, որի հարությունը մի ցնորամիտ կնոջ՝ Մարիամ Մագդաղենացու վկայության վրա հիմնված առասպել է[1]։

Անկասկած, Կելսուսը ծանոթ է եղել մեր Ավետարաններին։ Նա քրիստոնյաներին ուղղելով իր խոսքն՝ ասում է. «Ձեր մասին ամեն ինչ գիտեմ»։ Պետք ասել, սակայն, որ Կելսուսն Ավետարաններից քաղել է միայն այն հատվածները, որոնք իբրև փաստ իր նպատակին էին ծառայում, այսինքն՝ Հիսուսի հոգեվարքը, մահը և մարդկային տկարություն ցույց տվող երևույթները, որոնք Աստծո համար անվայել էին համարվում։ Հավելենք նաև, որ նա, տեղ-տեղ Ավետարաններից վերցված տողերը խեղաթյուրելով՝ իր գրությանը հեգնական շեշտ է տվել։ Եվ իբրև եզրակացություն՝ Աստծո մարդանալու գաղափարն անհեթեթ նկատելով, քրիստոնյաներին հորդորում է, որ Քրիստոսի պաշտամունքը թողնեն և ընդունեն Հռոմեական Կայսրության կուռքերին։

Մեկ ա՛յլ հեթանոս գրող՝ Պորփյուրը (233-304), ով նոր-պլատոնական գաղափարներով տոգորված՝ Պլոտինոսի հետևորդներից էր, 15 մասերից կազմված իր «Ընդդեմ քրիստոնյաների» գրքում Քրիստոսի և քրիստոնյաների մասին է խոսում։ Նրա համաձայն՝ Ավետարանները լի են հակասություններով։ Նա ծաղրի առարկա է դարձնում Ավետարանների բովանդակությունը և մերժում է դրանց պատմականությունը։ Անհնարին է համարում, որ որևէ աստված կամենա մարդ լինել, չարչարվել, մահանալ և հարություն առնել։

Առաջին դարից սկսված, իրար հետևից, բազմաթիվ աղանդներ ի հայտ եկան, այսպես՝ Էբիոնականները, ովքեր բուսակերության էին տրվել, Էնկրատյանները, Վալենտինյանները, Նաասսենյանները, Սաբելյանները, և այլն։

Երրորդ դարում հրապարակ է գալիս Պողոս Սամոսատցին իր հետևորդներով։

Չորրորդ դարում Եկեղեցին տակնուվար եղավ Արիոսի և արիոսականների աղանդով, ովքեր մերժում էին Քրիստոսի աստվածությունը։

Հետո եկան Մարկիոնն ու երևութականները, եկան Ապողինարը, Նեստորը, ովքեր նոր աղանդների սերմնացանները եղան՝ մերժելով Քրիստոսի մարմնի իրական լինելը, Քրիստոսի մարդկային բնության ամբողջականությունը և կամ մեկ անձի մեջ Քրիստոսի աստվածային և մարդկային բնությունների միությունը։ Եկավ Եվտիքեսը, ով մերժում էր զանազանություն դնել Քրիստոսի աստվածային ու մարդկային բնությունների միջև։

Հռոմեական անծայրածիր կայսրության կործանումից հետո Եկեղեցու ընդարձակ անդաստանում աղանդների նոր տատասկներ բուսնեցին, տեղի ունեցան հերձվածներ և նոր ձևի հալածանքներ։

Բարբարոսների և մահմեդականների հեղեղանման հորձանքների դիմաց Եկեղեցին ճգնաժամային պահեր ապրեց։

867 թվականին Բյուզանդիայի Փոտ Պատրիարքի սկսած հերձվածով ժամանակավորապես և 1054 թվականին Միքայել Ա. Կեռուզարիոս Պատրիարքով վերջնականորեն Բյուզանդական ավանդության համայնքները խզվեցին Արևմտյան Եկեղեցուց։

Տասնվեցերորդ դարում տպագրության և փորագրության գյուտերից հետո գիտությունը, գրականությունն ու արվեստը սկսեցին նոր թափով վերընձյուղվել։ Եվրոպան Վերածննդի դարաշրջան թևակոխեց։

Հորիզոնի վրա, սակայն, մրրիկների նոր ամպեր էին կուտակվում։ Կրոնական և քաղաքական նոր խմորումները սպառնում են Եկեղեցուն մեծ վնասներ հասցնել։ Արևմտյան Եկեղեցին ևս բաժան բաժան է լինում։ Մարթին Լյութերը 1517 թվականին «բարեներոգում» անվան տակ Գերմանիայում կրոնական անկախության դրոշ է պարզում՝ Հռոմեական Եկեղեցուց բաժանվելով։ Իսկ 1531 թվականին Անգլիայի Հենրի Ութերորդ թագավորն Ընդհանրական Եկեղեցուց բաժանվելով՝ հիմնում է Անգլիկան Եկեղեցին։

Վերոհիշյալ մեծ բաժանումներից հետո, ավելի ուշ շրջանում էլ քրիստոնյա աշխարհ նորանոր տեսություններ, կրոնական անհեթեթ գաղափարներ ներխուժեցին։ Տասնյոթերորդ դարում հետզհետե ծավալվող նոր գաղափարաբանությունները ընկերային վայրիվերումների և շատ անգամ նույնիսկ արյունալի դեպքերի պատճառ հանդիսացան։ Եվրոպան դարձավ կրոնական, իմաստասիրական ու գրական հոսանքների մի խառնարան։ Հինը քանդելու և նորը կերտելու մարմաջից մղված՝ շատերը ծայրահեղությունների գիրկն ընկան։ Չուշացավ ուրացումների շրջանը։ Եղան մարդիկ, ովքեր հանուն ազատության, հանուն մտքի անկախության և գիտության՝ ուրացան Աստծուն, ուրացան կրոնը, հոգին և հոգևոր արժեքները։ Քրիստոսն Իր ոխերիմ թշնամիներն ունեցավ։

Քրիստոնեությունը կործանելու աշխատանքն այժմ գիտական և մեթոդիկ ձև էր ընդունել։ Բանասերները, Աստվածաշնչի վայ մասնագետներն իրենց այլազան տեսությունները ջանում էին հիմնավորել գիտական և իրապաշտ փաստերով։

Կրոնական հողի վրա Հին և Նոր Կտակարանների ուսումնասիրության մի նոր դարաշրջան էր սկսվում։

Տասնյոթերորդ դարում ծայր առած Աստվածաշնչային պրպտումների գիտական շարժումը շարունակվում է մինչ օրս։

Կրոնի գերբնական ավանդությունների առաջին քանդողներից եղան անգլիացի Թոմաս Վուլսթընը[2] 1730 թվականին և Փիթըր Էննեթը[3] 1744 թվականին, որոնց համաձայն՝ գերբնական հայտնությունը մարդու բնական բանականության հետ է նույնանում։ Ուրանալով գերբնականը՝ նրանց նպատակն էր Ավետարանների միջից ջնջել հրաշքի գոյությունը։

Կործանարար աշխատանք տարավ նաև ֆրանսիացի Վոլտերը[4], ով իմաստակության սահմանները հասնող հեգնանքով ծաղրի առարկա դարձրեց կրոնը։ Նշանավոր են նրա «La bible enfin expliquée» - «Աստվածաշունչը վերջապես բացատրված»[5] (1776) և «Histoire de l'ètablissement du christianisme» - «Քրիստոնեության հիմնման պատմություն» (1777) հրատարակությունները, որտեղ նա Քրիստոսին խաբեբա է անվանում։

Քրիստոսի և Ավետարանների դեմ, սակայն, ամենալայնածավալ ու կազմակերպված, միաժամանակ ամենավնասակար գրական աշխատանքը տարվեց իլլումինիստական կոչված դպրոցին պատկանող հեղինակների կողմից։

Աստվածաշնչի մեթոդիկ ուսումնասիրությանը նվիրվող առաջին բանասերներից մեկն է Հերման Ռայմառուսը[6], ով «Աստծուն բանականությամբ երկրպագողների ջատագովություն» խորագրով մոտ 4000 էջանոց երկարաշունչ մի ուսումնասիրություն ունի։

Վերոհիշյալ երկը հենց հեղինակի կենդանության օրոք հրատարակված չլինելով՝ Գոթթհոլդ Լեսսինգն է, որ 1774-1778 թվականների ընթացքում այդ աշխատասիրությունից յոթը հատորներ հրատարակեց։

Ռայմառուսն իր այդ աշխատասիրության մեջ փորձում է ապացուցել, որ գերբնական ոչ մի բան չի կարող գոյություն ունենալ։ Նա դեմ է հանդես գալիս Հայտնության գրքին, հրաշքներին և Ավետարանների հրաշապատում բովանդակությանը։ Մասնավոր աշխատանք է տանում՝ գտնելու համար Հիսուսի իսկական դիմագիծը, որ ամբողջովին տարբեր է Ավետարաններում ներկայացված Հիսուսից։ Իր գլխավոր ջանքն է եղել զտելով ջնջել այն բոլոր տարրերը, որոնցով, ըստ իրեն, առաջին քրիստոնյաները զարդարել են պատմական Հիսուսի իրական դեմքը։

Քրիստոսը, - ասում է նա, - մի ամբոխավար է եղել, ով քաղաքական նպատակներից մղված՝ ցանկացել է Հռոմեացիների դեմ ժողովրդական ապստամբություն իրականացնել։ Սակայն Հիսուսն Իր քաղաքական հեղափոխության մեջ ձախողվելով՝ ձերբակալվել է և մահվան դատապարտվել։

Դարձյալ, միշտ ըստ Ռայմառուսի, Հիսուսի մահվանից հետո Նրա աշակերտները Հիսուսի կյանքին և գործունեությանը զուտ կրոնական երանգավորում տալով՝ գերեզմանից գողացել են Նրա մարմինը և ամեներուք տարածել են, թե Հիսուսը հարություն է առել։

Այսպիսի կամայական մեկնություններով Ռայմառուսի գործը թեև նորություններ էր բերում, սակայն, իրապաշտ և համոզիչ լինելուց զուրկ էր։ Ուստի, իր ժամանակաշրջանում ո՛չ միայն լուրջ հետևորդներ չունեցավ, այլ նաև՝ շատերի կողմից քննադատվեց։

Մեկ ա՛յլ բանասեր՝ Հայնրիխ Պաուլուսն[7] իր հրատարակած գրքերում՝ «Առաջին երեք Ավետարանների մեկնություն» (1800-1804), «Հիսուսի կյանքը» (1828), «Ձեռնարկ մեկնաբանության» (1830), ձգտում է հրաշքները բացատրել որպես բնականոն երևույթներ։ Նրա համաձայն՝ Ավետարաններում նկարագրված հրաշքներն իրականում զուտ սովորական դեպքեր են եղել. աշակերտներն են, որ այդ դեպքերին սխալ բացատրություններ տալով՝ դրանք իբրև հրաշք են ներկայացրել։

Մի քանի օրինակներ տանք։ Ճիշտ է, որ Հիսուսը կույրերի տեսողությունը վերականգնեց, բայց դա արեց ո՛չ թե հրաշքով, այլ՝ դեղորայքի միջոցով, ասում է նա։ Կամ. Հիսուսը ծովափով էր քայլում, սակայն առաքյալները կարծեցին, թե նա ջրի վրայով է քայլում։ Ղազարոսը մահացած չէր, այլ՝ քնած էր։ Հիսուսը նրան ո՛չ թե հարություն տվեց, այլ՝ պարզապես քնից արթնացրեց, և այլն։

Հեգելի գաղափարապաշտական (իդեալիստական) իմաստասիրության հետևորդ Դէվիդ Շտռաուսն[8] իր «Das Leven Jesu kritisch Bewertet» - «Հիսուսի կյանքը՝ քննադատորեն գնահատված» երկհատորյակով ցանկանում է ապացուցել, որ Ավետարանները «կրոնական առասպելների հավաքածու» են։

Շտռաուսը, ով նկարագրով ուղիղ և իրապաշտ մարդ էր, իրենից առաջ հայտնված մյուսների կարծիքներին կոմնակից չէր։ Ավետարանները մեկնաբանելու իր որդեգրած ուղին ամբողջովին հակառակ էր Պաուլուսի նախընտրած ուղուն։ Նա այսպես էր տրամաբանում. եթե Ավետարանները պատմական գործեր են, ուրեմն, այդ պարագայում հրաշքները չի կարելի Հիսուսի կյանքից տարանջատել։ Ընդհակառակն, եթե հրաշքն ու պատմությունն իրարամերժ տարրեր են, այնժամ Ավետարաններն այլևս չի կարելի որպես պատմական գրքեր ընդունել։

Շտռաուսի համաձայն՝ առասպելական է այն ամեն բան, որ բնական օրենքներին հակառակ է։ Հետևաբար, առասպելական պետք է նկատել հրաշքները, գերբնական երևույթները, մարգարեությունները, և այլն։ Ըստ նրա՝ առասպելական են նաև Ավետարաններում երևացող բանաստեղծական և հռետորական շնչով գրված մասերը, ինչպես նաև հակասական երևացող կետերը։

Շտռաուսն ընդունում է պատմական Հիսուսի գոյությունը, ով, սակայն, ամբողջովին տարբեր է Ավետարաններում նկարագրված Հիսուսից։ Ավետարանիչներն, - ասում է նա, - Հին Կտակարանում գտնվող մեսսիական գաղափարների և մարգարեությունների ազդեցության ներքո՝ ներկայացրել են առասպելախառն մի Հիսուս։

Շտրաուսը շարունակում է խորհրդածել. մեկ-երկու օրում առասպելը չի կարող ձևանալ։ Հիսուսի մասին հյուսված առասպելները երկար ժամանակ են գրվել՝ ձև ու մարմին առնելու համար։ Հետևաբար, Ավետարանները չեն կարող Հիսուսի մահվանից մեկ կամ երկու տասնյակ տարիներ հետո գրված լինել, այլ՝ ամենաշուտը Երկրորդ դարի վերջերին։

Մյուս կողմից, սակայն, Շտռաուսը, որպես ուղղամիտ մարդ, պատրաստ է ընդունելու իր կարծիքի սխալ լինելը, եթե լրջորեն ապացուցվի, որ Ավետարաններն Առաջին դարում են շարադրվել։

[1] Հարության փաստարկների վերաբերյալ տե՛ս մեր կայքում հրատարակված «Հիսուսի Հարության պատմական փաստերը» աշխատությունը։
[2] Թոմաս Վուլսթըն (Thomas Woolston, 1668-1733), անգլիացի աստվածաբան, կրոնական հեղինակ
[3] Փիթըր Էննեթ (Peter Annet, 1693-1769), անգլիացի դեիստ հեղինակ
[4] Վոլտեր (Voltaire, 1694-1778), ֆրանսիացի փիլիսոփա, բանաստեղծ, երգիծաբան, պատմաբան, հրապարակախոս
[5] Նկատելի է նման վայ գիտունիկների անսանձ գոռոզամտությունը, որով համոզված են, որ մինչև իրենց ի հայտ գալը մարդկությունը դեգերել է տգիտության խավարի մեջ, և «վերջապես» իրենց հրապարակ իջնելով հասել է լույսի ու ճշմարտության դարը, և այն էլ՝ լիակատար կերպով, այնպես՝ որ իրենցից հետո է՛լ ասելիք չի մնալու։
[6] Հերման Սամուել Ռայմառուս (Hermann Samuel Reimarus, 1694-1768), գերմանացի պատմաբան, բանասեր, լեզվաբան, Պետերբուրգի Գիտությունների Ակադեմիայի պատվավոր անդամ
[7] Հայնրիխ Էբերհարդ Գոթթլոբ Պաուլուս (Heinrich Eberhard Gottlob Paulus, 1761-1851), գերմանացի բողոքական աստվածաբան, բանասեր, լեզվաբան
[8] Դէվիդ Ֆրիդրիխ Շտռաուս (David Friedrich Strauss, 1808-1874), գերմանացի փիլիսոփա, աստվածաբան, գրող, հրապարակախոս
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։