Մոգություն (ֆեքիրություն, կախարդություն) – Գրադարան – Mashtoz.org

Մոգություն (ֆեքիրություն, կախարդություն)

Հիսուսի հրաշքների մասին խոսելիս հարմար ենք նկատում երկու խոսք էլ ասել մոգերի (ֆեքիրների, յոգերի) և նրանց կատարած գործերի մասին, քանի որ կան մարդիկ, ովքեր առարկում են՝ ասելով. «Հիսուսն ի՞նչ արեց տասներկու տարեկանից մինչև երեսուն տարեկան հասակը, քանի որ Ավետարաններում ոչ մի խոսք չկա այդ մասին։ Հնարավոր չէ՞, որ Հիսուսն այդ շրջանում Հնդկաստան գնացած լինի և այնտեղ մոգություն (ֆեքիրություն) սովորած լինի»։

Արժե այս առարկությունը լուսաբանել։

Ի՞նչ է ֆեքիրությունը՝ մոգությունը։

Ֆեքիրն արաբերեն բառ է, որ նշանակում է աղքատ։ Ֆեքիրները պատկանում են զանազան աղանդների, ճգնավորի նման մուրացիկներ են՝ առանց մնայուն բնակարանի, կիսամերկ և ժուժկալ, ընդհանրապես մուրացկանությամբ են ապրում, քաղաքից քաղաք են թափառում՝ քարոզելով, բանաստեղծություններ արտասանելով կամ հեքիաթներ պատմելով։

Նրանք ջանում են կատարելության հասնել՝ գլխավորապես մտածականով և տեսակ տեսակ ճգնություններով։

Եվրոպայում Ութերորդ դարում է, որ ֆեքիրների մասին սկսեցին ծանոթություններ հասնել, գլխավորապես Հնդկաստան այցելող ճանապարհորդների և քրիստոնյա քարոզիչների միջոցով։

Ֆեքիրները զանազան հատկությունների տիրանալով՝ զարմանալի գործեր են ցուցաբերում։ Այսպես, նրանք երկարատև մարզումներից հետո անզգայություն և անխոցելիություն են ձեռք բերում, որով կարող են առանց ցավի զգացում ցուցաբերելու պառկել փշոտ անկողնու վրա, այրվածքի դիմանալով՝ կրակի կամ երկաթյա փշերի վրայով քայլել։

Սրտի զարկերն ու շնչառությունը կանգնեցնելով՝ նրանք կարող են կարճ ժամանակով թաղված մնալ՝ որոշված ժամին հետ արթնանալու համար։

Նրանք ազդեցություն են գործադրում նյութական առարկաների վրա, օրինակ՝ ճոպանն օդում ձիգ կանգնեցնում են և վրան են մագլցում։

Ֆաքիրները կարող են ազդել նաև բուսական և կենդանական աշխարհի վրա, օրինակ՝ ձկների ձկնկիթն արագորեն աճեցնելով։

Նրանք զարգացած են ոգեհարցության (սպիրիտիզմի) մեջ և կարող են մահացածների հոգիներին խոսեցնել, և այլն։

Շուրջ մեկ դար առաջ ֆեքիրներից ոմանք գնացին եվրոպական քաղաքներ և այնտեղ հրապարակավ այնպիսի զարմանալի գործեր ցուցադրեցին, որոնք կարծես անհնարին էր բացատրել այդ ժամանակաշրջանի գիտությամբ։

Սակայն, շատ չանցած, եվրոպացի գիտնականները հասկացան, որ ֆեքիրների կատարած զարմանալի գործերը կարելի է բնական ուժերով բացատրել։

Տեսեք, թե ի՛նչ է այդ մասին գրել Պիեռ Լառուսսի[1] ընդարձակ բառարանը. «Գիտական քննադատությունը չխաբվեց ֆեքիրների արած հայտարարություններով։ Արդեն հին դիտողները կասկածում էին, որ շատ աճպարարություն կա հնդիկ ֆեքիրների արած զարմանալի գործերում։ Ֆեքիրությունը հազիվ հայտնվեց Եվրոպայում, նշանավոր աճպարարներ Դոնատոն[2], Ուիլիամ Դիքսընը[3], Փիկքմաննը և ուրիշներ ձեռնամուխ եղան այդ հրաշալիքները վերարտադրելու՝ ամբողջությամբ և առանց որևէ խորհրդավոր ուժի օգնության։ Նույնիսկ գիտնականներն այս գործերին միջամտեցին և կասկածի ենթարկեցին արևմտյան ֆեքիրության թվացյալ հրաշքները։ Փոլ Հյոզե[4] լրագրողին հաջողվեց առաջին կարգին պատկանող երևույթներ իրականացնել՝ այդ կերպ փաստելով, որ մի փոքր սառնասրտության և քաջության առկայության դեպքում ցանկացած մեկը կարող է այդ կարծեցյալ հրաշալիքները իրագործել, և, հետևաբար, ֆեքիրության արտակարգ երևույթները մեծ մասամբ ա՛յլ բան չեն, եթե ո՛չ՝ հասարակ, սովորական աճպարարություններ»[5]։

Ուրեմն, այսօրվա մասնագետների համաձայն՝ ֆեքիրների արածների մեջ գերբնական ուժի ներկայություն չկա։ Կարելի է ամեն ինչ բացատրել բնական ուժերով։

Կրակի վրայով քայլելն Օվկիանիայի բնիկներն էլ էին անում։

Ճոպանն օդում կանգնեցնելն աչքի խաբեություն է, ասում է Լյուսիեն Ռուռ[6] գիտնականը։

Սիրտն ու շնչառությունը կանգնեցնելով՝ երևութապես մահանալը պատահում է նաև մի շարք սողունների, օձերի, ողնաշարավոր և անողնաշարավոր կենդանիների մոտ։

Չպետք է մոռանալ նաև, որ ֆեքիրները պայման են դնում թաղվելու համար, այն է, թե՝ որոշակի օրեր անց պետք է դագաղից դուրս հանվեն, ապա թե ո՛չ, մի քանի ժամ ուշացնելու դեպքում կարող են վերջնականապես մահանալ։

Ոգեհարցությունն այսօր սովորական երևույթ է, և շատերը կարող են մահացած հոգիների հետ հաղորդակցության մեջ մտնել։

Ներկայումս աճպարարությունն այնքան զարգացած է, որ աճպարարներն ապշեցնող հրաշալի հնարքներ են անում։ Բայց բավական է նրանք իրենց հնարքի գաղտնիքը մեզ բացահայտեն, և ամեն ինչ սովորական է դառնում։

Գիտությունն ապացուցել է, որ մարդու բնության մեջ մասնավոր հատկություններ կան, որոնք ոմանց մեջ թեթև և ոմանց մեջ էլ ազդու կերպով են ի հայտ գալիս։ Օրինակ, նշենք հեռազգացությունը (տելեպատիա)։

Կան մարդիկ, ովքեր զգում են իրենցից կիլոմետրերով հեռու պատահած դեպքերը, օրինակ՝ հարազատի մահը, մտերիմի դժվար կացության մեջ գտնվելը, կամ որևէ արկածի հանդիպելը, և այլն։

Դարձյալ, գիտությունն առաջ է ընթանում մեծ քայլերով։ Գրեթե ամեն օր մի նոր գյուտ է հրապարակ դուրս գալիս, նոր դեղորայքներ են հնարվում, որոնց միջոցով բազմաթիվ հիվանդություններ են հաղթահարվել։

Բայց այս ամենն իր բնական բացատրությունն ունի և հեռու է գերբնական լինելուց։

Նույնպես բնական ուժերով է բացատրվում քնածությունը (հիպնոտիզմ), և շատերը կարող են այն կիրառել։

Մինչդեռ հրաշքները, երեկ և այսօր, անբացատրելի են բնական, ֆիզիկական և քիմիական բոլոր օրենքներով։

Այժմ անդրադառնանք նրանց, ովքեր առարկում են, թե Հիսուսը հավանաբար Իր երիտասարդության շրջանում Հնդկաստան է գնացել և այնտեղ ֆեքիրություն է սովորել։

Անմիջապես ասենք, որ ամբողջ մարդկության պատմության մեջ ո՛չ մի ակնարկ, ո՛չ մի փաստ չկա Պաղեստինից Հիսուսի դուրս գնալու և ուրիշ երկիր այցելելու մասին։

Ընդհակառակը, փաստեր ունենք, որոնք ցույց են տալիս, որ Հիսուսը երիտասարդության շրջանում Նազարեթում էր բնակվում և Հովսեփի հետ ատաղձագործություն էր անում։

Բացենք Մարկոսի Ավետարանը (6, 2-3), որտեղ կարդում ենք, որ երբ Հիսուսը հիանալի քարոզներ էր տալիս և հրաշքներ էր գործում, ունկնդիրները նրա վարդապետության վրա զարմանում էին և ասում էին. «Այս բաները որտեղի՞ց են սրան, կամ ի՞նչ է այս իմաստությունը, որ տրված է սրան, որ սրա ձեռքով այսպիսի զորավոր գործեր կատարվեն։ Սա հյուսնի տղան և Մարիամի որդին չէ՞ միթե»։

Երբ Հիսուսը հանդիսավոր կերպով Երուսաղեմ մտավ, ամբողջ քաղաքը դղրդաց և ասում էին. «Ո՞վ է սա։ Իսկ ժողովրդի բազմությունն ասում էր. Սա Հիսուս մարգարեն է, որ Գալիլեայի Նազարեթ քաղաքից է» (Մտթ 21, 11)։

Ղուկաս Ավետարանիչը ևս ասում է. «Եվ բոլորը վկայում էին ու զարմանում Նրա բերանից ելած շնորհալի խոսքերի վրա ու ասում. ''Սա Հովսեփի որդին չէ՞''» (Ղկս 4, 22)։

Վկայակոչենք նաև Հովհաննես Ավետարանչին. «Տոնակատարության կեսին Հիսուսը Տաճար ելավ և ուսուցանում էր։ Հրեաները զարմանում էին ու ասում. ''Սա ինչպե՞ս գիտի Գրվածքները, քանի որ բնավ չի սովորել''» (Հվհ 7, 14-15)։

Վերևում նշված մեջբերումները փաստում են, որ Հիսուսը ծանոթ է հրեաներին՝ որպես Հովսեփի որդին, ով երբեք ուսում չի ստացել։

Հիսուսն Իր կյանքի մեծ մասը՝ պատանեկությունը և երիտասարդությունը, անցկացրել է Գալիլեայի Նազարեթ քաղաքում։

Նազարեթը քաղաքից ավելի փոքր մի ավան էր, որի բնակիչներն իրար շատ լավ էին ճանաչում։ Շատերն իրար մոտիկ ազգականներ էին և քաջատեղյակ էին յուրաքանչյուր անձի անցկացրած կյանքին։

Արդ, եթե Հիսուսը երիտասարդ տարիքում երկար տարիներ Նազարեթից բացակայած լիներ, բնակիչներն անպայման տեղյակ կլինեին, և հրեաները չպիտի զարմանային Հիսուսի ունեցած գիտության վրա և իրար չպիտի ասեին, թե նա «բնավ չի սովորել»։

Այսքանը բավական է ապացուցելու համար, որ Հիսուսը ո՛չ միայն Հնդկաստան չի գնացել, այլ նաև՝ ամբողջ կյանքում Իր երկրից չի հեռացել։

[1] Պիեռ Աթանաս Լառուսս (Pierre Athanase Larousse, 1817-1875), ֆրանսիացի բանասեր, մանկավարժ, լեզվաբան, հրատարակիչ, տասնյոթհատորյա ընդարձակ բառարանի հեղինակ (1864)
[2] Ալֆրեդ Էդուարդ Դ՚Հոնդթ (Alfred Edouard d'Hondt, 1845-1901), հայտնի որպես Դոնատո, բելգիացի նշանավոր աճպարար, հիպնոսի մասնագետ
[3] Ուիլիամ Հեփուորթ Դիքսըն (William Hepworth Dixon, 1821-1879), անգլիացի ճանապարհորդ, պատմաբան, լրագրող, գրաքննադատ
[4] Փոլ Հյոզե (Paul Heuzé, 1878-1938), ֆրանսիացի լրագրող, գրող, սիրողական մակարդակի աճպարար
[5] Larousse du XX siècle, en six volume, Paris, Librairie Larousse 1930, Tome III, p. 399.
[6] Լյուսիեն Ռուռ (Lucien Roure, 1857-1954), իրավագիտության և գրականության բակալավր, Հիսուսյան Միաբանության անդամ, Կաթոլիկ Աստվածաբանության Բառարանի համահեղինակ
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։