Հիսուսն իսկապես հարություն է առել – Գրադարան – Mashtoz.org

Հիսուսն իսկապես հարություն է առել

Խոսքը տանք Մատթեոս Ավետարանչին. «Շաբաթ օրվա երեկոյան, երբ Կիրակին լուսանում էր, Մարիամ Մագդաղենացին և մյուս Մարիամը եկան գերեզմանը տեսնելու։ Եվ ահա՛ մեծ երկրաշարժ եղավ, որովհետև Տիրոջ հրեշտակը երկնքից իջնելով՝ մոտեցավ, դռնից վեմը մի կողմ գլորեց ու նստեց նրա վրա։ Նրա տեսքը փայլակի նման էր, ու նրա զգեստը՝ սպիտակ, ինչպես ձյունը։ Նրա ահից պահապանները խռովվեցին ու մեռելների պես եղան։ Հրեշտակը խոսեց և կանանց ասաց. ''Դուք մի՛ վախեցեք. գիտեմ, որ Հիսուսին եք փնտրում, խաչվածին. այստեղ չէ, քանի որ հարություն առավ, ինչպես Ինքն իսկ ասել էր։ Եկե՛ք, տեսե՛ք այն տեղը, ուր պառկած էր''» (Մտթ 28, 1-6)։

Ուրեմն, Հիսուսն Իր մարգարեական խոսքերի համաձայն՝ Կիրակի առավոտյան հարություն առավ և ո՛չ միայն հաճախ երևաց Առաքյալներին, յուղաբեր կանանց, այլ նաև՝ շատերին, ինչպես վկայում է Պողոս Առաքյալը. «Քրիստոսը մահացավ մեր մեղքերի համար՝ ըստ Գրքերի, և թաղվեց և երրորդ օրը հարություն առավ՝ ըստ Գրքերի, և երևաց Կեֆասին և ապա Տասներկուսին. ապա երևաց միանգամից ավելի քան հինգ հարյուր եղբայրների, որոնցից շատերը կան մինչև այժմ. ոմանք էլ՝ ննջեցյալ եղան։ Եվ ապա երևաց Հակոբոսին, ապա՝ բոլոր Առաքյալներին։ Ամենից հետո երևաց և ինձ՝ անարգիս» (1Կր 15, 3-8)։

Այսքանը կարծում եմ բավական է՝ ցույց տալու համար, որ Հիսուսն իսկապես հարություն է առել և հայտնվել է շատերին[1]։

Եթե Հիսուսը հարություն առած չլիներ, որքա՜ն ապուշ սուտ պիտի լինեին Պողոս Առաքյալի վերոհիշյալ տողերը, իր սուտը պիտի բացահայտվեր, քանի որ դեռ կենդանի էին Հիսուսին հարությունից հետո տեսնողները և իրեն կարող էին որպես ստախոս խայտառակել։

Հիսուսի Հարությունից անմիջապես հետո, գերեզմանը պահպանող «զինվորներից ոմանք քաղաք եկան ու քահանայապետներին պատմեցին այն բոլորը, ինչ որ պատահել էր։ Եվ նրանք ավագների հետ միասին հավաքվելով՝ խորհուրդ արեցին, շատ դրամ տվեցին զինվորներին ու ասացին. ''Կասեք, թե նրա աշակերտները, գիշերով գալով, գողացան նրան, մինչ մենք քնի մեջ էինք''» (Մտթ 28, 11-13)։

Քահանայապետները սակայն չանդրադարձան, որ պահակներին տված իրենց խորհրդի մեջ հակասություն կար։

Ահա՛ թե ինչպես Մխիթար Սեբաստացին Ավետարանի մեկնության իր գրքում մեջտեղ է հանում այդ հակասությունը՝ խոսքն ուղղելով զինվորներին. «Եթե քնած էիք, ապա ինչպե՞ս իմացաք, որ աշակերտները եկան և Հիսուսի մարմինը փախցրեցին»[2]։

Մխիթար Աբբահոր հարցմանը կարելի է ավելացնել նաև մեկ ա՛յլ հարցում, զինվորներին ամեն տեսակետով պապանձեցնելու համար. «Իսկ եթե արթուն էիք, ինչո՞ւ թույլատրեցիք, որ Առաքյալները Հիսուսի մարմինը գողանային»։

Եվ ահա՛ այսպես, Հիսուսը հարություն առավ, մի Հարություն, որ տարբերվում է մյուս մեռյալների վերակենդանացումից։

Հիսուսի Հարությունը եզակի է իր տեսակի մեջ։ Մինչ մյուս մեռյալները վերակենդանացան ուրիշների միջոցով, Հիսուսն Ինքն Իր կամքով հարություն առավ, Իր աստվածային զորությամբ։

Մյուս հարություն առնողների մարմինները վերակենդանանալուց հետո մնացին առաջվա պես ենթակա հիվանդությունների, ցավերի և դատապարտված կրկին մահանալու և հող դառնալու։

Մինչդեռ Հիսուսն Իր Հարությունից հետո ունեցավ փառավորյալ մարմին, թափանցող, անկիրք, այսինքն՝ ցավ չզգացող, հիվանդություններից զերծ, արագությամբ՝ տեղից տեղ փոխադրվող, անեղծ և անմահ։

[1] Հարության փաստարկների վերաբերյալ տե՛ս մեր կայքում հրատարակված «Հիսուսի Հարության պատմական փաստերը» աշխատությունը։
[2] Մեկնութիւն Սրբոյ Աւետարանի Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի որ ըստ Մատթէոսի, Վենետիկ 1737, էջ 963.
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։