Ղուկասի գրավոր աղբյուրները – Գրադարան – Mashtoz.org

Ղուկասի գրավոր աղբյուրները

Արդի քննադատների մեծամասնության կողմից ընդունված և փաստված իրողություն է, որ Ղուկասի գլխավոր աղբյուրներից մեկը Մարկոսի Ավետարանն է եղել։

Լագրանժն՝ այդ ակնառու գիտնականը, իր խորը ուսումնասիրություններով ցույց է տվել, որ Ղուկասն աչքի առջև ունեցել է Մարկոսի Ավետարանը, գոնե մեզ հասած ձևով, որից լայնորեն օգտվել է՝ առանց, սակայն, բառացի ընդօրինակելու։

Եթե Ղուկասի Ավետարանը համեմատելու լինենք Մատթեոսի հունարեն Ավետարանի հետ, պիտի տեսնենք, որ Ղուկասը շատ անգամներ, գրեթե բառ առ բառ հետևում է Մատթեոսին, բայց հանկարծ նրանից ամբողջովին հեռանալով՝ նույն դեպքը տարբեր ձևով է նկարագրում։

Հիսուսի քարոզների հերթականությունը Մատթեոսի և Ղուկասի մոտ երբեմն իրար նման են, երբեմն էլ իրարից տարբերվում են։

Տեղ տեղ միևնույն դեպքի նկարագրության կամ Հիսուսի խոսքերի տարբերությունն (օրինակ՝ «Հայր մեր»ը) այնքան մեծ է, որ բանասերների մեծամասնությունն այսօր մերժում է ընդունել հունարեն Մատթեոսի և Ղուկասի՝ իրարից ուղղակի որևէ կախումնավորություն ունենալը։

Իսկ Մատթեոսի և Ղուկասի մոտ գտնվող նմանություններին բացատրություն տալու համար մի շարք մասնագետներ ասում են, թե Ղուկասն օգտվել է ո՛չ թե Մատթեոսի հունարեն լեզվով խմբագրված Ավետարանից, այլ՝ արամայերեն լեզվով գրված բնագրից։

Եղել են բանասերներ՝ Ադոլֆ Շլատթերը[1], Ռընե Ժեռառը[2], Կառլ Ռեյնգշտորֆը[3] և այլոք, որոնց համաձայն՝ գոյություն է ունեցել մեզ անծանոթ «աշակերտների մի Ավետարան», որից Ղուկասն օգտվել է։

Ա՛յլ ուսումնասիրողներ՝ Բառնեթ Սթրիթերը[4], Վինսենթ Թեյլըռը[5], փորձել են վերակազմել մի «նախաղուկասյան» Ավետարան։ Սակայն նման կարծիքները, հիմք չգտնելով, այսօր մոռացության են մատնվել։

Մարկոսի Ավետարանից բացի, Ղուկասն, ինչպես ինքն է ասում, օգտագործել է իրենից առաջ գոյություն ունեցող գրավոր և բանավոր մի շարք աղբյուրներ, ավանդություններ։

Ղուկասն իր Ավետարանի սկզբում, խոսքը Թեոփիլոս անունով մեկին ուղղելով, ասում է. «Ես էլ փափագեցի հերթականությամբ գրել քեզ, ո՜վ պատվական Թեոփիլոս, որպեսզի իմանաս ճշմարտությունը» (Ղկս 1, 3-4)։

Ոմանց համաձայն՝ Թեոփիլոս անունով մարդ գոյություն չի ունեցել։ Ավետարանիչը, կարծես թե հռետորական ձև տալ ցանկանալով, իր խոսքը երևակայական մի անձի է ուղղել։ Այսօր, սակայն, տարածված կարծիք է, որ Թեոփիլոսն իրական անձ է, քանի որ այդ ժամանակաշրջանի հեղինակները հաճախ սովորություն ունեին իրենց գրքերն իրական մարդու ձոնել։ Հովսեփոսն էլ նույն ժամանակաշրջանում իր «Ընդդեմ Ապիոնի» և «Հրեական հնություններ» գրքերը ձոնել է Եպափատրիտոս անունով մի անձի։ Սրանից բացի, «որպեսզի ճանաչես այն վարդապետությունների ճշմարտությունը, որոնց աշակերտեցիր» բացատրությունը (Ղկս 1, 4) բնականորեն ենթադրում է իրապես գոյություն ունեցող, քան երևակայական մի անձ։ Թեոփիլոսը ո՛չ միայն պատմական անձ է երևում, այլ նաև՝ ազնվական, քանի որ «պատվական» մակդիրը բարձրաստիճան մարդկանց էր տրվում։

Անշուշտ, բավական չէ ասելը, որ Ղուկասն իր Ավետարանը միայն Թեոփիլոսի համար է գրել։ Իր բուն նպատակն է եղել գլխավորապես հեթանոսությունից դարձի եկած քրիստոնյաներին պատմել Հիսուսի խոսքերի ու գործերի մասին՝ շեշտելով, որ Քրիստոսը մարդացավ՝ փրկելու համար ողջ մարդկությանը, հրեային ու հեթանոսին, հարուստին ու աղքատին, արդարին ու մեղավորին։

Եթե Մատթեոսի նպատակը եղել է Հիսուսին ցույց տալ որպես «Մեսսիա», իսկ Մարկոսինը՝ որպես «Աստծո Որդի» և ամեն ինչի Տեր, ապա Ղուկասի մոտ Հիսուսը մեզ ներկայանում է որպես «Փրկիչ» և «Լույս», «Հովիվ» և «հոգիների Բժիշկ»։

Ասեցինք, որ Ղուկասն իր Ավետարանը գրել է հատկապես հեթանոսությունից դարձի եկած քրիստոնյաների համար։ Սա կարելի է ապացուցել ներքին փաստերով։

Ղուկասը գրում է. «Մոտեցավ Բաղարջակերացի տոնը, որ կոչվում էր Պասեք» (Ղկս 22, 1)։ Արդ, եթե Ղուկասն իր Ավետարանը հրեաներին հասցեագրած լիներ, բնականաբար Բաղարջակերացի տոնը բացատրելու կարիքը պիտի չզգար, քանի որ հրեաներն արդեն գիտեին, որ Բաղարջակերաց տոնը Պասեք է կոչվում։

Մատթեոսը, ով հրեաների համար էր գրում, առանց հեթանոսներից «քաշվելու», կարող էր գրել. «Եթե միայն ձեր բարեկամներին ողջույն տաք, ի՞նչ ավելի բան եք անում. չէ՞ որ հեթանոսներն էլ են նույնն անում» (Մտթ 5, 47)։

Մինչդեռ Ղուկասն իր Ավետարանը հեթանոսությունից դարձի եկած քրիստոնյաների համար գրելիս ազնիվ մի մտածումով «հեթանոս» բառի փոխարեն գրել է «մեղավոր» բառը. «քանի որ մեղավորներն էլ նույնն են անում» (Ղկս 6, 33)։

Միշտ միևնույն մտայնությամբ Մատթեոսը գրում է. «Նրանց Տասներկուսին [Առաքյալներին] Հիսուսն ուղարկեց, պատվիրեց նրանց ու ասաց. «Հեթանոսների շրջաններով չգնաք» (Մտթ 10, 5)։

Ղուկասը հեթանոսների համար վերոհիշյալ աննպաստ նախադասությունը բոլորովին զանց է առել, ընդհակառակը՝ իր Ավետարանում այնպիսի դեպքեր է ավելացրել, որոնք հեթանոսներին պատիվ են բերում. օրինակ, Հիսուսի կողմից հարյուրապետին տրված գովեստը. «Ճշմարիտ եմ ասում ձեզ, թե Իսրայելում անգամ այսքա՜ն հավատք չգտա» (Ղկս 7, 9)։

[1] Ադոլֆ Շլատթեր (Adolf Schlatter, 1852-1938), շվեյցարացի պահպանողական աստվածաբան, աստվածաշնչագետ և փիլիսոփա
[2] Ռընե Ժեռառ (René Girard, 1923-2015), ֆրանսիացի փիլիսոփա, մշակութաբան, գրականագետ
[3] Կառլ Հայնրիխ Ռեյնգշտորֆ (Karl Heinrich Rengstorf, 1903-1992), գերմանացի բողոքական աստվածաշնչագետ, Նոր Կտակարանի մասնագետ
[4] Բառնեթ Հիլման Սթրիթեր (Burnett Hillman Streeter, 1874-1937), անգլիացի լիբերալ աստվածաբան, կրոնի փիլիսոփա, Նոր Կտակարանի մասնագետ
[5] Վինսենթ Թեյլըռ (Vincent Taylor, 1887-1968), անգլիացի մեթոդիստ աստվածաբան, աստվածաշնչագետ
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։