Հիսուսի անմեղության փաստեր – Գրադարան – Mashtoz.org

Հիսուսի անմեղության փաստեր

Հիսուսն այնքա՜ն բարի, ողորմած, արդարադատ անձ էր ու Իր անմեղությանը գիտակից, որ Նրա հակառակորդներն անգամ չէին կարող մեղքի մի բիծ դնել Նրա անվանը։

Նա անվախ հարցնում էր Իր թշնամիներին. «Ձեզնից ո՞վ կհանդիմանի ինձ մեղքի համար. եթե ճշմարիտ եմ ասում ձեզ, ինձ ինչո՞ւ չեք հավատում» (Հվհ 8, 46)։

Գեթսեմանիի պարտեզում Հիսուսին ձերբակալելով՝ տարան Կայիաֆաս քահանայապետի մոտ, որտեղ օրենսգետներն ու երեցները հավաքված էին։ Իսկ քահանայապետները ու ողջ ատյանը Հիսուսի դեմ ճշմարիտ վկա չգտնելով՝ սուտ վկայություններ էին փնտրում, որպեսզի սպանեին Նրան, սակայն չէին գտնում, թեև շատ վկաներ ներկայացան (Մտթ 26, 59-60)։

Ավետարանիչը շարունակելով՝ ասում է. «Քանի որ Նրա դեմ շատեր սուտ վկայություն էին տալիս, բայց վկայություններն իրար նման չէին» (Մրկ 14, 56)։

Իսկ ի՞նչ էին նրանց սուտ վկայությունները։ Նրանք ասում էին, որ Հիսուսը մեղավորներին ու մաքսավորներին սիրում է, դևեր է հանում, շաբաթ օրով հիվանդներ է բուժում, մեղքերի թողություն է տալիս, և այլն ... ։

Սակայն այդ խոսքերը ո՛չ թե Հիսուսի դեմ վկայություններ էին, այլ՝ փաստեր էին, որոնք Հիսուսի բարությունն ու սրբությունն էին ցույց տալիս։

Հիսուսի անմեղության վկան է ինքը՝ Պիղատոսը, ով Հիսուսին հարցաքննելուց հետո քահանայապետներին ու հրեաներին ասում է. «Ես այս մարդու վրա որևէ հանցանք չեմ գտնում» (Ղկս 23, 4)։ Հետո Պիղատոսը, պատասխանատվությունն իրենից հեռացնելու նպատակով, Հիսուսին ուղարկում է Հերովդեսի մոտ։ Սակայն Հերովդեսը Հիսուսին ծաղրելուց հետո՝ Նրան վերադարձնում է Պիղատոսի մոտ. «Պիղատոսը կանչեց քահանայապետներին, իշխանավորներին ու ժողովրդին, և ասաց. Այս մարդուն բերեցիք ներկայացրիք ինձ, որպես ժողովրդին մոլորեցնողի. և ահավասիկ ձեր առաջ դատաքննություն արեցի և այս մարդու մեջ չգտա մեկն այն հանցանքներից, որոնցով դուք ամբաստանում եք նրան։ Եվ ո՛չ էլ Հերովդեսը, որի մոտ հրամայեցի, որ Հիսուսին տանեն։ Արդ, նա մահվան արժանի ոչինչ չի արել, նրան գանահարել կտամ ու կարձակեմ»» (Ղկս 23, 13-16)։

Հետո, հակառակ համոզված լինելուն, որ Հիսուսն անմեղ էր, Պիղատոսը գանահարել տվեց Նրան և երրորդ անգամ լինելով հարցրեց հրեաներին. «Ի՞նչ չար բան է արել սա. նրա վրա մահվան արժանի որևէ հանցանք չգտա» (Ղկս 23, 22)։

Հիսուսի անմեղության վկան է նաև Պիատոսի կինը, ով մարդ ուղարկեց ամուսնուն ասելու համար. «Քո և այդ արդարի միջև ոչինչ չկա» (Մտթ 27, 19)։

Ի վերջո, Հիսուսի անմեղության վկան է նույնիսկ մատնիչ Հուդան, ով զղջալով Հիսուսին մատնած լինելու համար, երեսուն արծաթը քահանայապետներին ու ժողովրդի ավագներին վերադարձնելով՝ ասաց. «Մեղանչեցի, որովհետև արդար արյուն մատնեցի» (Մտթ 27, 3-4)։

Հիսուսն Իր ողջ կյանքի ընթացքում պայքարեց մեղքի ու ստի դեմ, հանդիմանեց կեղծավորներին ու ժողովրդի կեղեքիչներին, ստի հեղինակ սատանաների սարսափը եղավ, ամեն տեսակ նախատինք հանձն առավ, չվախեցավ նույնիսկ խաչի վրա իբրև ոճրագործ մահանալուց, և Իր արյունը տվեց «որպես փրկանք շատերի փոխարեն» (Մտթ 20, 28)։

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։