Գլուխ Ե. - Մարկոս Ավետարանիչ – Գրադարան – Mashtoz.org

Գլուխ Ե. - Մարկոս Ավետարանիչ

Եթե Մատթեոս Ավետարանչի կյանքի և գործունեության մասին մեզ ստույգ տեղեկություններ շատ չեն հասել, Մարկոսի կենսագրության վերաբերյալ բավականաչափ նյութեր ենք գտնում «Գործք Առաքելոց» գրքում։

Մարկոս Ավետարանիչը, անվանված նաև Հովհաննես[1], բարեկեցիկ ընտանիքի զավակ, ծնվել է Երուսաղեմում (կամ գուցե Կիպրոսում), որտեղ ընդարձակ սենյակով մի տուն ունեին[2]։ Այդ տունը Հիսուսի, Առաքյալների և ապա նաև առաջին քրիստոնյաների համար հավաքավայր է եղել[3]։

Մարկոսի ընտանիքը պատկանում էր ղևտական ցեղին։ Իր մոր անունը Մարիամ էր, և ինքը Բառնաբաս առաքյալի զարմիկն էր[4]։

Երբ Պողոս և Բառնաբաս առաքյալները 44 թվականին քրիստոնեությունը քարոզելու համար առաջին անգամ միասին ճանապարհվում են Փոքր Ասիա, Մարկոսն էլ է իրենց ընկերակցում, բայց կես ճանապարհից, նրանց թողնելով, Երուսաղեմ է վերադառնում։ Պողոս Առաքյալը Մարկոսի այդ արարքից վիրավորվում է։ Տարիներ անց (50 թվականին), երբ Պողոսն ու Բառնաբասը պատրաստվում են երկրորդ անգամ փոքր Ասիա ուղևորվելու, Պողոս Առաքյալը չի ցանկանում, որ Մարկոսն իրենց ընկերակցի։ Բառնաբասը ստիպված է լինում Պողոսից բաժանվելու և իր զարմիկին՝ Մարկոսին հետն առնելով՝ Կիպրոս է գնում։

61-62 թվականների ընթացքում Մարկոսը գտնվում էր Հռոմում, Պողոս Առաքյալի մոտ՝ որպես նրա «գործակից»[5]։

Հաջորդ երկու տարիներին՝ 63-64 թվականներին, Մարկոսը տակավին Հռոմում է գտնվում, այս անգամ, սակայն, Պետրոս Առաքյալի հետ։ Պետրոսը Հռոմից գրում է Փոքր Ասիայի հավատացյալներին. «Ընտրյալների եկեղեցին, որ Բաբելոնում (Հռոմում) է գտնվում, ձեզ ողջունում է, ինչպես նաև Մարկոսը՝ իմ զավակը»[6]։

Պետրոս և Պողոս Առաքյալների մարտիրոսանալուց հետո, որ կատարվեց Հռոմում, Ներոնի օրոք, Մարկոսը, եկեղեցական ավանդության համաձայն, Հռոմից Ալեքսանդրիա է տեղափոխվում և տեղի Եկեղեցին հիմնելուց հետո վախճանվում է նույն քաղաքում։

Այսօր նրա մասունքները գտնվում են Վենետիկի Սուրբ Մարկոս տաճարում։

 

(որոշ մանրամասնություններ տե՛ս նաև այս էջում)

[1] Գործք Առաքելոց 13, 5.13
[2] Մի հին ավանդության համաձայն՝ Հիսուսն Իր աշակերտների հետ Վերջին Ընթրիքը Մարկոսի տանն է արել, կամ ավելի ճիշտ՝ Մարկոսի մոր տանը (տե՛ս՝ Alfred Läpple-ի «Jèsus-Christ» հատորը, էջ 96)։
[3] Մարկոս 14,15; 16, 14; Գործք Առաքելոց 2, 1; 12, 12
[4] Կողոսացիներին 4, 10
[5] Փիլիմոն 24
[6] Պետրոսի Առաջին 5, 13
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։