Ղուկասը՝ պատմաբան – Գրադարան – Mashtoz.org

Ղուկասը՝ պատմաբան

Ղուկաս Ավետարանիչն իր զարգացմամբ, ազնիվ և բարի նկարագրով, գրագետի նուրբ տաղանդով, իր շրջանի մտավորական դասակարգին է պատկանում։

Տիրապետել է հունարենի, մասնավորապես, յուրացրել է Աստվածաշնչի «Յոթանասնից թարգմանության» լեզուն։

Ղուկասը մեզ երկու թանկագին գրություններ է թողել՝ Ավետարանը և Գործք Առաքելոցը։

Չորս Ավետարանիչների մեջ Ղուկասն է, որ ամենից ավելի է օժտված պատմագրի հատկություններով։

1. – Իր Ավետարանը գրելուց առաջ նա «սկզբից ի վեր ամենայն խնամքով» (Ղկս 1, 3) ուսումնասիրել է ո՛չ միայն իրենից առաջ գոյություն ունեցող գրությունները, այլ նաև՝ սերտ հարաբերության մեջ է մտել Քրիստոսին ականատես անձնավորությունների հետ։

2. – Ղուկասը, որպես լավ պատմագիր, ամենուրեք ջանացել է դնել ժամանակագրական մի հերթականություն, տալ պատմական մանրամասնություններ, թվականներ՝ հիշատակելով անգամ օրերը։ Խղճամիտ կերպով թվարկում է աշխարհագրական վայրեր, դեպքեր ու դեմքեր, որ շաղկապված են նաև ա՛յլ ազգերի պատմության հետ։

ա) Հիսուսի ծնունդը ներկայացնելիս՝ Ղուկասը գրում է. «Այն օրերում Օգոստոս կայսեր կողմից մի հրովարտակ տրվեց՝ ամբողջ երկրում մարդահամար անելու համար։ Այս առաջին մարդահամարը տեղի ունեցավ, երբ Կյուրենիոսն Ասորիքի կուսակալն էր» (Ղկս 2, 1-3)։

բ) Հովհաննես Մկրտչի քարոզչության սկիզբը նկարագրելիս՝ Ղուկասը հետևյալ պատմական դեմքերն ու թվականներն է մեզ տալիս. «Տիբերիոս կայսեր կայսրության տասնհինգերորդ տարում, մինչ Պոնտացի Պիղատոսը Հրեաստանի կուսակալն էր, Հերովդեսը՝ Գալիլեայի չորրորդապետ, Փիլիպպոսը՝ նրա եղբայրը, իտուրացիների և տրաքոնացիների աշխարհի չորրորդապետ, Լյուսինիասը՝ Աբիլենեի չորրորդապետ, Աննայի և Կայիափայի քահանայապետության օրոք, Աստված անապատում խոսեց Զաքարիայի որդու՝ Հովհաննեսի հետ» (Ղկս 3, 1-2)։

գ) Ավելացնենք նաև հետևյալ մանրակրկիտ նշումները. «Հիսուսի ծնողներն ամեն տարի Զատկի տոնին Երուսաղեմ էին գնում» (Ղկս 2, 41)։

«Այս օրերից գրեթե ութ օր անց» (Ղկս 9, 28)։

«Մի շաբաթ օր Հիսուսը ժողովարանում ուսուցանում էր» (Ղկս 13, 10)։

Ղուկասը սիրում է իր խոսքերին ճշգրտություն տալ. այսպես, օրինակի համար, Մարկոսն ասում է. «Հերովդես թագավոր» (Մրկ 6, 14), իսկ Ղուկասն ավելի ճշգրտորեն է ասում. «Հերովդես չորրորդապետ» (Ղկս 9, 7)։ Մարկոսի Գալիլեայի «ծովը» (Մրկ 5, 13) Ղուկասի մոտ դառնում է Գալիլեայի «լիճ» կամ «ծովակ» (Ղկս 5, 1)։

Մատթեոսի և Մարկոսի համաձայն՝ Հիսուսի այլակերպությունը Պետրոսի խոստովանությունից «վեց օր անց» է տեղի ունեցել։ Ղուկասը, իբրև պատմագետի խառնվածք ունեցող, գրում է. «գրեթե ութ օր անց» (Ղկս 9, 28)։ Ղուկասը «գրեթե» բառով իրականության մոտեցման հատուկ մի խղճմտանք է ցույց տալիս։

Կարող ենք շարունակել և տալ նաև հետևյալ օրինակները. Մարկոսը գրում է. «վեցերորդ ժամին խավար պատեց» (Մրկ 15, 33)։ Մինչդեռ Ղուկասը ճշտելով՝ ասում է. «Գրեթե վեցերորդ ժամն էր, երբ խավար պատեց»։ Նմանապես, Ղուկասը գրում է. «Մարիամը շուրջ երեք ամիս մնաց» (Ղկս 1, 47), «Հիսուսը երբ քարոզությունը սկսեց, շուրջ երեսուն տարեկան էր» (Ղկս 3, 23), «շուրջ հինգ հազար հոգի էին» (Ղկս 9, 14), մինչ Մարկոսը պարզապես ասում է. «կերակրվողները հինգ հազար հոգի էին» (Մրկ 6, 41)։

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։