Հիսուսը սուրբ է – Գրադարան – Mashtoz.org

Հիսուսը սուրբ է

Հիսուսը ո՛չ միայն պարզապես մի սուրբ է, այլ՝ Իր մեջ կենտրոնացած են բոլոր առաքինությունները, բոլոր կատարելությունները։ Նրա լուսավոր անձից շողում են մարդկային բոլոր բարեմասնությունները։ Առաքինությունները Հիսուսի անձում հերոսական աստիճանի են հասել։

Արդարև, Ավետարանիչները ներկայացնում են մի Հիսուսի՝ անսահմանորեն բարի, Ով Իր անթիվ հրաշքներով բուժում է հիվանդների՝ կույրերի, համրերի, բորոտների, դիվահարների։ Գութ է տածում սովահարների հանդեպ և նրանց կերակրում է մի բացառիկ հրաշքով, սիրում է մանուկներին, հարություն է տալիս մահացածներին, լալիս է մեղավոր Երուսաղեմի վրա։

Մասնավոր գութ է ցուցաբերում մեղավորների հանդեպ։ Նա ասում է. «Չեկա արդարների համար, այլ՝ մեղավորների» (Ղկս 5, 32)։

Խոսքից գործի անցելով՝ Հիսուսը ներում է Մարիամ Մագդաղենացու բոլոր մեղքերը, մաքսավոր Մատթեոսին Իր Առաքյալն է կարգում, այցելում է վաշխառու Զակքեոսին և տնով տեղով փրկում է նրա ընտանիքը։ Ներում է Իրեն ուրացող Պետրոսին, Իրեն մատնող Հուդային, ի վերջո՝ հերոսական առաքինությամբ Հայր Աստծուց ներում է խնդրում Իրեն խաչողների համար։

Այսքան բարությամբ օժտված Հիսուսը նաև քաջ է, անվախ, որ առանց դույզն իսկ մարդկային տկարության, հանուն արդարության, առյուծաբար և հեղինակորեն շանթեր է թափում կեղծավոր փարիսեցիների գլխին։

Հիսուսը որքան բարի է, նույնքան էլ արդար է, որքան մեղմ բնավորության տեր, նույնքան էլ արի՝ պաշտպանելու համար բոլորի իրավունքը։

Բարությունն առանց արդարության և արդարությունն առանց բարության՝ թերի են, իսկ երկու առաքինությունները միաձուլված՝ մարդուն դարձնում են կատարյալ։

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։