Ե՞րբ է գրվել երրորդ Ավետարանը – Գրադարան – Mashtoz.org

Ե՞րբ է գրվել երրորդ Ավետարանը

Հին ավանդության համաձայն՝ Ղուկասն իր Ավետարանը գրել է Մատթեոս և Մարկոս Ավետարանիչներից հետո։

Եկեղեցական այս ավանդությունը մեզ երկու տարբերակներով է ներկայանում։

Իրենեուս Հայրապետի համաձայն՝ Ղուկասն իր Ավետարանը գրել է Պողոս Առաքյալի մահից հետո։

Եվսեբիոս Կեսարացին, ընդհակառակը, վկայում է, թե Ղուկասը Պողոսի կենդանության օրոք է երրորդ Ավետարանն ավարտել[1]։

Հերոնիմոսը, որ նախ Իրենեուսի կարծիքին չէր[2], հետո իր գրածը սրբագրելով՝ Իրենեուսի կարծիքին է հարում[3]։

Արդի քննադատների կարծիքները ճյուղավորվում են։

Մի շարք մասնագետների համաձայն՝ Ղուկասն իր Ավետարանը գրել է 95 թվականից հետո, քանի որ երրորդ Ավետարանում զգալի է Հովհաննես Ավետարանչի և Հովսեփոսի ազդեցությունը։ Այսօր, սակայն, այս կարծիքը շատ պաշտպաններ չունի։ Նման ազդեցությունն այնքան էլ զգալի չէ, և եթե իրար հետ նմանություններ գոյություն ունեն, դրանք էլ տարբեր կերպ է կարելի բացատրել։

Բանասերներից ոմանք ցանկանում են, որ Ղուկասը 70 թվականից հետո, այսինքն՝ Երուսաղեմի կործանումից հետո գրած լինի։ Որովհետև, ասում են նրանք, երրորդ Ավետարանում Երուսաղեմի կործանման մասին այնպիսի մանրամասնություններ կան, որոնք ենթադրել են տալիս, որ Երուսաղեմն արդեն կործանվել էր։ Այս կարծիքի պաշտպանները, որոնց մեջ նաև կաթոլիկներ կան, առարկում են, թե Երուսաղեմի կործանման մասին Հիսուսի մարգարեական խոսքերը Մատթեոսի և Մարկոսի մոտ ընդհանուր և անորոշ ձևով են գրված, մինչդեռ Ղուկասը հստակորեն և մանրամասն է նկարագրում. «Բայց երբ տեսնեք Երուսաղեմը զորքերով պաշարված, այնժամ իմացեք, որ մոտ է դրա ավերումը» (Ղկս 21, 20), «Նրանք սրի պիտի քաշվեն, գերի պիտի տարվեն բոլոր հեթանոսներից. և Երուսաղեմը ոտքի կոխան պիտի լինի ազգերից ... » (Ղկս 21, 24)։ Մեկ ա՛յլ տեղ էլ Հիսուսը, Երուսաղեմ քաղաքին ուղղելով Իր խոսքը, ասում է. «Օրեր պիտի գան քո համար, երբ թշնամիներդ քո շուրջը պատնեշ պիտի շինեն, պիտի պաշարեն քեզ և ամեն կողմից պիտի նեղեն քեզ, հիմնահատակ պիտի քանդեն քեզ և քո որդիներին, որ քո մեջ են բնակվում, ու քարը քարի վրա բնավ չպիտի թողնեն» (Ղկս 19, 43-44)։

Հիշյալ վերջին կարծիքին կողմնակից չեղող մի շարք բանասերներ դիտել են տալիս, որ Երուսաղեմի կործանման մասին Ղուկասի գրածներն էլ ընդհանուր բացատրություններ են, որոնք կարելի է ասել ցանկացած որևէ քաղաքի պաշարման և կործանման համար։

Այսօր բանասերների մեծամասնությունը հակված է երրորդ Ավետարանի գրության թվականը 70 թվականից մի քանի տարի առաջ դնել։

Այստեղ էլ կարծիքներն իրարից բաժանվում են։

Նրանք, որ պաշտպանում են, թե Ղուկասը «Գործք Առաքելոց» գիրքն իր Ավետարանից հետո է գրել, երրորդ Ավետարանի գրության թվականը 62 թվականից առաջ են դնում, ամենաուշը՝ 64 թվականին։

Իսկ նրանք, որ շեշտում են, թե Ղուկասը սերտ կապ ունի Մարկոսի Ավետարանի հետ և դրանից մեծապես օգտվել է, 64-70 թվականների միջև են զետեղում։

Բանասերներից շատերը հետևյալ կերպ են տրամաբանում. Ղուկասը «Գործք Առաքելոց» գրքի նախաբանում Ավետարանի մասին է ակնարկում (Գրծ 1, 1)։ Գիտենք, որ «Գործք Առաքելոց» գիրքը Պողոսի առաջին անգամ Հռոմ հասնելու նկարագրությամբ է ավարտվում։ Գիտենք նաև, որ 64 թվականին է տեղի ունենում Ներոնի կողմից քրիստոնյաների դեմ սանձազերծված մեծ հալածանքը։ Արդ, Ղուկասը, որ «Գործք Առաքելոց»ում գլխավորապես Պողոսի առաքելական կյանքն է նկարագրել, եթե 64 թվականից հետո այդ գիրքը գրած լիներ, բնականաբար այդ հալածանքներին պիտի անդրադառնար և պիտի շարունակեր Պողոսի հետ պատահածները։ Եթե որևէ տեղեկություն չկա Ներոնի հալածանքների մասին, տրամաբանական պատճառն այն է, որ Ղուկասը 64 թվականից առաջ արդեն գրել ավարտել էր «Գործք Առաքելոց» գիրքը, հետևաբար նաև՝ Ավետարանը։

Այս տեսությանը հակառակ, սակայն, որոշ լուրջ բանասերներ, «Գործք Առաքելոց» գիրքը խորապես ուսումնասիրելուց հետո հանգել են այն եզրակացությանը, որ «Գործք Առաքելոց»ի հանկարծական վերջ գտնելը կամ կիսատ մնացած լինելը՝ ո՛չ թե Պողոսի մասին հաջորդական լուրերի պակասի հետևանքով է, այլ՝ պարզապես այն բանի համար, որ Ղուկասը պարզապես ցանկացել է այդտեղ կանգ առնել։

[1] Եվսեբիոս Կեսարացի, Եկեղեցական պատմություն, 2, 22.
[2] Մատթեոսի Ավետարանի մեկնություն, PL XXVI, 18.
[3] Երևելի այրերի մասին, XIV, I, II և XIV, 5-7.
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։