Ներքին փաստեր – Գրադարան – Mashtoz.org

Ներքին փաստեր

Ուշադրությամբ կարդալով երկրորդ Ավետարանը՝ այնտեղ դեմքերի և դեպքերի այնպիսի վառ նկարագրություն, այնպիսի մանրամասնություններ, նուրբ անդրադարձումներ պատմելու այնպիսի անմիջականություն ենք գտնում, որոնք ցույց են տալիս, որ այս գրքի հեղինակը կա՛մ իր պատմածների ականատես մեկն է, և կա՛մ էլ՝ ականատեսի աշակերտ է։

Չորս Ավետարաններից ամենահամառոտը երկրորդ Ավետարանն է, որտեղ Քրիստոսի խոսքերից ու առակներից ավելի Նրա գործերն ու հրաշքներն են, որ պատմվում են այնպիսի իրապաշտ մերձեցմամբ, որ Ֆրեդերիկ Գոդեն[1] ասում է. «Եթե գոյություն ունի մի պատմվածք, որն ականատես վկայի անմիջական տեսության մանրազնին քննության կնիքն է կրում, դա մեր երկրորդ Ավետարանն է։ Այն տեղ-տեղ գույնի կենդանություն և անձնական հուշերի թարմությունն ունի»[2]։

Ինչպես տեսանք, եկեղեցական ամենահին հեղինակների համաձայն՝ Մարկոսը եղել է Պետրոսի աշակերտը և նրա քարոզներն է գրի առել։

Երկրորդ Ավետարանում ակներև նկատվում է այն մասնահատուկ կապը, որ Ավետարանիչը ցուցաբերում է Պետրոս Առաքյալի նկատմամբ։

Մարկոսը պատմում է այնպիսի դեպքեր, որոնք կապ ունեն Պետրոսի հետ, և այդ դեպքերը կա՛մ պակասում են մյուս երեք Ավետարաններում, կամ էլ՝ այդ դեպքերում Պետրոսի անձնական դերը չի հիշվում։

Մեր ասածը բացատրենք օրինակներով։ Մարկոսի Ավետարանում հետևյալ դեպքերին ենք հանդիպում.

1. Հիսուսն անիծում է անպտուղ թզենուն։ Հաջորդ օրը Պետրոսն է, որ նկատում է թզենու չորացած լինելը (Մրկ 11, 21)։

2. «Առավոտ կանուխ վեր կենալով՝ [Հիսուսը] ամայի մի վայր գնաց և այնտեղ աղոթում էր։ Սիմոնը [Պետրոսը] և հետը եղողները նրա հետևից գնացին» (Մրկ 1, 35-36)։

3. Հիսուսի Հարություն առած օրը, երբ կանայք խունկ առած՝ գնում էին Հիսուսի գերեզման, սպիտակ պատմուճան հագած հրեշտակն ասում է նրանց. «Գնացե՛ք, ասացե՛ք Նրա աշակերտներին և Պետրոսին» (Մրկ 16, 7)։

Վերոհիշյալ դեպքերը նկարագրել են նաև մյուս Ավետարանիչները, սակայն առանց Պետրոսի անունը նշելու։

Ուշադրության արժանի մեկ ա՛յլ կարևոր կետ է նաև հետևյալ փաստը։ Մարկոսի Ավետարանում որոշ դեպքեր նկարագրված չեն, օրինակ՝ Պետրոսի գլխավորությունը, նրա՝ ջրի վրայով քայլելը և այլն, որոնք պատվաբեր են Պետրոսի համար և նա խոնարհաբար չի հիշատակում դրանք. ընդհակառակը, այնպիսի բաներ են պատմված, որոնք խոնարհեցուցիչ են միևնույն Առաքելապետի համար. այսպես, նրա ուրացումը, Հիսուսի կողմից նրան ուղղված «Հետևս գնա, սատանա» հանդիմանական խոսքերը, և այլն։

Մարկոսը, որ Պետրոսի քարոզներին ու զրույցներին ներկա է գտնվել, դրանցից տպավորվելով՝ հավատարմորեն գրել է իր լսածները։

Հավելենք նաև, որ երկրորդ Ավետարանը թեև հունարեն է գրվել, սակայն դրանում առկա բազմաթիվ սեմաբանություններն ու ոճը փաստում են, որ դրա հեղինակը հրեա է եղել։

[1] Ֆրեդերիկ Լուի Գոդե (Frédéric Louis Godet, 1812-1900), շվեյցարացի բողոքական աստվածաբան։
[2] Etudes Bibl., Ser. II, Paris 1874, p. 32.
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։