Չորրորդ Ավետարանի ամբողջականության հարցը – Գրադարան – Mashtoz.org

Չորրորդ Ավետարանի ամբողջականության հարցը

Եթե ուշի ուշով քննելու լինենք չորրորդ Ավետարանը, պիտի տեսնենք, որ հակառակ այնտեղ տիրող լեզվի, ոճի, բառապաշարի, վարդապետական տեսությունների, ներշնչման ներդաշնակ ամբողջականությանը, կան նաև հատվածներ, որոնք ընթերցողի վրա հետագայում ավելացված լինելու տպավորությունն են թողնում։

Այնտեղ գտնում ենք հաջորդականության խանգարումներ, տեղափոխություններ, հետևառաջություններ, կրկնություններ, մի նյութից մի ա՛յլ նյութի ցատկումներ, չկապակցված նյութեր, անհարկի ընդմիջումներ, առերևույթ հակասություններ, և այլն։

Վերոհիշյալ երևույթներին գոհացուցիչ լուծում տալու նպատակով բանասերների կողմից զանազան կարծիքներ են հայտնվել։

Արժե, որ ավելի մոտիկից քննենք այս հարցը.

1) Դարերի ընթացքում վեճի առարկա է եղել «շնացած կնոջ»[1] պատմության վավերականությունը։

Կասկածն առաջացել է այն պատճառով, որ այդ պատմությունը բացակայում է հունարեն գրեթե բոլոր հին ձեռագրերում, ինչպես նաև Ավետարանների հին թարգմանություններից շատերում։

Նմանապես, այդ պատմությունը մինչև Տասնմեկերորդ դար անծանոթ է եղել հույն մատենագիրների մեծամասնությանը։

Դրանից բացի, «շնացած կնոջ» պատմության լեզուն և գրելաոճը կարծես թե հեռանում է Հովհաննես Առաքյալի լեզվից ու ոճից և մոտենում է Ղուկաս Ավետարանչի լեզվին ու ոճին։

Այստեղ, անշուշտ, անվիճելի է այդ հատվածի՝ ներշնչված լինելու պարագան։ Այսօր մի շարք լուրջ բանասերներ, ընդունելով հանդերձ դրա կանոնականությունը, հավանական են նկատում այդ հատվածի՝ հետագայում ավելացված լինելը Հովհաննեսի Ավետարանին։

2) Կարծիքների տարբերություն է տիրում նաև Հինգերորդ գլխի չորրորդ հատվածի վերաբերյալ, որտեղ գրված է, թե «Տիրոջ հրեշտակը ժամանակ առ ժամանակ իջնում էր Պրոբատիկեի ավազանը և ջրերը խառնում»[2]։

Վերևի հատվածն ընդհանրապես բացակայում է հին և արժեք ներկայացնող բազմաթիվ ձեռագրերում և թարգմանություններում։

Սուրբ Օգոստինոսի (354-430) հետևյալ տողերը՝ « ... իսկույն տեսնվում էր ջրի շարժվելը, սակայն չէր տեսնվում ո՛ւմ կողմից շարժվելը ... », մտածել է տալիս, որ մեծ Հայրապետի ձեռքի տակ գտնվող Ավետարաններում պակասում էր չորրորդ համարը, որտեղ հստակ կերպով ասված է, որ ջուրը շարժողը «Տիրոջ հրեշտակն» էր։

Ասենք նաև, որ Մարտին Բոդմերի[3]՝ 1956 թվականին գտած և հրատարակած «Papyrus Bodmer II» կոչվող ձեռագրում, որն ըստ բանասերների՝ մոտ 200 թվականին է գրվել, չկա ո՛չ շնացող կնոջ պատմությունը, ո՛չ էլ Պրոբատիկեի ավազանի հրեշտակի նկարագրությունը։

Այս ամենը նկատի առնելով՝ այսօր քիչ չէ այն մասնագետների թիվը, ովքեր մերժում են չորրորդ համարի վավերականությունը։

3) Հարկավոր է ավելացնել, որ վերոհիշյալ Հինգերորդ գլխի վերջին տողն էլ՝ «ովքեր ջրերի շարժվելուն էին սպասում»[4], բացակայում է շատ հին ձեռագրերում։

Բազմաթիվ բանասերներ, սակայն, ընդունում են այդ տողի վավերական լինելը, քանի որ այն սերտորեն կապ ունի յոթերորդ համարի հետ, որտեղ գրված է. «Տեր, – պատասխանեց հիվանդը, – մեկը չունեմ, որ ինձ ավազան նետի, երբ որ ջուրը շարժվում է»[5]։

4) Տարակույսներ կան նաև Քսանմեկերորդ գլխի վերաբերյալ։ Շատ շատերն այն կարծիքին են, որ վերջին գլուխն ավելացվել է Հովհաննես Առաքյալի աշակերտներից մեկի կամ մի քանիսի կողմից։

Սույն կարծիքին հարող մասնագետներն ասում են, թե Քսաներորդ գլուխն արդեն վերջաբան ունի՝ վերջին համարները։ Քսանմեկերորդ գլուխն այդ պարագայում պիտի երկրորդ վերջաբան լինի, ինչն անբնական է։

Իսկ նրանք, ովքեր ընդունում են Քսանմեկերորդ գլխի Հովհաննես Առաքյալի կողմից գրված լինելը, այս առարկությանը պատասխանելով՝ ասում են, որ Հովհաննես Առաքյալի Առաջին Նամակում էլ կա նման մի վերջաբան, սակայն վերջաբանի երևույթ ունեցող այդ տողերից հետո հեղինակը դեռ շարունակում է նոր գաղափարներ արտահայտել[6]։

Քսանմեկերորդ գլուխը, – ասում են այս վերջինները, – չորրորդ Ավետարանչի գրչից է ծնվել, քանի որ դրա լեզուն, ոճն ու բառապաշարն ունի։

Հարկավոր է ընդունել, սակայն, որ այդ լեզվական նմանություններին առընթեր՝ կան նաև այնպիսի տարրեր, որոնք հեռու են Հովհաննես Առաքյալի գրելաոճից։ Եվ վերոհիշյալ տարրերն այնքան շատ են, որ մարդ հակվում է մտածելու, թե դրա հեղինակը Հովհաննեսը չէ, այլ՝ նրա հարազատ աշակերտներից մեկը։ Այս աշակերտը սիրում է ավելի մանրամասնություններով ներկայացնել անձանց, օրինակ՝ «Նաթանայելը, որ Գալիլեայի Կանա քաղաքից էր»[7]։ «Զեբեդեոսի որդիները»[8] բացատրությունը բնավ գոյություն չունի չորրորդ Ավետարանում, սակայն կա այս վերջին գլխում. այս փաստը կասկածի առիթ է տալիս, թե այն Հովհաննես Առաքյալի գրչից է ծնունդ առել։

Ամեն դեպքում, եթե անգամ հեղինակների մեծամասնությունն այսօր այն կարծիքին է, թե չորրորդ Ավետարանի Քսանմեկերորդ գլուխը գրվել է ո՛չ թե Հովհաննես Առաքյալի, այլ՝ իր աշակերտներից մեկի կողմից, սրանով հանդերձ, սակայն, ոչ մի տարակույս չկա դրա ներշնչված լինելու մասին։

Նույնիսկ նրանք, ովքեր Քսանմեկերորդ գլուխը Հովհաննես Առաքյալին են վերագրում, նրանց մեծամասնությունը, սակայն, ընդունում է, որ Քսանմեկերորդ գլխի գոնե վերջին երկու համարները (24-25) ավելացվել են Առաքյալի աշակերտների կողմից։

Վերոհիշյալ վիճելի կետերից բացի, ուրիշ հատվածներ էլ կան, որոնց շուրջ ևս տարակարծություններ գոյություն ունեն։

Սամարացի կնոջ Հիսուսի հետ հանդիպման երկար նկարագրության մեջ[9], կարծես, միանգամայն անտեղի սպրդել են 35-58 տողերը։

Տասներկուերորդ գլխի 24-26 համարները, որ ցորենի հատիկի մասին են խոսում, թվում է, թե հետագայում են ներմուծվել։

Միևնույն գլխի 44-50 համարները ևս ընթերցողի վրա հավելագրված լինելու տպավորություն են թողնում։

Բանասերներից ոմանք առնչակցության պակաս են գտնում նաև Քսաներորդ գլխում, որի առաջին համարում գրված է. «Կիրակի օրը Մարիամ Մագդաղենացին ... վազում է և գալիս Սիմոն Պետրոսի և այն մյուս աշակերտի մոտ, որին Հիսուսը սիրում էր»[10], լուր տալու, որ Հիսուսը հարություն է առել։ Երկու Առաքյալները վազում են դեպի գերեզման։ Այնտեղ, Հիսուսի գերեզմանը թափուր գտնելով, զարմացած տուն են վերադառնում։

Մյուս կողմից, սակայն, Ավետարանիչը միևնույն գլխի տասնմեկերորդ համարում ասում է, թե «սակայն Մարիամը կանգնած էր գերեզմանի դուրսը ու լաց էր լինում», և այլն։

[1] Հվհ 7, 53 - 8, 11
[2] Հվհ 5, 4
[3] Մարտին Բոդմեր (Martin Bodmer, 1899-1971), շվեյցարացի գրասեր և մեկենաս
[4] Հվհ 5, 3
[5] Հվհ 5, 7
[6] 1Հվհ 5, 14-21
[7] Հվհ 21, 2
[8] Նույն.
[9] Հվհ 4, 1-42
[10] Հվհ 20, 1-10
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։