Պարականոն գրությունների արժեքը – Գրադարան – Mashtoz.org

Պարականոն գրությունների արժեքը

Ինչպես տեսանք, Ղուկաս Ավետարանչի համաձայն՝ արդեն Առաջին դարի կեսերին Քրիստոսի մասին զանազան գրություններ գոյություն ունեին։ Մեզ հասած պարականոն գրությունները Երկրորդ և հետագա դարերի գործեր են թվում։ Դրանք մեզ ծանոթ կանոնական Ավետարաններից կախում ունեն, և շատ անգամ դրանց աղավաղված վերարտադրություններն են։

Իրական և կեղծ Ավետարանների միջև եղած մի համեմատությունն անմիջապես և հստակորեն ցույց է տալիս այն խորը «անդունդը», որ գոյություն ունի նրանց միջև, ասում է Ժոզեֆ Ռենանը[1], ում համաձայն՝ կեղծ Ավետարանները չորս Ավետարանների «տափակ և մանկական ընդլայնումներն» են։

Սբ. Հերոնիմոսը «հիվանդագին երազներ» է կոչում պարականոն գրությունները, որոնցում վխտացող պատմական սխալները, խեղաթյուրումները, երևակայածին հերյուրանքները հայելու պարզությամբ ցույց են տալիս դրանց շինծու և առասպելական նկարագիրը։

Անարդար պիտի լիներ, սակայն, պարականոն գրությունների ամեն արժեքն ուրանալը։ Դրանցում, անշուշտ, կարելի է գտնել առաքելական կամ քրիստոնեական նախաշրջանից մնացած ավանդությունների արձագանքը։

Գիտենք, որ Նոր Կտակարանը մեզ չի ներկայացնում Քրիստոսի ամբողջական կենսագրությունը և հավատքի բոլոր գիտելիքները։

Նոր Կտակարանի հետ համազոր՝ եկեղեցական սուրբ ավանդություններն էլ քրիստոնեական հավատքի ջինջ աղբյուրներ են։

Ո՛չ ոք չի հավակնում պնդել, թե Ավետարաններից դուրս Քրիստոսի և Քրիստոնեության մասին գրված որևէ բան սուտ է կամ առասպել։

Եկեղեցին ընդունում է որոշ վարդապետություններ ու դեպքեր՝ որպես հավատքի մաս կազմող, – օրինակ՝ Սուրբ Աստուածածնի Վերափոխումը, – որոնք բացակայում են Նոր Կտակարանում։

Պարականոն գրություններում նկարագրված է Սուրբ Կույսի՝ տաճարում Աստծուն ընծայումը։ Դարձյալ պարականոն գրություններից է, որ գիտենք Սուրբ Աստվածածնի ծնողների՝ Աննայի և Հովակիմի անունները։

Անշուշտ, վերոհիշյալ գրություններում կան ճշմարտապատում դեպքեր, որոնց վավերականության մասին, սակայն, Եկեղեցին որևէ երաշխավորություն չի ընծայում։

[1] Ժոզեֆ Էռնեսթ Ռենան (Joseph Ernest Renan, 1823-1892) – ֆրանսիացի հրապարակախոս, վաղ Քրիստոնեության ուսումնասիրող, կրոնի պատմության մասնագետ.

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։