- 02 - – Գրադարան – Mashtoz.org

- 02 -

Նույն շրջանում հռոմեացիներն աշխարհը գրաված և այն կողոպտելով հարստացած՝ իրենց զեխության, հաճույքի ու անբարոյականության էին տվել։

Հռոմում, պատկերացրեք, ամեն տարի նշվում էր հարյուր յոթանասունհինգ տոն։

Եսապաշտությունն ու հաճոյամոլությունը միահեծան տիրում էին ամենուրեք։

Արդարությունը սրի սայրն էր, իրավունքը հզորին էր պատկանում, տկարը զորավորի գերին էր, ստրուկների թիվը մեծամասնություն էր կազմում։ Կային իշխաններ, մեծահարուստներ, ովքեր հազարից ավելի ստրուկ ունեին, և վերջիններիս կյանքն իրենց քմահաճույքից էր կախված։

Այսպիսի միջավայրում կյանքի իմաստը կարծես սանձարձակ կրքերին գոհացում տալու մեջ էր կայանում։

Բարոյական, ընտանեկան սրբություն դժվար էր գտնել։ Տերտուղիանոսը, խոսքը հռոմեացիներին ուղղելով՝ անվախ ասում է. «Ձեր մոտ ամեն ինչ սեփական է, բացի կնոջից, իսկ մեր մոտ ամեն ինչ ընդհանուր է, բացի կնոջից»։

Կային վեստալուհիները, ովքեր Վեստա չաստվածուհու խորանի վրա միշտ վառ էին պահում Հռոմի սրբազան կրակը։ Այդ կույսերը թվով վեցն էին և երեսուն տարի մնում էին այդ պաշտոնին։ Ուխտում էին կույս մնալ, սակայն երեսուն տարին լրանալուց հետո ազատ էին ամուսնանալու։

Նրանք շատ առանձնաշնորհություններ ունեին։ Նրանցից որևէ մեկին նախատողին մահապատիժ էր սպառնում։ Հացկերույթների ու հանդեսների ժամանակ պատվավոր տեղերը նրանց էին վերապահված։ Եթե որևէ մահապարտ ճանապարհին վեստալուհու էր հանդիպում, ապա ազատ էր արձակվում։

Ահա՛ այսքան առանձնաշնորհություններ և փառավոր կյանք ունեցող կույս աղջիկ այդ շրջանում դժվար էր գտնել։

Ապականությունն իր գագաթնակետին էր հասել։

Ժուժկալություն, չափավորություն՝ միայն սին բաներ էին։ Որկրամոլությունն այնքա՜ն տարածված էր, որ շատերն իրենց կերածները փսխում էին՝ ստամոքսները դատարկելու և կրկին ուտելու համար։

Կրկեսներում տեղի ունեցող գլադիատորների, ցլամարտիկների մենամարտերին և ա՛յլ վայրագ տեսարաններին ներկա գտնվելով՝ ժողովրդի մարդկային զգացումները, խիղճը բթացել էին և դրանց փոխարեն գազանային զգացումներ էին առաջացել։

Գլադիատորները «եղջերափողերի և փողերի ձայնը լսելով՝ մենամարտում էին զույգ զույգ կամ խումբ խումբ՝ ներկայացնելով իրական պատերազմի տեսարան։ Երբ մարտիկներից մեկը գետին էր ընկնում, հանդիսատեսների իրավունքն էր վճռել նրա մահն ու կյանքը։ Նա, ով վստահաբար էր մարտնչում, շնորհի չէր արժանանում և պարտավոր էր վայր դրած զենքերը կրկին վերցնել և դարձյալ կռվել մինչև արյան վերջին կաթիլը։ Ստրուկներն ասպարեզից կարթերով բռնում հեռացնում էին դիակները։ Հերմեսի նման հագնված մի մարդ մահացածներին ստուգում էր՝ շիկացած երկաթով նրանց դիպչելով, և այն վիրավորները, ովքեր ի վիճակի չէին լինելու կազդուրվել, սպանվում էին։ Այս արյունաթաթավ խաղերը, որոնց սոսկ գաղափարն անգամ մեզ սոսկում է պատճառում, հռոմեական ժողովրդի մեծագույն զվարճությունն էին։ ... Ստիպում էին, որ անզրահ ու անվահան որևէ մի մարդ առյուծի կամ արջի հետ կռվեր։ Այս տեսարանը հռոմեացու համար մասնավորապես նրբաճաշակ մի բան լինելով՝ այն ավելի հետաքրքրական ու իրենց ճաշակին հարմար տեսարանի վերածեցին, այն է՝ առյուծներ ու վագրեր բաց թողնելով մերկ ու ցցին շղթայված մահապարտների վրա, տղամարդ լիներ նա, թե կին։ Հաճույքը կայանում էր դատապարտյալների պատառումն ու հոշոտումը տեսնելու մեջ։ Այս չարչարանքին է, որ հաճախ ենթարկվեցին քրիստոնյա մարտիրոսները»[1]։

Ահա՛, այսպիսի միջավայրում է, որ Առաքյալները Քրիստոնեության առաջին սերմերը ցանեցին, մի նոր կրոն բերեցին, որը հեթանոսական կրոնի ամբողջովին հակապատկերն էր։

«Նրանց կրոնը ''Պետության պաշտամունք'' էր, լի սուտումուտ պատգամներով, մոլեռանդությամբ ու նախապաշարումներով։

Հռոմեացիներն ամենուրեք աստված էին տեսնում։ Հռոմեական ժողովուրդը երեսուն հազար աստվածներ ու ոգիներ ուներ։ Հռոմեացի վիպասան Պետրոնիոսը ծաղրանքով գրում է. ''Մեր երկիրն այնքա՜ն լեցուն է աստվածներով, որ շատ ավելի դյուրին է այստեղ որևէ աստծո հանդիպել, քան մարդու''։

''Հռոմեական կրոնն'' անտեսել էր բարոյական օրենքը, ու թեև սին անմահություն էր երազում, սակայն փրկությունը տեսնում էր ո՛չ այնքան պարտականությունների կատարման և հավատքի ու սիրո թռիչքի, որքան՝ խորհրդավոր, այլանդակ, պիղծ ու անգութ ծեսերի մեջ։ ... Հռոմեական Պանթեոնն ա՛յլ բան չէր, եթե ո՛չ՝ ամեն ազգի ախտերի ներկայացուցիչը, նրանց եսապաշտությունը ծպտող դիմակը։ ''Չկա որևէ մի պառավ'', ասում էր փիլիսոփա Կիկերոնը, ''որ հավատք ընծայի Տարտարոսի առասպելին ու Էլիզյան վայելքներին'' և որ ''հնարավոր չէ, որ երկու թռչնագուշակ իրար հանդիպեն ու մեկը մյուսին չժպտա''»[2]։

Մարդկորեն խոսելով՝ հնարավոր չէ, որ այսպիսի մտայնությամբ թրծված հեթանոս ժողովրդի կողմից ընդունելություն գտներ Քրիստոսի կրոնը, որը ո՛չ միայն ամբողջովին տարբեր սկզբունքներ էր բերում, այլ նաև՝ իրենց ապրելակերպը խարազանող, խստորեն պախարակող, իրենց կրքերը սանձահարող օրենքներով լի վարդապետություն էր։

Այն հռոմեացիները, ովքեր սովորաբար թույլատու և հանդուժող էին իրենց գրաված երկրների կրոնների հանդեպ, քրիստոնյաների ամենակատաղի հալածողները եղան և ամեն միջոց գործածեցին՝ այն երկրի վրայից ջնջելու համար։

Քանի որ Քրիստոնեությունն ու քրիստոնյաներն իրենց վարքով ու բարքով տևական հանդիմանություն էին ախտավարակ նրանց կյանքի համար, ովքեր նյութական հաղթանակներից ու կողոպտված հարստություններից հղփացած՝ ցանկանում էին իրենց կյանքը զեղխությամբ և հաճույքներով շարունակել։

Քրիստոնեությունը քարոզում էր հավասարություն և եղբայրություն, սեր և նվիրում։ Քրիստոնյայի համար գոյություն չունի ո՛չ հարուստ, ո՛չ աղքատ, ո՛չ ստրուկ, ո՛չ հույն, ո՛չ հրեա, ո՛չ բարբարոս, բոլորն էլ Աստծո առաջ հավասար են։

Հեթանոսի համար ուժն ու հարստությունն էին երջանկության բանալին, մինչդեռ Քրիստոսը քարոզում էր աղքատություն, աշխարհիկ հարստությունից հրաժարում, առնվազն՝ հարստության արդարացի գործածում։

Եսապաշտության ու գոռոզամտության փոխարեն, Հիսուսն ուսուցանում էր. «Հեզ և խոնարհ եղեք սրտով, որովհետև նա, ով ինքն իրեն բարձրացնում է, պիտի խոնարհվի, և նա, ով ինքն իրեն խոնարհեցնում է, պիտի բարձրանա» (Ղկս 14, 11)։

Փոխանակ ատելության, Հիսուսն ասում էր. «Սիրեցե՛ք իրար, սիրեցե՛ք ձեր թշնամիներին, ներեցե՛ք բոլորին» (Հվհ 15, 12; Ղկս 6, 27.37)։

Անբարոյության, զգայամոլության, որկրամոլության և ա՛յլ մոլությունների, անկարգ զգացումների դեմ սանձ դնելով՝ Քրիստոսը ժուժկալություն, սանձված ու հսկված կյանք, մարմնի անկարգ ցանկություններից հրաժարում, ողջախոհություն և հրեշտակային մաքրություն էր պատվիրում։

Մի խոսքով, Հիսուսը կամեցավ մարդուն կերպարանափոխել, անկյալ վիճակից բարձրացնել, սրբացնել, աստվածացնել։ Նա ասաց. «Կատարյալ եղեք դուք, ինչպես որ ձեր երկնավոր Հայրը կատարյալ է» (Մտթ 5, 48)։

Քրիստոնյաներին հալածելու և բնաջնջելու գործում նվազ դեր չունեցան նաև հեթանոս քուրմերն ու մոգերը, ովքեր մոլեռանդությամբ կուրացած՝ ամեն միջոցի դիմեցին նոր կրոնի տարածմանը, առաջխաղացմանը խանգարելու համար, միգուցե վախենալով, որ Քրիստոնեության հաղթանակով իրենց վախճանն է վրա հասնելու։

Քրիստոնեական կրոնի տարածումը հեշտ չէր նաև այն դժվարիմաց խորհուրդների պատճառով, որոնք քրիստոնյա հավատքի անբաժան մաս են կազմում։

Ամենասուրբ Երրորդության և Աստծո Մարդեղության Խորհուրդները, որոնք ո՛չ միայն հեթանոսների, այլ՝ նաև մահմեդականների համար են անընդունելի խորհուրդներ։

Աստված մեկ է բնությամբ, բայց երեք Անձ ունի՝ Հայր Աստված, Որդի Աստված և Սուրբ Հոգի Աստված։ Երեք Անձերն էլ, թեև իրարից տարբեր, սակայն միևնույն Էությունն ունեն և մեկ Աստվածություն են կազմում։

Ամենասուրբ Երրորդության երկրորդ Անձը՝ Որդի Աստված, մեր նման մարդ եղավ, հղացվեց Սուրբ Հոգու զորությամբ և ծնվեց Սուրբ Կույս Մարիամ Աստվածածնից՝ առանց դադարելու Աստված լինելուց, եղավ կատարյալ մարդ և կատարյալ Աստված։

Հեթանոսի համար դժվար է ընդունել Փրկագործության Խորհուրդը, այն է թե՝ Հիսուսը՝ Աստծո Որդին, որպես մարդ մահացավ Խաչի վրա՝ մեր մեղքերը քավելու և մեզ փրկելու համար սատանայի գերությունից և դժոխքի հավիտենական կրակից։

Աստված, որ մահանում է մարդու համար, այն էլ՝ անարգ խաչի վրա։ Հռոմեացիների համար Խաչն ամենանվաստացուցիչ պատիժն էր համարվում, հիմնականում ստրուկների համար վերապահված։

Հռոմեացի մեծ ճարտասան Կիկերոնը, երբ մի հռոմեացի հանցագործ մահվան պիտի դատապարտվեր, հրապարակավ խնդրեց, որ խաչի անունն անգամ չհիշվի որպես պատիժ այդ դատապարտյալի համար, որովհետև հռոմեացի և ազատ մարդու համար խաչի պատիժն անարգական էր։

Խաչը վերապահված էր օտարների համար։ Պետրոս Առաքյալը հրեա լինելու պատճառով խաչվեց, իսկ Պողոս Առաքյալը՝ լինելով հռոմեահպատակ քաղաքացի, փոխանակ խաչվելու՝ գլխատվեց։

Արդ, ինչպե՞ս կարելի է, որ խաչի վրա մահացած մեկին ընդունեն իբրև Աստված և հետևեն Նրա վարդապետությանը, նրանք, ովքեր այդքա՜ն ատելություն ունեին խաչի հանդեպ։

Անդրադառնանք Ամենասուրբ Հաղորդության խորհրդին, Սուրբ Պատարագին, որը Քրիստոնեության սիրտն է կազմում։

Վերջին Ընթրիքի ժամանակ Հիսուսը հացը վերցրեց, օրհնեց և Առաքյալներին տալով՝ ասաց. «Առե՛ք, կերե՛ք, սա իմ մարմինն է ... », և գինու բաժակն առնելով՝ ասաց. «Խմեցե՛ք սրանից, սա իմ արյունն է, որ ձեր և շատերի համար է հեղվում»։ Ամեն քրիստոնյա հավատում է, որ Պատարագի ընթացքում քահանայի կողմից արտասանված սրբագործման խոսքերից հետո հացը փոխվում և դառնում է Հիսուսի ճշմարիտ Մարմինը, և գինին դառնում է Քրիստոսի ճշմարիտ Արյունը, թեև հացի և գինու արտաքին երևույթները չեն փոխվում։

Հիսուսը, հակառակ թանձրամիտ հրեաների տրտունջին, առանց բառերը ծամծելու, հայտնապես ասաց. «Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ, եթե չուտեք Մարդու Որդու մարմինը և չըմպեք նրա արյունը, ձեր մեջ կյանք չեք ունենա։ Ով ուտում է իմ մարմինը և ըմպում իմ արյունը, հավիտենական կյանք ունի. և ես նրան վերջին օրը հարություն առնել պիտի տամ, քանի որ իմ մարմինը ճշմարիտ կերակուր է, և իմ արյունը՝ ճշմարիտ ըմպելիք։ Ով ուտում է իմ մարմինը և ըմպում իմ արյունը, կբնակվի իմ մեջ, և ես՝ նրա մեջ» (Հվհ 6, 54-57)։

Եկեղեցու անսխալ վարդապետության մաս է կազմում Ամենասուրբ Հաղորդության Խորհուրդը։ Առաջին քրիստոնյաներն ամեն անգամ, երբ հավաքվում էին ու միասին ճաշում, ճաշի ավարտին հաղորդվում էին Հիսուսի Աուրբ Մարմնով ու Արյունով։

Արդ, այս Հաղորդության արարողությունը սխալ էր հասկացվել հեթանոսների կողմից, ովքեր քրիստոնյաներին ամբաստանում էին, իբրև թե իրենց գաղտնի արարողությունների ժամանակ մի մանուկ էին սպանում, և նրա մարմինն ուտում էին և արյունը խմում։

Այս և նման սխալ հասկացողությամբ՝ հեթանոսները Քրիստոնեությունը գարշելի ու խորշելի կրոն էին անվանում։

Հռոմեացի մեծ պատմաբան Տակիտոսը (50-120), որ ապրում էր առաջին քրիստոնյաների ժամանակաշրջանում, Քրիստոնեությունը «ժանտաբեր սնապաշտություն»[3] էր կոչում։

Մի քանի տարի անց, մեկ ա՛յլ հռոմեացի պատմիչ՝ Սվետոնիուսը (75-160), ով գրել է Տասներկու Կայսրերի Վարքը, Ներոն անգութ կայսեր նվիրված գլխում գրում է. «Ներոնի հրահանգով քրիստոնյաները չարչարանքների ենթարկվեցին, մարդիկ, ովքեր հետևում էին նոր ու չարագործ սնապաշտությանը»[4]։

Դարձյալ մեկ ա՛յլ հեթանոս գրող՝ Լուկիանոս Սամոսատցին, 170-ական թվականներին խաչն արհամարհելով՝ գրում է. «Քրիստոնյաները լքեցին աստվածների պաշտամունքը և իբր Աստված պաշտում են Պաղեստինում խաչված մի մարդու»[5]։

Ահա՛, մի քանի մեջբերումներով ցույց տվեցինք, որ հռոմեացիները՝ լինի՛ գիտուն, լինի՛ անուս, ինչպիսի՜ վատ կարծիք ունեին Քրիստոսի ու քրիստոնյաների մասին։

Բնական է, որ այսպիսի սխալ կարծիքներով և Քրիստոնեության դեմ ատելությամբ լի հեթանոսներին քրիստոնյա դարձնելը մարդկային գործ չէր։

Աստծո հատուկ շնորհն էր անհրաժեշտ՝ նման մարդկանց դարձի բերելու համար։

Կա նաև մեկ ա՛յլ փաստ, որ հարկավոր է հաշվի առնել, որ է՝ բոլոր տեսակի դժվարություններին, մարդկայնորեն անհաղթահարելի խոչընդոտներին, պետական խիստ հալածանքներին հակառակ՝ Քրիստոսի կրոնն արագորեն տարածվեց, ո՛չ թե հրով ու սրով, չպարտադրվեց բռնությամբ ու չարչարանքներով, այլ՝ ընդհակառակն, նրանց սրտերը գրավեց իր սրբության հմայքով, մտքերը համոզեց իր ճշմարտության լույսով և հաղթանակեց աստվածային զորությամբ։

Քրիստոնեությունը տարածվեց՝ տապալելով չաստվածներին, հալածեց տգիտության խավարը, ոտնակոխ արեց մարդկային փառքը, կործանեց մոլության ու մոլորությունների բոլոր տեսակի կուռքերը, հարստություն, մարմնական հաճույքներ ու կրքեր, ո՛չ թե բանակներով ու զենքով, այլ՝ իր անթիվ նահատակների արյամբ։

Մարտիրոսների արյան ծովից ծագեց Քրիստոսի արևը, որ լուսավորեց աշխարհի չորս կողմերը։

Իրավամբ է գոչում Հուստինոսը (100-165). «Որքան ավելի են մեզ չարչարում, հավատացյալների թիվն այնքան ավելի է շատանում»։

Իսկ մեծն Տերտուղիանոսն ավելացնում է. «Աքսորները Քրիստոնեության ավետման պատգամավորություններն էին, իսկ մարտիրոսների արյունը՝ Քրիստոնեության սերմն էր»։

[1] Հ. Սահակ Տեր Մովսէսեան, Հին պատմութիւն, Արեւելք - Յունաստան - Հռոմ, Գ. մաս, Վենետիկ 1917, էջ 406-407.
[2] Նույն, էջ 410-411.
[3] Տակիտոս, Ժամանակագրություններ, XV, 44.
[4] Սվետոնիուս, Ներոնի կյանքը.
[5] Լուկիանոս Սամոսատցի, Ուխտավորի մահը.
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։