Եռյակ ավանդություն – Գրադարան – Mashtoz.org

Եռյակ ավանդություն

Եռյակ ավանդության պատկանող նյութերը գրավում են Մարկոսի Ավետարանի կեսը, Մատթեոսի Ավետարանի մեկ երրորդը, իսկ Ղուկասի Ավետարանի մեկ երրորդից մի քիչ պակաս. այսինքն՝ եթե Մարկոսի Ավետարանում մոտ 660 համարներ կան, դրանցից 330-ը, Մատթեոսի 1068 համարներից 330-ը, ինչպես նաև Ղուկասի 1150 համարներից 330-ը եռյակ ավանդության մաս են կազմում։

Եռյակ ավանդության մասին հարկավոր է նաև ավելացնել, որ համատես Ավետարաններում դեպքերը ժամանակագրական և աշխարհագրական այնպիսի հերթականությամբ են պատմվում, որ գրեթե նույնն է երեք Ավետարաններում։

Երբեմն, սակայն, Ավետարանիչներից մեկը կամ մյուսը ընդհանուր ուղուց շեղվում է։ Հերթականությունը խախտողը կա՛մ Մատթեոսն է և կա՛մ Ղուկասը։ Մարկոսը միշտ համաձայն է կա՛մ մեկին և կա՛մ մյուսին։ Այս պարագան ցույց է տալիս, որ Մարկոսը եռյակ ավանդության մեջ կենտրոնական դեր ունի։

Նույն բանը կարելի է ասել գործածված բառերի մասին։ Թեև ամեն Ավետարանիչ իր անձնական կնիքն է դրել իր Ավետարանում, սակայն կան ասացվածքներ և բառեր, որոնք երեք Ավետարանիչներին էլ բնորոշ են։

Այս առումով առավելապես Մարկոսի գործածած մի շարք բառերն են, որ գտնվում են երբեմն մեկ և երբեմն մյուս Ավետարանչի մոտ։

Համատես Ավետարաններում 330-350-ի չափ համարների նմանությունը, այնտեղ նկարագրվող հաջորդականությունը և շատ բառերի ու ասացվածքների նույնությունը չի կարող դիպվածի արդյունք լինել, այլ՝ մի ընդհանուր աղբյուր է ենթադրում, որից օգտվել են երեք Ավետարաններն էլ։

Երեք Ավետարանների միջև գտնվող այսքան սերտ նմանություններին գոհացուցիչ բացատրություն տալու համար հարկավոր է ընդունել, որ այդ ընդհանուր աղբյուրը պետք է որ գրավոր լինի։ Բանավոր ավանդությունը՝ որպես աղբյուր, բավարար չէ վերոհիշյալ նմանություններին լուծում տալու համար։

Չենք կարող նաև հաստատել, որ այդ ընդհանուր աղբյուրը, հակառակ հնության դրոշմը կրելուն, անպայման Մարկոսի Ավետարանն է եղել, քանի որ թե՛ Մատթեոսի և թե՛ Ղուկասի մոտ այնպիսի կտորներ կան, որոնք Մարկոսի Ավետարանից ավելի հին և նախնական են թվում։

Նաև պարագաներ կան, որտեղ Մատթեոսը և Ղուկասն իրար նման են և տարբերվում են Մարկոսից[1]։ Օրինակ, Մատթեոսի Ավետարանում ժողովուրդը Հիսուսի մասին ասում է. «Սա հյուսնի որդին չէ՞»։ Նմանապես Ղուկասը գրում է. «Սա Հովսեփի որդին չէ՞»։ Մինչդեռ Մարկոսը մի փոքր ա՛յլ կերպ է ասում. «Սա հյուսնը չէ՞»։

Սրանցից բացի, Մարկոսի Ավետարանում Հիսուսի որոշ թվով խոսքեր և ա՛յլ դեպքերի նկարագրություններ կան, որոնք Մատթեոսի և Ղուկասի մոտ չեն հանդիպում։

Այս բոլոր տվյալները միասին վերցրած՝ ավելի հավանական ենք գտնում, որ Մարկոսից հին՝ մեկ կամ մեկից ավելի աղբյուրներ են գոյություն ունեցել։

[1] Հմմտ. Մտթ 13, 55; Ղկս 4, 22; Մրկ 6, 3

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։