Հիսուսն Աստծո փառքը միայն փնտրեց – Գրադարան – Mashtoz.org

Հիսուսն Աստծո փառքը միայն փնտրեց

Սուրբը պիտի արհամարհի աշխարհի փառքն ու հարստությունը, խոնարհ ու համեստ լինի, և միայն Աստծո փառքը փնտրի։

Ավետարանում անթիվ են Հիսուսի գործերն ու խոսքերը, որոնք ցույց են տալիս Հիսուսի անհուն խոնարհությունը, մարդկային փառքերից փախուստը և միայն Աստծո փառքը փնտրելը։

Հիսուսը մինչև Իր երեսուն տարեկանը ծածուկ կյանք ապրեց՝ մարդկանց աչքերից հեռու։

Փորձության լեռան վրա սատանան Նրան ցույց տվեց աշխարհի բոլոր թագավորությունները՝ ասելով. «Քեզ կտամ այս ամբողջ իշխանությունը և սրանց փառքը, որովհետև ինձ է տրված, և ո՛ւմ որ կամենամ, կտամ այն։ Արդ, եթե դու իմ առաջ ընկած երկրպագես, բոլորը քոնը կլինի» (Ղկս 4, 5-8)։

Բոլորին հայտնի է Հիսուսի բացասական պատասխանը։

Մեկ ա՛յլ առիթով, հրեաները հմայված Հիսուսի իմաստությունից ու գործած հրաշքներից՝ ցանկացան նրան իրենց թագավոր կարգել։ Սակայն Հիսուսը խորշում էր այդպիսի փառքից, և հետևաբար՝ ժողովրդից խույս տվեց (Հվհ 6, 15)։

Հիսուսը երեք Առաքյալների առջև այլակերպվեց Թաբոր լեռան վրա։ Երեսն արեգակի նման լուսավորվեց, զգեստները լույսի նման սպիտակ դարձան։ Այս հրաշալի դեպքից հետո, «մինչ լեռից իջնում էին, Հիսուսը նրանց պատվիրեց ու ասաց. Այդ տեսիլքի մասին ոչ ոքի ոչինչ չասեք, մինչև որ Մարդու Որդին մեռելներից հարություն առնի» (Մտթ 17, 2-9)։

Հիսուսը հաճախ հիվանդներ էր բժշկում և պատվիրում էր, որ մարդու չասեն (Մրկ 5, 43)։

Հիսուսը բացահայտ կերպով ասում է Իր հակառակորդներին. «Պատվում եմ իմ Հորը, իսկ դուք անարգում եք ինձ։ Ես իմ փառքը չեմ փնտրում» (Հվհ 8, 49-50)։

Հիսուսը մեկ ա՛յլ առիթով ասում է. «Ով ինքն իրենից է խոսում, իր համար է փառք փնտրում, իսկ ով փնտրում է փառքը նրա, ով իրեն ուղարկել է, նա ճշմարիտ է, և նրա մեջ սուտ բան չկա» (Հվհ 7, 18)։

Նշանակալի են նաև Առաքյալներին ուղղված Հիսուսի հետևյալ խոսքերը. «Եվ ինչ որ ուզեք իմ անունով, այն կանեմ, որպեսզի Հայրը փառավորվի Որդու միջոցով» (Հվհ 14, 13)։

Ամեն բանում Աստծո փառքը փնտրելով՝ Հիսուսն Իր կյանքի վերջին երեկոյան արդարորեն պիտի ասեր Իր երկնավոր Հայրը. «Ես Քեզ փառավորեցի երկրի վրա. կատարեցի այն գործը, որն ինձ տվեցիր, որ անեմ. և Դու այժմ փառավորիր ինձ, Հա՜յր, Քո մոտ եղող այն փառքով, որ ունեի Քո մոտ՝ նախքան աշխարհի լինելը» (Հվհ 17, 4-5)։

Արդ, միայն սրբերին է հատուկ ամեն բանում Աստծո կամքն ու փառքը փնտրել։

Արդարև, Հիսուսը՝ Սրբերի Սուրբը, Իր ողջ կյանքի ընթացքում անշեղ միայն մեկ նպատակ հետապնդեց. սիրել Աստծուն և լիովին կատարել Նրա կամքը՝ միայն Նրա փառքի համար։

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։