- 01 - – Գրադարան – Mashtoz.org

- 01 -

Նախորդ գլուխներում ցույց տվեցինք, որ Քրիստոսն Աստծո Որդին է, Քրիստոսն Աստված է։ Եվ այս հաստատմանը որպես ապացույց՝ բերեցինք Հիսուսի գործած անթիվ հրաշքները, մասնավորապես՝ Նրա հրաշալի Հարությունը։

Այժմ, սույն գլխում մի նոր փաստ էլ պիտի ավելացնենք՝ ցույց տալու համար Քրիստոսի աստվածությունը, Նրա վարդապետության աստվածային լինելը։

Այս փաստը վերցնում ենք Եկեղեցու հազարավոր Մարտիրոսներից, ովքեր իրենց արյունը հեղեցին Քրիստոսի համար։

Պատմական իրողություն է, որ Եկեղեցու առաջին օրերից մինչև մեր օրերն անհաշվելի թվով հավատացյալներ՝ ալեզարդ ծերունիներ ու տկար մանուկներ, փափկասուն կանայք ու օրիորդներ, ուսյալ մարդիկ ու անգետներ, վերջապես, ամեն վիճակի պատկանող անձինք, ամենասոսկալի տանջանքների դիմանալով, գերմարդկային հերոսությամբ իրենց արյունն են հեղել՝ Քրիստոսի աստվածությունը վկայելու համար։

Ներկա տողերով պիտի ցույց տանք, որ այսպիսի երևույթը եզակի է և իր նմանը չունի բոլոր կրոնների պատմության մեջ, և որ միաժամանակ՝ անառարկելի ու գերհամոզիչ փաստ է Քրիստոսի՝ Աստծո Որդի լինելուն։

Բացենք Եկեղեցու պատմության առաջին շրջանի էջերը։ Բոլորն էլ արյունոտ էջեր են՝ գրված անհամար Մարտիրոսների արյամբ։

Առաջին լուսապսակ ունեցող նահատակը Սբ. Ստեփանոս սարկավագն է, ով Հիսուսի Հարությունից քիչ անց դյուցազնական արիությամբ քահանայապետների առաջ վկայեց, որ Քրիստոսն Աստծո Որդին է, և քարերի հարվածներից ջախջախված՝ ավանդեց հոգին՝ Հիսուսի նման ներելով իրեն սպանողներին։

Սբ. Ստեփանոսին հաջորդում է Հովհաննես Ավետարանչի եղբայրը՝ Հակոբոս Առաքյալը, ով գլխատվում է քրիստոսատյաց Հերովդես թագավորի հրամանով՝ Քրիստոսի հետևորդ լինելու համար։

Նորակազմ Եկեղեցու տակավին սակավաթիվ անդամները սուր հալածանքների ու չարչարանքների են ենթարկվում։

Քրիստոնեության սարսափազդու թշնամին՝ Սողոսը, հրաշքով Պողոս է դառնում, լինում է Քրիստոնեության ամենաջերմ ջատագովն ու քարոզիչը, ով Պետրոս Առաքյալի նման, առաքելական կյանքի տառապալի կյանքից հետո, 64 թվականին ձերբակալվում է և Հռոմում գլխատվում։ Նույն ժամանակաշրջանում Պետրոս Առաքյալն էլ է գլխիվայր խաչվում։

Մյուս բոլոր Առաքյալներն էլ, բացի Հովհաննեսից, մարտիրոսության պսակին են արժանանում։

Հովհաննես Ավետարանիչն էլ հեթանոսների կողմից եռացած ձեթի մեջ տանջվելուց հետո, հոգին ավանդում է խոր ծերության մեջ։ Նա, որպես ականատես և ունկնդիր վկա, գրում է իր Ավետարանը՝ անմահացնելով Հիսուսի կյանքը, խոսքերն ու հրաշքները, որպեսզի, ինչպես նա ինքն է ասում, «դուք հավատաք, որ Հիսուսը Քրիստոսն է՝ Աստծո Որդին. նաև, որպեսզի հավատալով՝ Նրա անունով հավիտենական կյանքն ընդունեք» (Հվհ 20, 31)։

Հիսուսի մի բուռ Առաքյալների ու աշակերտների հեղած արյունը բոցավառ հրդեհի նման Քրիստոսի վարդապետությունը տարածում է աշխարհի չորս կողմերում։

Նույն շրջանում աշխարհի մայրաքաղաք աշխարհակալ Հռոմում իսկ, որտեղ Քրիստոնեությունը հազիվ էր սկսել թափանցել, հռոմեացի կայսրերը քրիստոնյաներին հալածելու և բնաջնջելու անողորմ վճիռներ են արձակում։

Արյունարբու Ներոնն առաջին կայսրն է լինում, որ 64 թվականին հրովարտակ է հանում քրիստոնյաներին հալածելու և սպանելու համար։

Եվ ահա՛ սկսվում է նորադարձ քրիստոնյաների ահավոր ջարդը։ Նրանցից շատերը ձերբակալվում են, բանտերում անլուր տանջանքների են ենթարկվում, սպանվում են, կրկեսներում վայրի կենդանիների կեր են դառնում։

Ներոնից հետո գահին նստում է Դոմետիանոս կայսրը, որի հրովարտակով բոլոր քրիստոնյաները դատապարտվում են որպես ամբարիշտներ։

Հետո եկավ Ադրիանոսը, Անտոնիուս Պիուսը, Տրայանոսը, Մարկոս Ավրելիոսը, Դեկոսը, և այլն։

Հալածանքներից ամենասոսկալիներից մեկը եղավ Դիոկղետիանոս կայսեր նախաձեռնած հալածանքը, որ տարածվեց կայսրության բոլոր երկրներում։

Եվրոպայի, Ասիայի, Աֆրիկայի բոլոր նահանգներում տեղի ունեցան սոսկալի ջարդեր, աննկարագրելի չարչարանքներով նահատակվեցին բյուրավոր քրիստոնյաներ, ովքեր բոլոր չարիքների արմատ էին համարվում։

Տերտուղիանոսը (155-220), ով այդ հալածանքների ականջալուր վկան էր, վկայում է, որ քրիստոնյաները հասարակական բոլոր չարիքների, բոլոր դժբախտությունների պատճառ էին համարվում։ Եթե Տիբերիոս գետը վարարի, եթե Նեղոսը դաշտերը չոռոգի, եթե երաշտ լինի, եթե երկրաշարժ լինի, եթե սովը, ժանտախտը տարածվեն, անմիջապես գոռում են՝ քրիստոնյաներին առյուծների դիմաց պետք է նետել։

Եթե որևէ ա՛յլ կրոն այսքա՜ն ահավոր, համատարած հալածանքների ենթարկված լիներ, եթե ո՛չ բնաջնջված, ապա առնվազն չնչին հետևորդներ միայն պիտի ունենար։

Դժոխքի ուժերը փորձեցին Քրիստոսի Եկեղեցին իր օրորոցում խեղդել, սակայն դա նրանց չհաջողվեց՝ ըստ Քրիստոսի մարգարեական խոսքերի, թե՝ «Դժոխքի դռները պիտի չհաղթահարեն նրան» (Մտթ 16, 18)։

Առաջին երեք դարերում տեղի ունեցած մահասփյուռ հալածանքներից հետո Քրիստոսի Եկեղեցին ո՛չ միայն կանգուն մնաց, այլ՝ ավելի զորացավ ու ծաղկեց։

313 թվականին Կոստանդիանոս կայսրը Միլան քաղաքում հրովարտակ լույս ընծայեց, որով քրիստոնյաներին ազատություն շնորհեց։

Այդ նշանավոր հրովարտակում կայսրը գրում է. «Մենք վճռեցինք քրիստոնյաներին և բոլոր մյուսներին շնորհելու, որ ազատ կերպով ընդգրկեն իրենց նախադաս համարած կրոնը, որպեսզի երկնքում բնակվող Աստվածությունը հաշտ և նպաստավոր լինի, թե՛ մեր և թե՛ մեր տիրապետության տակ ապրողներին»։

Քրիստոնեությունը շունչ առավ, Եկեղեցին գետնի տակից՝ գետնադամբաններից լույս աշխարհ դուրս ելավ, ամենուրեք կառուցվեցին մատուռներ, եկեղեցիներ, որոնց վրա փայլում էր Սուրբ Խաչը։

Կարծես հալածանքները վերջ էին գտել, և քրիստոնյաների համար մի նոր դարագլուխ էր բացվել։

Բայց ահա՛ կայսերական գահին բարձրացավ Կոստանդիանոսի թոռը՝ Հուլիանոսը (361-369), ով Քրիստոնեությունն ուրանալով՝ ցանկացավ հեթանոսությունը վերականգնել։

Հալածանքի փոթորիկը կրկին անցավ Եկեղեցու բուրավետ ծաղկաստանի վրայով։

Չարչարանք, աքսոր, մահ՝ վերստին ամենուրեք իրենց խոժոռ դեմքերը ցույց տվեցին։

Հեթանոսական հալածանքներից զատ՝ Եկեղեցին արյունով ներկվեց ներքին երկպառակություններից, հերձվածողներից, հերետիկոսներից։

Արիոսի հերետիկոսության հետևանքով, հատկապես Կոստանդիոս և Վալենտիանոս կայսրերի հրահանգով, հալածանքների մի նոր ալիք խռովեց Եկեղեցու խաղաղությունը։

Հաջորդ դարերում ներկա ենք լինում բարբարոս ժողովուրդների ավերիչ արշավանքներին։

Գոթեր, վեսթգոթեր, վանդալներ, սասանյան, արաբական, մոնղոլական, թաթարական, օսմանյան բանակներն ամբողջ դարեր իրենց անվերջանալի արշավանքների ընթացքում կողոպտեցին, քանդեցին եկեղեցիները, ավերակի վերածեցին քրիստոնյա գյուղեր, քաղաքներ, գերեցին, սրի անցկացրեցին Քրիստոսին հետևող անհամար հավատացյալների։

Ո՞վ պիտի կարողանա հաշվել ու կշռել Եկեղեցու ունեցած կորուստները, որ կրեց քաղաքակիրթ կարծված պետություններից։

Մի՞թե քիչ վնաս հասցրեցին Եկեղեցուն՝ միջին դարից սկսված և մինչ մեր օրերը հասած տեսակ տեսակ աղանդավորներն ու հերձվածողները։

Կարելի՞ է մոռանալ Ֆրանսիական Հեղափոխության, Նապոլեոնի տիրապետության շրջանում Եկեղեցու կրած տառապանքները։

Տակավին մեր հիշողության մեջ թարմ են Ստալինյան, Հիտլերյան և ա՛յլ համայնավար (կոմունիստական) երկրներում, Իսպանիայում, Մեքսիկայում, Չինաստանում, Աֆրիկայում եկեղեցիների, եկեղեցականների ու եկեղեցասերների կրած հալածանքները, աքսորավայրերում ու բանտերում կրած սարսափազդու չարչարանքներն ու մահը, որոնք հիշեցնում են առաջին դարերի քրիստոնյաների շրջանը։

Եվ հատկապես, ինչպե՞ս մոռանալ Հայ Ազգի ունեցած արյունահոսումը, որ տևեց ամբողջ դարեր՝ Գրիգոր Լուսավորչից մինչև Հայության բնաջնջման Գողգոթան՝ ցեղային խաչելությունը, որ տեղի ունեցավ Առաջին Համաշխարհային Պատերազմի ընթացքում, անաստված իդեոլոգիաներով վարակված ցեղակրոնների ձեռամբ։

Պատմական անհերքելի իրողություն է, ուրեմն, որ Քրիստոսի Եկեղեցին իր ծննդից մինչև մեր օրերը, ամենուրեք և ամեն ժամանակ, ամեն ազգից և ամեն դասակարգից, ամեն տարիքից միլիոնավոր նահատակներ է տվել, ովքեր իրենց ազատ կամքով և հերոսական քաջությամբ իրենց արյունը հեղել են Քրիստոսի հավատքի համար։

Եվ այս եղելությունը եզակի երևույթ է, որ նմանը չունի որևէ ուրիշ կրոնի պատմության մեջ։

Եղելությունը եզակի է, երբ հաշվի ենք առնում նահատակների բազմազանությունը՝ հասակի, սեռի, դասակարգի և ցեղի։

Նրանց հույլի մեջ տեսնում ենք թագավորներ, թագուհիներ, թագաժառանգներ, պալատականներ, նախարարներ, իշխաններ, զորավարներ և զինվորներ, հարուստ ու աղքատ, ծեր և մանուկ, ազնվական և ռամիկ, տղա և աղջիկ, տեր և ծառա, ազատ և գերի, չարքաշ և փափկակազմ, ուսյալ և անգետ, քաղաքացի և գյուղացի, սպիտակամորթ և սևամորթ կամ ա՛յլ որևէ ցեղի պատկանող, քաղաքակիրթ և հետամնաց ժողովուրդների պատկանող, ցուրտ և տաք երկրների բնակիչներ։

Նահատակների այսքա՜ն բազմազանությունը և բազմությունն անհնարին է իբրև բնական երևույթ ընդունել, քանի որ ուրիշ ո՛չ մի այլ կրոնում նման բան չի հանդիպում։

Ճիշտ է, որ ուրիշ կրոններում էլ գտնվել են անձինք, ովքեր անվախ կերպով հանձն են առել իրենց մահը, քան թե ուրանալ իրենց կրոնը։ Բայց այս նահատակների թիվն այնքա՜ն քիչ է, որ չի կարելի համեմատության որևէ եզր գտնել քրիստոնյա նահատակների աշխարհածավալ բազմության հետ։

Այո՛, ամեն ազգ ունի իր հերոսները, ընդհանրապես զարգացած, նկարագրով քաջ, գիտակից մարդիկ, ովքեր վեհ գաղափարականի համար կամավոր կերպով զոհել են իրենց կյանքը։

Ամենուրեք եղել են մարդկությունը պանծացնող բազմաթիվ անձինք, գիտնականներ, արվեստագետներ, հանճարներ, սակայն մատների վրա է կարելի հաշվել այն հերոսների արձանները, ովքեր իրենց արյունը հեղելով՝ անմահական անուն են թողել աշխարհում։

Հերոսությունը քչերին է տրված։

Այժմ վերլուծենք մեկ ա՛յլ կետ ևս, որ է՝ քրիստոնյա նահատակների կրած չարչարանքների սաստկությունն ու այլազանությունը, որոնց նմանը ևս չենք հանդիպում մյուս կրոնների պատմության մեջ։

Ամեն տարիքի ու դասակարգի պատկանող միլիոնավոր մարդիկ ինչպե՞ս պիտի կարողանային դիմանալ իրենց ուժերից վեր եղող ահավոր չարչարանքների, եթե Աստված նրանց հատուկ ուժ չտար։

Մեր խոսքը, կրկնենք, դյուցազնական ոգով օժտված մի քանի մարդկանց մասին չէ, ովքեր, ինչպես ասացինք, բացառություններ են, այլ՝ ալեզարդ ծերերի և տկար մանուկների, փափկասուն օրիորդների, տիկնանց և ա՛յլ տկարակազմ անձանց մասին է, ովքեր գերմարդկային քաջությամբ դիմադրեցին սահմռկեցուցիչ ցավերի, տանջանքի և մահվան։

Ակնարկելով Աստծո հատուկ միջամտության մասին՝ մի՞թե Հիսուսը չէր մարգարեացել և ասել. «Ձեր վրա ձեռք պիտի դնեն և պիտի հալածեն, ժողովարանների ու բանտերի պիտի մատնեն ձեզ և կուսակալների ու թագավորների առաջ պիտի տանեն ձեզ Իմ Անվան համար։ Եվ ձեր համար դա առիթ պիտի լինի վկայության։ Արդ, ձեր մտքում դրեք սա. նախօրոք մի՛ մտահոգվեք պատասխան տալու համար, որովհետև ես ձեզ կտամ բերան և իմաստություն, որին չեն կարողանա հակառակվել կամ պատասխան տալ ձեր բոլոր հակառակորդները։ Դուք պիտի մատնվեք և՛ ծնողներից, և՛ եղբայրներից, և՛ ազգականներից, և՛ բարեկամներից, և ձեզնից ոմանց պիտի սպանեն» (Ղկս 21, 12-16). «Մի՛ վախեցեք նրանցից, որոնք մարմինն են սպանում, բայց հոգին սպանել չեն կարող» (Մտթ 10, 28)։

Արդարև, Աստծո զորությամբ զրահավորված ինչե՜ր չքաշեցին Քրիստոսի վկաները, ինչպիսի՜ քաջությամբ դիմացան աներևակայելի ամեն տեսակ տանջանքների, և մարտիրոսական պսակին արժանացան։

«Այն քրիստոնյաները, ովքեր քաղաքացի էին, գլխատվում էին (ինչպես Պողոս Առաքյալը), մյուսները ամֆիթատրոններում նետվում էին գազանների առաջ, ողջ ողջ այրվում էին, խաչվում էին կամ չարչարվում էին հին բարբարոսության բազմահնար տանջանքներով։ Դահիճները չէին խնայում ո՛չ հասակը, ո՛չ սեռը։ Ծերերին նստեցնում էին երկաթե հրաշեկ աթոռների վրա։ Դեռատի օրիորդներն առյուծների երախում պատառ պատառ էին լինում կամ ցլերի կոտոշներով խոցվում, և ամբոխը մեծապես հրճվում էր այս չարչարանքները դիտելով։ Բայց դատապարտյալները սրա համար իրենց հավատքը չէին ուրանում։ Նրանք կրոնական եռանդից մղված՝ հոժարակամ ներկայանում էին կուսակալների ատյանի առաջ և մահը նկատում էին որպես Աստծո պարգև, ինչը թույլ էր տալիս իրենց այսպես հրապարակավ հայտնել, որ իրենք քրիստոնյա են։ Նրանք մարտիրոսներ էին, այսինքն՝ Քրիստոսի աստվածության վկաներ։ Օրհնում էին իրենց հալածիչներին և հաճախ էին սոսկալի չարչարանքներին դիմագրավում»[1]։

[1] Տեր Մովսիսյան Հ. Սահակ, Հին պատմություն. Արևելեք, Հունաստան, Հռոմ, Վենետիկ 1917, էջ 426.

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։