03.ե-05 – Գրադարան – Mashtoz.org

03.ե-05

ե) Հիսուսն Ինքն Իրեն մարդկության գերագույն Դատավոր է հռչակում։

Պարզ է, որ միայն Աստված է տիեզերքի գերագույն Դատավորը։

Հիսուսը վերջին դատաստանի օրը, որպես գերագույն Դատավոր, պիտի ամբողջ մարդկությանը դատի։

Ահա՛ Իր խոսքերը. «Սակայն Հայրը ոչ մեկին չի դատում, այլ՝ ամեն դատաստան տվել է Իր Որդուն, որպեսզի ամենքը պատվեն Որդուն, ինչպես պատվում են Հորը» (Հվհ 5, 22-23)։

Եվ արդարև, վերջին դատաստանի օրը, «երբ Մարդու Որդին գա Իր փառքով և բոլոր հրեշտակներն Իր հետ, այն ժամանակ Նա պիտի բազմի Իր փառքի գահի վրա, ու Նրա առաջ պիտի հավաքվեն բոլոր ազգերը, և Նա նրանց միմյանցից պիտի զատի, ինչպես մի հովիվ, որ զատում է ոչխարներին այծերից։ Եվ ոչխարներին Իր աջին պիտի կանգնեցնի, իսկ այծերին՝ ձախին» (Մտթ 25, 31-33)։

Հիսուսն Իր այս խոսքերով ինքն Իրեն հավասար է նկատում Հայր Աստծուն՝ որպես գերագույն Դատավոր։

զ) Հիսուսն Իր հավիտենական ծագումը ցույց տալու համար ասում է փարիսեցիներին. «Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում. Աբրահամի լինելուց առաջ՝ Ես Եմ» (Հվհ 8, 58)։

Վերջին Ընթրիքի ժամանակ, հետևյալ խոսքերով նույն բանն է հաստատում. «Փառավորիր ինձ, Հա՜յր, այն փառքով, որ ունեի Քո մոտ՝ նախքան աշխարհի լինելը» (Հվհ 17, 5)։

է) Հիսուսն Աստծո Միածին Որդին է։ Այս մտքով Նա ասում է Նիկոդեմոսին. «Քանի որ Աստված այնքա՜ն սիրեց աշխարհը, որ մինչև իսկ Իր Միածին Որդուն տվեց, որպեսզի ով Նրան հավատում է, չկորչի, այլ՝ ընդունի հավիտենական կյանքը։ Որովհետև Աստված Իր Որդուն չուղարկեց աշխարհ, որ դատապարտի աշխարհը, այլ՝ որպեսզի աշխարհը Նրանով փրկվի։ Ով Նրան հավատում է, չպիտի դատապարտվի, և ով Նրան չի հավատում, արդեն իսկ դատապարտված է, քանի որ Աստծո Միածին Որդու Անվանը չհավատաց» (Հվհ 3, 16-18)։

Մեկ ա՛յլ առիթով Հիսուսն ասում է. «Ամեն ինչ տրվեց ինձ իմ Հորից. և ոչ ոք չի ճանաչում Որդուն, եթե ոչ՝ Հայրը. և ոչ ոք չի ճանաչում Հորը, եթե ոչ՝ Որդին, և նա, ում Որդին կուզենա հայտնել» (Մտթ 12, 27)։

Հիսուսի մկրտության ժամանակ, ինչպես նաև Թաբոր լեռան վրա, երկնքից մի ձայն հնչեց, որ ասում էր. «Դա է իմ սիրելի Որդին, որին հավանեցի, նրա՛ն լսեցեք» (Մտթ 3, 17; 17, 5)։

Հիշենք նաև Պետրոս Առաքյալի դավանությունը։ Հիսուսը Փիլիպպյան Կեսարիայի կողմերը գնալիս հարց է տալիս Իր աշակերտներին. «Մարդիկ իմ մասին ի՞նչ են ասում, ո՞վ է Մարդու Որդին»։ Եվ նրանք ասացին. «Մեկը, թե՝ Հովհաննես Մկրտիչը, և ուրիշներ՝ Եղիան, իսկ ոմանք, թե՝ Երեմիան, կամ մարգարեներից մեկը»։ Հիսուսը նրանց ասաց. «Իսկ դուք իմ մասին ի՞նչ եք ասում, ո՞վ եմ ես»։ Սիմոն Պետրոսը պատասխանեց ու ասաց. «Դու ես Քրիստոսը՝ կենդանի Աստծո Որդին» (Մտթ 16, 13-16)։

Այս համարձակ խոստովանության վրա Հիսուսը գոչում է. «Երանի՜ է քեզ, Սիմոն, Հովնանի որդի, որովհետև մարմինն ու արյունը չէ, որ հայտնեցին քեզ, այլ՝ իմ Հայրը, որ երկնքում է» (Մտթ 16, 17)։

Այս խոսքերով Հիսուսը հաստատում է Պետրոսի դավանության աստվածային հայտնություն լինելը։

ը) Եթե փորձենք թափանցել Հիսուսի աստվածային ծագման խորքը, ապա կտեսնենք, որ Հիսուսը ո՛չ միայն ամենուրեք հաստատում է Իր՝ Աստծո Որդի լինելը, այլ նաև՝ Հայր Աստծո հետ միևնույն էությունն ունենալը։

Ահա՛ Իր իսկ խոսքերը. «Ես և Հայրս մի ենք» (Հվհ 10, 30)։ Մեկ ա՛յլ առիթով ասում է. «Չե՞ք հավատում, որ ես Հոր մեջ եմ, իսկ Հայրը՝ իմ մեջ։ Այն խոսքերը, որ ես ասում եմ ձեզ, ինքս ինձնից չեմ խոսում, այլ՝ Հայրը, որ բնակվում է իմ մեջ, Նա՛ է անում գործերը։ Հավատացեք ինձ, որ ես Հոր մեջ եմ, և Հայրը՝ իմ մեջ. եթե ո՛չ, գոնե գործերի համար հավատացեք ինձ» (Հվհ 14, 10-11)։

Վերոհիշյալ խոսքերով Հիսուսը ցույց է տալիս, որ թեև Նա տարբեր է Հայր Աստծուց, քանի որ Նրանից է ծնված, բայց միևնույն ժամանակ աստվածային բնությունն ունի. «Նույն Ինքը Հոր բնությունից», ինչպես մեզ սովորեցնում է Հավատամքը։

Որդի Աստվածը Հայր Աստծուց տարբեր անձ է, բայց որպես Աստված՝ միևնույն Հոր բնությունը, էությունն ունի, լինելով Հայր Աստծո հետ անսկիզբ, անսահման, ամենագետ, ամենակարող, ամենաբարի Էակը։

թ) Ի վերջո, Հիսուսը՝ վեր հանելով Սուրբ Երրորդության վրա գտնվող մեծ քողը, Հարությունից հետո Իր Առաքյալներին ասում է. «Գնացե՛ք, ուրեմն, աշակերտ դարձրե՛ք բոլոր ազգերին, մկրտեցե՛ք նրանց Հոր և Որդու և Սուրբ Հոգու անունով» (Մտթ 28, 19)։

Այս խոսքերով Հիսուսը հայտնում է Ամենասուրբ Երրորդության խորհուրդը, որ Հայրը, Որդին և Սուրբ Հոգին, թեև իրարից տարբեր են որպես Անձ, սակայն մի Աստված են և միևնույն աստվածային բնությունն ունեն։

4) – Հիսուսի Աստված լինելը մատնանշող փաստերն ավելի զորացնելու և ճոխացնելու նպատակով՝ շարունակենք պրպտել Ավետարանում սփռված զանազան խոսքերն ու ակնարկները, որոնք իսկապես բազմաթիվ են։

ա) Հիսուսն ասում է. «Ես եմ աշխարհի լույսը» (Հվհ 8, 12)։ Սովորական մի մարդ, որքա՛ն էլ որ կատարյալ լինի, չպիտի հանդգներ նման մի խոսք ասել։

Միայն Աստված է այն Արեգակը, որ լույս է տալիս աշխարհին, լուսավորում է մարդկային միտքն ու հոգին և մարդկությունը դեպի երջանկություն է առաջնորդում, դեպի լույսի Աղբյուրը։

բ) Հիսուսն ասում է. «Ես եմ ճշմարտությունը» (Հվհ 14, 6)։ Մարդը որքա՛ն էլ իմաստուն ու գիտուն լինի, չի կարող ինքն իրեն ճշմարտության հետ նույնացնել։

Միայն Աստված է անսխալական Ճշմարտությունը, Ով կարող է հագեցնել ճշմարտության հանդեպ մարդու ունեցած ծարավը։

գ) Հիսուսը շարունակում է. «Ես եմ կյանքը» (Հվհ 14, 6)։ Յուրաքանչյուր մարդ մահկանացու է։ Միայն Աստված է կյանքի աղբյուրը, որ կենդանացնում է բոլոր շնչավոր էակներին։ Աստված է, որ գոյություն է տալիս բոլոր արարածներին։ Եթե Աստված մի վայրկյան դադարի կյանք տալ, ամբողջ տիեզերքն կընկղմվի ոչնչության անդունդի մեջ, ինչպես որ էլեկտրական լամպի հոսանքը, եթե մի պահ անգամ դադարի, լամպի լույսը խավար, ոչնչություն կլինի։

դ) «Ես եմ կյանքի հացը» (Հվհ 6, 48), ասում է Հիսուսը։

Ո՛չ մի մահկանացու չի կարող նման բան հայտարարել։ Հիսուսը կրկնում է. «Ես եմ երկնքից իջած կենդանի հացը։ Եթե մեկն այս հացից ուտի, հավիտյան պիտի ապրի» (Հվհ 6, 51-52)։

ե) Վերջին Ընթրիքից հետո Հիսուսն ասում է. «Ես եմ որթատունկը, իսկ դուք՝ ճյուղերը։ ... Եթե մեկն իմ մեջ հաստատված չլինի, ճյուղի նման դուրս կնետվի ու կչորանա» (Հվհ 15, 5-6)։

Ամեն մարդ Աստծուց է կյանք առնում, ինչպես ճյուղը ծառից։

զ) «Ես իսկ եմ հարություն և կյանք» (Հվհ 11, 25)։ Ով որ Հիսուսին է հավատում, թեպետ և մահանա, միևնույն է, պիտի ապրի։

Հիսուսը կյանք է և հարություն։ Նա ո՛չ միայն հարություն տվեց մահացածներին, այլ նաև՝ Ինքն Իրենով, Իր աստվածային զորությամբ, գեղեցիկ արշալույսի նման հարություն առավ մութ գերեզմանից՝ մեզ ցույց տալով, որ իսկապես Ինքն է Կյանքի Տերը և Աղբյուրը։

5) – Մեր փաստարկությունները կարող ենք շարունակել մի փոքր տարբեր ոլորտներում էլ։

Հիսուսը մարդկանցից հավատք է պահանջում. «Ով Նրան հավատում է, չպիտի դատապարտվի, և ով Նրան չի հավատում, արդեն իսկ դատապարտված է, քանի որ Աստծո Միածին Որդու Անվանը չհավատաց» (Հվհ 3, 18)։ «Եվ նրանց ասաց. Գնացե՛ք ամբողջ աշխարհով մեկ և քարոզեցե՛ք Ավետարանը բոլոր մարդկանց։ Ով հավատա ու մկրտվի, կփրկվի, իսկ ով չհավատա, կդատապարտվի» (Մրկ 16, 15-16)։

Հիսուսը մարդկանցից սեր է ակնկալում։ Նա ասում է. «Ով իր հորը և կամ մորը ինձնից ավելի է սիրում, ինձ արժանի չէ. ով իր որդուն կամ դստերը ինձնից ավելի է սիրում, ինձ արժանի չէ։ Եվ ով իր խաչը չի վերցնում ու իմ հետևից չի գալիս, ինձ արժանի չէ» (Մտթ 10, 37-38)։

Հիսուսը խոստանում է, որ հավատքով ի՛նչ էլ Իր Անունով խնդրենք, պիտի տրվի։ «Եվ ի՛նչ որ ուզեք իմ անունով, այն կանեմ» (Հվհ 14, 14)։

Հիսուսն, ուրեմն, մարդկանցից հավատք և սեր է ակնկալում։ Իր Անունով աղոթողին խոստանում է ամեն կարևոր շնորհ տալ։

Պարզ է, որ միայն Աստված կարող է մարդկանցից նման բաներ պահանջել։ Միայն Աստված կարող է ամեն բան տալ Իրենից հավատքով խնդրողին։

Որովհետև միայն Աստված է անսխալական ճշմարտությունը, Ում յուրաքանչյուր ոք պետք է անվարան հավատք (այսինքն՝ վստահություն) ընծայի։

Որովհետև Աստված Սեր է, և Սիրո մեջ է Օրենքի լրումը։ «Սիրի՛ր, և արա՛ ի՛նչ ուզում ես», ասում է Սուրբ Օգոստինոսը՝ Եկեղեցու մեծագույն Հայրապետներից մեկը։ Հիսուսը, որպես Աստված, մեզնից գերագույն Սերն է, որ ակնկալում է. սիրել Իրեն ամեն բանից վեր։

 

Եզրակացություն

Ահա՛ այսպես, ամբողջ Ավետարանը՝ ծայրից ծայր, լի է Հիսուսի՝ Աստված լինելու հաստատումներով։

Հիսուսի Առաքյալներն այսպես հասկացան և իրենք էլ քարոզեցին, որ Հիսուսն Աստված է։

Այսպես հասկացան Ավետարանիչները և այդ նպատակով էլ իրենց Ավետարանները գրեցին։

Այսպես հասկացան Եկեղեցու Սուրբ Հայրապետները, անվանի աստվածաբանները, Սրբերը, որոնցից շատերն իրենց արյունն էլ հեղեցին այդ հավատքի համար։

Եկեղեցու Տիեզերական բոլոր Սուրբ Ժողովները հաստատեցին Հիսուսի աստվածությունը. «Հավատում ենք մեկ Աստծո ... և մեկ Տիրոջ՝ Հիսուս Քրիստոսին, Աստծո Որդուն, ծնված Հայր Աստծուց՝ Միածին, այսինքն՝ Հոր էությունից, բոլոր հավիտյաններից առաջ։ Աստված՝ Աստծուց, լույս՝ լույսից, ճշմարիտ Աստված՝ ճշմարիտ Աստծուց, ծնունդ և ո՛չ արարած»։

Ուրեմն, անվիճելի ճշմարտություն է, որ Հիսուսը քարոզել ու հաստատել է, որ Ինքն Աստված է և Աստծո Որդի։ Հիսուսն այն հաստատել է ամենուրեք՝ Առաքյալների հետ Իր մտերմիկ խոսակցության ժամանակ, հրապարակավ, բացահայտորեն և հաճախակի։

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։