Հրաշքի գոյությունը մերժող կարծիքներ – Գրադարան – Mashtoz.org

Հրաշքի գոյությունը մերժող կարծիքներ

Շատ են հրաշքի կարելիությունը մերժող կարծիքները։ Ներկայացնենք դրանցից գլխավորները։

1) Հրաշքի գոյությունն ուրանում են բոլոր անաստվածները (աթեիստները)։ Նրանք ասում են, թե Աստված չկա, ուստի չկա նաև հրաշք։

2) Համայնաստվածության (պանթեիզմի) գաղափարին հարող փիլիսոփաներն ասում են, թե հրաշք գոյություն ունենալ չի կարող, քանի որ ամեն ինչ Աստծո մաս է կազմում, ամեն էակ աստվածության մի մասնիկն է։

3) Կասկածապաշտների (սկեպտիկների) համաձայն՝ մարդը չի կարող որևէ ճշմարտություն ճանաչել, հետևաբար՝ չի կարող ճանաչել նաև հրաշքը։

4) Հարաբերապաշտության (ռելատիվիզմի) համակիրներն ասում են, թե աշխարհի վրա ամեն ինչ հարաբերական լինելով՝ հրաշքն էլ է հարաբերական մի բան, ուստի մեկի համար գոյություն կարող է ունենալ, մեկ ուրիշի համար կարող է գոյություն չունենալ։

5) Գաղափարապաշտների (իդեալիստների) համաձայն՝ մեր գաղափարից, մեր մտածումից դուրս իրական էակ գոյություն չունի։

6) Անգիտապաշտներն (ագնոստիկներն) ընդունում են, որ մարդը չի կարող բնականը գերբնականից զանազանել։

7) Արդիապաշտները (մոդեռնիստները) ասում են, թե երկու Քրիստոս կա. մեկը պատմական Քրիստոսը, մյուսը՝ հավատքի Քրիստոսը։ Հրաշքը, ըստ արդիապաշտների, առաջին քրիստոնյաների կրոնական խղճի ստեղծագործությունն է, նրանց երևակայությունից բխած առասպելներ են։

8) Մի շարք գիտնականներ, ովքեր ընդունում են Աստծո գոյությունը, բայց մերժում են հրաշքի կարելիությունը, ասում են, որ Աստված անփոփոխելի Էակ է, Ով չի փոխում Իր գրած օրենքները։ Մեկը, որ փոխում է կամ հակառակ է գործում իր դրած օրենքներին, ինքն իրեն է հակասած լինում։ Այս հակասական գործունեությունն Աստծո արժանապատվության դեմ է, ուստի Աստված հրաշք չի անում։

9) Որոշ գիտնականներ էլ ասում են, որ բնությունը նախապես որոշված անփոփոխելի օրենքներով է կառավարվում, ուստի չի կարելի տիեզերքի օրենքներն ու ընթացքը խախտել։ Բողոքական անվանի աստվածաբան Հառնակն ասում է. «Բնության օրենքներն անխորտակելի են, հետևաբար՝ Հիսուսը բացարձակապես չէր կարող հրաշք գործել»։

10) Գիտնականներ էլ կան, որոնք ճիշտ վերևում արտահայտված կարծիքի հակառակն են ընդունում՝ ասելով, որ բնության մեջ ամեն ինչ անորոշ է, պատահական։ Բնությունը հարատև հեղաշրջման մեջ է, որով չի կարելի զանազանել բնականը գերբնականից, սովորականը՝ անսովոր դեպքից, հրաշքից։

11) Իտալացի փիլիսոփա Բենեդետտո Քռոչեի[1] համաձայն՝ հրաշքն ընդունելը տգիտության արդյունք է։ Մեկ ա՛յլ գիտնական՝ Լ'Հառվեթը հայտարարում է, թե հրաշքը գիտականորեն անկարելի է։ Նմանապես Ռենանը կտրուկ կերպով կանխավ մերժում է հրաշքի կարելիությունը։

12) Մյուսներն ընդունում են հրաշքների պատմականությունը, բայց դրանց բնական մեկնություններ են տալիս։ Օրինակ, ասում են, թե Հիսուսը հիվանդներին բուժում էր թելադրականությամբ կամ հոգեկան ուժգին տպավորության միջոցով (suggestion)։ Հիսուսը կույրի աչքը ո՛չ թե ցեխով բացեց, այլ՝ դեղով, ասում են նրանք։ Հայրոսի աղջիկն իսկապես մահացած չէր, այլ՝ միայն երևութապես։ Հիսուսը ջրի վրայով երբ քայլում էր, նավակի ձևով մեծ կոշիկներ էր հագել։ Նույնիսկ չորս օրվա մահացած և նեխել սկսած Ղազարոսը, ըստ Ռենանի, մահացած չէր, այլ՝ հիվանդ մարդ էր, և այլն։

Հավելենք նաև, որ Ռենանը, թեև հրաշքի չէր հավատում, բայց ընդունում էր, որ Հիսուսն ամենաուղղամիտ, ամենապարկեշտ, ամենասուրբ մեկն էր, ում նմանն աշխարհ չէր եկել և ո՛չ էլ պիտի գա։

Ահա՛ տվեցինք հրաշքի մասին հայտնված զանազան կարծիքներ, որոնցից շատերն անհիմն, անտրամաբանական և ձրի հաստատումներ են՝ առանց լուրջ փաստերի։

Եղան մարդիկ, որոնք պարզապես չընդունելու համար հրաշքի գոյությունը, ընկան ծայր աստիճան ծիծաղելիության մեջ՝ քմահաճո մեկնություններ տալով հրաշքներին։

Եղան նաև մարդիկ, ովքեր ասացին, թե ավելի տրամաբանական է ամբողջովին մերժել հրաշքի գոյությունը, քան թե նման պարզամիտ բացատրություններ տալ հրաշքին։

[1] Բենեդետտո Քռոչե (Benedetto Croce, 1866-1952), իտալացի փիլիսոփա, քաղաքական գործիչ, գրականագետ, գրականության տեսաբան և պատմաբան, հրապարակախոս, քննադատ

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։