Հիսուսը գերբնական նպատակով գործեց հրաշքները – Գրադարան – Mashtoz.org

Հիսուսը գերբնական նպատակով գործեց հրաշքները

Այժմ անցնենք փաստելու հրաշքի չորրորդ նախապայմանը, այն է թե՝ Հիսուսը հրաշք գործեց սուրբ նպատակի համար, ցույց տալու համար, որ Ինքն Աստծո Որդին է, խոստացված Մեսսիան, որ եկել է մարդկությունը փրկելու։

Ղուկաս Ավետարանիչը պատմում է. «Եվ Հովհաննեսն իր աշակերտներից երկուսին իր մոտ կանչեց և նրանց ուղարկեց Տիրոջ մոտ՝ ասելու. Դո՞ւ ես, որ գալու էիր, թե՞ ուրիշին սպասենք։ Եվ այդ մարդիկ գալով նրա մոտ՝ ասացին. Հովհաննես Մկրտիչը մեզ ուղարկեց քո մոտ և ասում է. Դո՞ւ ես, որ գալու էիր, թե՞ ուրիշին սպասենք։ Եվ նույն ժամին նա շատերին բժշկեց հիվանդություններից, ցավերի հարվածներից, չար ոգիներից, և բազմաթիվ կույրերի տեսողություն շնորհեց։ Նա պատասխանեց նրանց և ասաց. Գնացե՛ք պատմեցե՛ք Հովհաննեսին, ինչ որ դուք տեսաք և լսեցիք. որ կույրերը տեսնում են, կաղերը՝ քայլում, բորոտները մաքրվում են, խուլերը՝ լսում, մեռելները հարություն են առնում, աղքատները Բարի Լուրն են լսում» (Ղկս 7, 19-22)։

Հիսուսը Հովհաննես Մկրտչին գործնական և համոզիչ պատասխան տվեց, ո՛չ թե խոսքով, այլ՝ հրաշքներով, որ Ինքն է խոստացված Մեսսիան, Աստծո Որդին։

Հիսուսն անդամալույծին բուժեց՝ ցույց տալու համար, որ Ինքն իշխանություն ունի մեղքերին թողություն տալու, և մեղքերին թողություն տալով ցույց տվեց, որ Ինքն Աստված է, միայն Աստված կարող է մեղքերին թողություն տալ (Մտթ 9, 2-8)։

Հիսուսը, ցույց տալու համար, որ Ինքն է բնության Տերն ու Աստվածը, հանդարտեցրեց ծովի մրրիկը (Մտթ 8, 23-27), քայլեց լճի վրայով (Մրկ 6, 48-50), բազմացրեց հացն ու ձուկը (Մրկ 6, 35-44), ջուրը գինու վերածեց (Հվհ 2, 1-11), չորացրեց ծառը (Մտթ 21, 18-19), և այլն։

Հիսուսը, ցույց տալու համար, որ մարդկանց Տերն ու Ստեղծիչն է, բուժեց նրանց հիվանդությունները։

Հիսուսը, ցույց տալու համար, որ Ինքն է կյանքի ու մահվան Տերը, Ինքն Իրենով, Իր աստվածային զորությամբ հարություն առավ և հարություն տվեց մահացածների (Ղկս 7, 11-17)։

Հիսուսը Ղազարոսին հարություն տալուց առաջ աղոթեց Իր երկնավոր Հորն, ասելով. «Հա՜յր, գոհություն եմ հայտնում Քեզ, որ լսեցիր ինձ. և ես գիտեի, որ ամեն ժամ լսում ես ինձ. բայց այս անում եմ շուրջս կանգնած այս ժողովրդի համար, որպեսզի հավատան, որ Դո՛ւ ինձ ուղարկեցիր» (Հվհ 11, 41-42)։

Հիսուսը հրամայում է դևերին, կարդում է մարդկանց մտքերը, մարգարեանում է Տաճարի կործանման մասին, և դեռ բազմաթիվ հրաշքներ է գործում, ո՛չ միայն ցույց տալու համար, որ Ինքն Աստծո Որդին է, այլ նաև՝ պարտադիր է դարձնում հավատքը, ասելով, որ. «Ով որ հավատում է, չի դատապարտվի, իսկ ով որ չի հավատում, արդեն իսկ դատապարտված է» (Հվհ 3, 18 և Մրկ 16, 16)։

Մի օր Հիսուսը Քորազին և Բեթսաիդա քաղաքների վրա է ողբում, որովհետև դրանց բնակիչներն այդքա՜ն հրաշքներ տեսնելուց հետո մնում էին իրենց անհավատության մեջ. «Վա՜յ քեզ, Քորազին, վա՜յ քեզ, Բեթսաիդա, որովհետև եթե Տյուրոսում և Սիդոնում կատարված լինեին այն հրաշքները, որ ձեր մեջ կատարվեցին, նրանք վաղուց արդեն մոխիրով ու քուրձով ապաշխարած կլինեին» (Մտթ 11, 21)։

Շատ հստակ են Հիսուսի նաև այս խոսքերը. «Ձեզ ասում եմ ու ինձ չեք հավատում։ Գործերը (այսինքն՝ հրաշքները), որ ես կատարում եմ Հորս անունով, դրանք վկայում են իմ մասին» (Հվհ 10, 25)։

Դարձյալ, Վերջին Ընթրիքի ժամանակ, Հիսուսը նույն կերպ ակնարկում է Իր գործած հրաշքներին, ասելով. «Եթե նրանց (հրեաների) մեջ կատարած չլինեի այն գործերը, որ ուրիշ ոչ մեկը չկատարեց, մեղք պիտի չունենային։ Բայց հիմա, տեսնելով հանդերձ՝ թե՛ ինձ ատեցին, և թե՛ Հորս» (Հվհ 16, 24)։

Ուրեմն պարզ է, որ Հիսուսը հրաշներ գործեց, որպեսզի ամեն ոք Իրեն հավատա։

Այսպես, Առաքյալները Հիսուսի հրաշքների համար է, որ ամեն բան թողեցին և Նրա հետևից գնացին։ Ահա՛ Հովհաննես Առաքյալի ասած խոսքերը. «Սա եղավ հրաշքների սկիզբը, որ Հիսուսը Գալիլեայի Կանա քաղաքում գործեց և դրանով հայտնեց Իր փառքը, և աշակերտները հավատացին Նրան» (Հվհ 2, 11)։

Մեկ ա՛յլ առիթով, Հիսուսը ծովի վրայով քայլելով Առաքյալների մոտ եկավ, նրանք տեսնելով այս հրաշքը և մրրիկի հանդարտվելը՝ Նրան երկրպագեցին և ասացին. «Արդարև, Դու Աստծո Որդի ես» (Մտթ 15, 25-33)։

Նույնպես Նիկոդեմոսը՝ հրեա իշխանը, հավատաց Քրիստոսի աստվածությանը՝ Նրա գործած հրաշքների պատճառով։ Նիկոդեմոսը «գիշերով եկավ Նրա մոտ ու Նրան ասաց. Ռաբբի՜, գիտենք, որ Աստծուց ես եկել որպես Վարդապետ, որովհետև ոչ ոք չի կարող կատարել այն նշանները, որ Դու ես անում, եթե Աստված նրա հետ չլինի» (Հվհ 3, 2)։

Տեսնելով Հիսուսի հրաշքները՝ քահանայապետներն ու փարիսեցիներն իրենց վախն են արտահայտում. «Քահանայապետներն ու փարիսեցիները ատյան գումարեցին և ասացին. Ի՞նչ անենք, քանի որ այդ մարդը բազում նշաններ է անում։ Եթե նրան այնպես թողնենք, ամենքը կհավատան նրան, և հռոմեացիները կգան ու կվերացնեն մեր ազգն ու մեր տեղը» (Հվհ 11, 47-48)։

Հովհաննես Մկրտիչը Հիսուսի մասին վկայել էր՝ ասելով. «Սա՛ է, որի մասին ասացի։ Նա, որ իմ հետևից էր գալու, ինձնից մեծ եղավ, որովհետև ինձնից առաջ կար» (Հվհ 1, 15)։

Բայց Հիսուսը չի բավականանում Հովհաննես Մկրտչի կողմից Իր մասին տրված վկայությամբ։ Նա վկայության է կանչում նաև Իր կատարած գործերն ու Իր հրաշքները։ Հիսուսն ասում է. «Հովհաննեսի մոտ դուք մարդ ուղարկեցիք, և նա վկայեց ճշմարտությանը։ Բայց ես մարդկանցից չէ, որ վկայություն եմ առնում, այլ՝ այս ասում եմ, որ դուք փրկվեք։ Հովհաննեսն էր ճրագը, որ վառված էր և լույս էր տալիս, և դուք կամեցաք միառժամանակ ցնծալ նրա լույսով։ Բայց ես ավելի մեծ վկայություն ունեմ, քան Հովհաննեսինը. այն գործերը, որ Հայրն ինձ տվեց, որ կատարեմ, այդ նույն գործերն իսկ, որ անում եմ, վկայում են իմ մասին, թե Հայրն է ուղարկել ինձ» (Հվհ 5, 33-36)։

Հիսուսը մեկ ա՛յլ տեղ էլ նույն գաղափարն է հայտնում՝ հրեաներին ասելով. «Ձեզ ասացի, և ինձ չեք հավատում. այն գործերը, որ ես անում եմ իմ Հոր անունով, դրանք վկայում են իմ մասին» (Հվհ 10, 25)։ Նմանապես ասում է. «Եթե Հորս գործերը չեմ անում, մի՛ հավատացեք ինձ։ Իսկ եթե անում եմ, թեև ինձ էլ չեք հավատում, գործերի՛ն հավատացեք, որպեսզի իմանաք և ճանաչեք, որ Հայրն իմ մեջ է, իսկ ես՝ Հոր մեջ» (Հվհ 10, 38)։

Նույնպես Պետրոս Առաքյալը Հիսուսի հրաշքներն իբրև փաստ է բերում՝ ցույց տալու համար Նրա աստվածային լինելը։ Պետրոսն ասում է հրեաներին. «Հիսուս Նազովրեցուն՝ այն մարդուն, որին Աստված ձեզ ներկայացրեց զորությամբ, նշաններով ու զարմանալի գործերով, որոնք Աստված Նրա միջոցով արեց ձեր մեջ, ինչպես դուք իսկ գիտեք այդ» (Գրծ 2, 22)։

Որքա՜ն հստակ են նաև Հովհաննես Ավետարանչի հետևյալ խոսքերը. «Իր աշակերտների առաջ Հիսուսը բազում ա՛յլ նշաններ էլ արեց, որոնք այս գրքում գրված չեն։ Այլ՝ այսքանը գրվեց, որպեսզի դուք հավատաք, որ Հիսուսը Քրիստոսն է՝ Աստծո Որդին. նաև՝ որպեսզի հավատաք ու Նրա անունով հավիտենական կյանքն ընդունեք» (Հվհ 21, 30-31)։

Այսքան փաստերը լավագույնս բավարար են՝ ցույց տալու համար, որ Հիսուսը հրաշքներ գործեց սրբազան նպատակի համար։

Հրաշքը, որ աստվածային նշան է, հարկավոր էր, որպեսզի մարդիկ Հիսուսի խոսքերին հավատային։

Հրաշքն Աստծո կողմից տրված անխարդախ վկայագիրն է, որ Հիսուսն առաքված է Աստծո կողմից։

Հրաշքն Աստծո հարազատ կնիքն է, որ հավատանք Հիսուսի վարդապետությանը։

Աստված՝ Սրբերի Սրբությունը, Ով ատում է մեղքը, սուտը և խաբեությունը, անկարելի է, որ կնիք դնի խաբեբա, չարամիտ, սխալական մարդու գործերի վրա։

Աստված՝ ճշմարտության Արեգակը, չի կարող սխալվել, չի կարող խաբվել ու խաբել, ուստի չի կարող թույլ տալ, որ խաբեբա մեկն Իր անվամբ հրաշքներ գործի։

Մի օր Հիսուսն ի ծնե կույր մարդու աչքերը բացեց։ Փարիսեցիները չէին ցանկանում հավատալ և մի քանի անգամ կույրին հարցուփորձ արեցին։ Երբ կույրին հարցրեցին, թե «Ինչպե՞ս է, որ տեսնում ես», նա պատասխանեց. «Աչքերիս վրա կավ դրեց, լվացվեցի և տեսնում եմ»։ Փարիսեցիներից ոմանք ասացին. «Աստծուց չէ այդ մարդը, քանի որ շաբաթ օրը չի պահել»։ Ուրիշներն ասում էին. «Ինչպե՞ս կարող է մեղավոր մարդն այսպես հրաշքներ անել»։ ... Փարիսեցիներն ասացին. «Մենք գիտենք, որ Աստված Մովսեսի հետ խոսեց, իսկ սա չենք իմանում, թե որտեղից է»։ Ի ծնե կույր մարդը պատասխանեց. «Դա է զարմանալին, որ դուք չեք իմանում, թե որտեղից է, և սակայն իմ աչքերը բացեց։ Գիտենք, որ Աստված մեղավորներին ականջ չի դնում, բայց երբ մեկն աստվածապաշտ է և Նրա կամքն է կատարում, Նրան լսում է։ Աշխարհի սկզբից ի վեր անլսելի բան է, որ մեկն ի ծնե կույրի աչքերը բացած լինի։ Եթե այդ մարդն Աստծուց չլիներ, բան չպիտի կարողանար անել» (Հվհ 9, 6-34)։

Տեսնո՞ւմ եք այս անուս, բայց բարի, ողջամիտ կույրի արած խելացի տրամաբանությունը, թե՝ «Աստված մեղավորներին ականջ չի դնում, ... և եթե այդ մարդն Աստծուց չլիներ, բան չպիտի կարողանար անել»։

Այս գլուխն ավարտենք՝ մենք էլ ի ծնե կույրի պես ասելով. «Եթե Աստված Հիսուսի հետ չլիներ, Հիսուսը որևէ հրաշք չպիտի կարողանար գործել»։ Ուրեմն Հիսուսն Աստծո կողմից առաքված Մեսսիան է, աշխարհի Փրկիչը, Աստծո Որդին։

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։