Նկատողություններ 02 – Գրադարան – Mashtoz.org

Նկատողություններ 02

Ինչ վերաբերում է Ավետարանիչներին, ապա նրանք պարզ ընդօրինակողներ չեն եղել։

Ճիշտ է, որ նրանք չունեին բառիս բուն իմաստով պատմաբանի բոլոր հատկանիշները։ Նրանք չունեին հույն և լատին պատմիչների պատմության այն ըմբռնումը, ովքեր իրենց պատմագրություններում ջանացել են որոշակի ժամանակագրություն և դեպքերի կանոնակարգված դասավորում դնել։

Ավետարաններում հաճախ գործածված ժամանակի և վայրի հետևյալ անորոշ բացատրությունները՝ «մի օր», «այնժամ», «այն օրը», «երբ քաղաքներից մեկում էր գտնվում» (առանց կոնկրետ քաղաքի անունը նշելու), և այլն, ցույց են տալիս, որ Ավետարանիչները ժամանակագրությանն ու տեղադրությանը այդքան էլ շատ կարևորություն չեն տվել։

Կրկին ճշմարիտ է, որ Ավետարաններից առաջ Հիսուսի խոսքերի և գործերի մասին կարճ ու համառոտ գրություններ են գոյություն ունեցել։ Շատ հավանաբար, Ղուկաս Ավետարանիչը հետևյալ տողերով. «Քանի որ շատերը ձեռնարկեցին շարադրել մեր մեջ կատարված դեպքերի պատմությունը»[1], ակնարկում է նաև վերոհիշյալ գրություններին, որոնցից, ինչպես ասացինք Ավետարանների մասին խոսելիս, նրանք իրենց Ավետարանները շարադրելիս օգտվել են։

Ավետարանիչները, սակայն, ձեռքի տակ ունենալով հանդերձ վերոհիշյալ գրություններից դրվագներ, սրանցից քաղել են այն, ինչը որ իրենց մտադրած ծրագրի համար էր ծառայում։

Սույն գրություններից բացի, Ավետարանիչներն օգտվել են նաև բանավոր ավանդությունից, Առաքյալների քարոզություններից (Մարկոսը՝ Պետրոսից, Ղուկասը՝ Պողոսից) և այլն, երբեմն երբեմն համառոտելով, երբեմն էլ համադրելով։ Բայց սա չի նշանակում, որ Ավետարանիչներն առանց քննության և ընտրության օրինակել են այն, ինչը որ իրենց ձեռքն է անցել։

Հետևաբար, կարող ենք անվարան ասել, որ Առաքյալները, ինչպես նաև առաջին քրիստոնյաները, եթե անգամ չունեին գիտական իմաստով վերցված «պատմության» մտահոգությունը, սակայն ունեին «պատմական» մտահոգությունը՝ իրականությունը մեզ հարազատորեն ավանդելու գիտակցությունը[2]։

Սխալ պիտի լիներ, անշուշտ, Ավետարանիչներից լուսանկարչական ճշգրտությամբ գրված Քրիստոսի կենսագրություն ակնկալելը, Քսաներորդ կամ Քսանմեկերորդ դարերի չափանիշների համաձայն։ Պիտի ընդունենք, սակայն, որ յուրաքանչյուր Ավետարանիչ իր որոշակի ծրագիրն է ունեցել և դրա համաձայն, հաշվի առնելով իր ընթերցողներին, նրանց ապրած միջավայրն ու մտայնությունը, շարադրել է իր Ավետարանը, իր գործի վրա դրոշմելով իր անձնական կնիքը, ոճը և լեզուն։

Հավելենք նաև, որ ավետարանական բանավոր ավանդությունը երբ սկսվեց գրի առնվել, Հիսուսին անձամբ տեսնողներից շատերը տակավին կենդանի էին։

Պողոս Առաքյալը 57 թվականին Եփեսոսից գրում է Կորնթացիներին. «Երևաց Կեֆասին և ապա՝ Տասներկուսին. ապա երևաց միանգամից ավելի քան հինգ հարյուր եղբայրների, որոնցից շատերը կան մինչև այժմ»[3]։

Քսան-երեսուն տարիների ընթացքում իրական դեպքերը հեքիաթի չեն վերածվում, մանավանդ երբ դրանց ականատես վկաները տակավին կենդանի են։

Կա նաև ձևաբանների հետևյալ ''փաստարկությունը''։ Ավետարաններում հանդիպում ենք այնպիսի թեմաների, որոնց գրական սեռը կամ ներկայացնելու կերպը գտնում ենք նաև հրեական և հելլենական գրականության մեջ։

Սրանից պետք է եզրակացնել, – ասում են ձևաբանները, – որ առաջին քրիստոնյաները շատ բան են փոխառել ուրիշ ազգերի կրոններից ու դիցաբանությունից։ Այսպես, օրինակի համար, հունական դիցաբանության մեջ էլ չաստվածները երևում են երկրի վրա, շատերի ճակատագիրն են կառավարում և միջամտում են մարդկանց գործերին։ Հեթանոսների պատմության մեջ էլ են հիշատակվում սրբավայրեր, որտեղ ժողովուրդը չաստվածներից պատգամներ է ստանում և հրաշապատում դեպքեր էին տեղի ունենում։

Սակայն իսկույն ցանկանում ենք առարկել, որ նմանություն չի նշանակում նույնություն։ Քրիստոնեության և մյուս կրոնների միջև եթե նույնիսկ նմանություն կա, ապա դա կայանում է ո՛չ թե նյութերի փոխառության մեջ, այլ՝ թերևս ավելի նյութը ներկայացնելու գրական ոճի մեջ։

Քրիստոսի կրոնը եթե բաղդատելու լինենք մյուս կրոնների հետ, նախևառաջ կտեսնենք, որ բոլորովին տարբեր դիմագիծ և յուրահատուկ նկարագիր ունի, և մյուսներից ամբողջովին տարբերվում է։

Հրաշքների դեպքում էլ է տարբերությունը մեծ, հատկապես երբ հաշվի ենք առնում հրաշքների շարժառիթը և հրաշք գործողի գերմարդկային դիտավորությունը։

Հետո, ինչպես արդեն ասվեց, նորամուտ տարրերի դեմ Առաքյալների խիստ հսկողությունը նման փոխառություններ չէր թույլատրում։

Հրեական կրոնի ազդեցությունը, որ գտնում ենք քրիստոնեական վարդապետության մեջ, Հին և Նոր Կտակարանների միջև գոյություն ունեցող սերտ կապակցությունից է առաջ գալիս։

Սակայն, դրան հակառակ, Քրիստոսի կյանքը հստակորեն զատվում է հրեականից և շատ անգամ էլ հակադրվում է դրան։

Ահա՛ Հիսուսի խոսքերից մի քանի բացատրություններ. «Լսել եք, որ ասվել է նախնիներին. Մի՛ սպանիր։ ... Բայց ես ասում եմ ձեզ ... »։ «Ասված է նաև. Ով որ իր կնոջն արձակի, թող նրան ապահարզանի թուղթ տա։ Բայց ես ասում եմ ձեզ ... »։ «Լսել եք, որ ասվել է. Աչք աչքի փոխարեն, ատամ ատամի փոխարեն։ Բայց ես ասում եմ ձեզ ... » (Մտթ 5-6)։

Այս և նման բացատրություններով Քրիստոսն Առաքյալներին Իր ուրույն վարդապետությունն ուսուցանեց, որն անխուսափելի որոշ նմանություններով հանդերձ՝ մովսիսական ավանդություններից մեծապես տաբերվում է։

Ամփոփելով՝ կարող ենք ասել, որ ձևապաշտների կատարած գործն ավելի կործանիչ եղավ, քան շինարար։ Նրանց կիրառած մեթոդը, որ կրում էր «քննական» պիտակը, սրանից քսան դարեր առաջ ապրած մարդկանց գործերն ու խոսքերը մեր օրերի մտայնությամբ ցանկացավ դատել։ Հետևաբար, հեռացավ իրականությունից և ծայրահեղությունների գիրկն ընկավ։

Պատմվում է, թե Պրոկոստոս անվամբ մի ավազակապետ, ճանապարհորդներին կողոպտելուց հետո՝ նրանց երկաթյա մի մահճակալի վրա պառկեցնելով՝ նրանց ոտքերը կտրում էր, եթե մահճակալից ավելի երկար էին լինում, իսկ կարճ լինելու դեպքում՝ դրանք պարանով այնքան էր ձգում, մինչև որ դրանք մահճակալի երկարությանը հավասարվեին։

Լեոն-Դյուֆուրը, սրամտորեն, ձևապաշտների կատարած գործը նմանեցնում է Պրոկոստոսի արարքին։ Ձևապաշտներն իրենց վարկածներով և իմաստասիրական ու ընկերաբանական սկզբունքներով Ավետարաններն անդամահատեցին, երբ դրանք համապատասխան չգտնվեցին իրենց իդեոլոգիական նախապաշարումներին։

Մի քանի օրինակներ տանք։

Ձևաբանները հետևյալ կերպ տրամաբանեցին. չափավորությունը կամ պարզությունը նախնականության և հնության նշան է։ Մանրամասնենք։ Վերցնենք, օրինակի համար, Ավետարաններում հիշատակված հարուստի պատմությունը։ Մարկոսը պարզապես ասում է. «Մի հարուստ մարդ վազելով եկավ, ծնրադրեց Նրա (Հիսուսի) առջև և հարցրեց ... »[4]։ Ղուկասն ավելի մանրամասնելով՝ ասում է, թե այդ հարուստը իշխան էր. «Մի իշխան Նրան հարցրեց ... »[5]։ Մատթեոսի մոտ այդ հարուստ իշխանը ներկայանում է որպես պատանի. «Պատանին, երբ այդ խոսքերը լսեց, տրտմած գնաց»[6]։ Ձևաբաններն իրենց սկզբունքի համաձայն՝ ասում են, թե հարուստ մարդու՝ իշխան և պատանի լինելու հանգամանքներն ավելացվել են հետագայում. ուստի պետք է որպես անհարազատ տարրեր՝ զտել ու ջնջել այդ մանրամասնությունները։

Դարձյալ, ձևաբանների համաձայն՝ Ավետարաններում խոսքեր կան, որոնք ասվել են ի նպաստ առաջին քրիստոնյաների։ Նրանց պնդմամբ՝ այդ խոսքերն էլ պիտի հետո ավելացված լինեն։ Օրինակ՝ Հիսուսն ասում է. «Մի՞թե կարելի է, որ հարսանքավորները ծոմ պահեն, երբ փեսան նրանց հետ է. այնքան ժամանակ, որ փեսան իրենց հետ է, պետք չէ, որ ծոմ պահեն։ Բայց կգան օրեր, երբ փեսան նրանցից կվերցվի, և ապա այն օրը նրանք էլ ծոմ կպահեն»[7]։ Այս խոսքերի առաջին հատվածը Հիսուսի հարազատ խոսքերն են և կարծես թե ծոմապահության դեմ մի փոքր անբարենպաստ բացատրություն է։ Իսկ երկրորդ հատվածը, որ է՝ «բայց օրեր կգան, երբ փեսան նրանցից կվերցվի, և ապա այն օրը նրանք էլ ծոմ կպահեն», ձևաբանների համաձայն՝ առաջին հասարակության կողմից է ավելացվել, որպեսզի արդարացում գտնի առաջին քրիստոնյաների կողմից ծոմ պահելու սովորությունը։ Հետևաբար, ըստ ձևաբանների, պետք է Ավետարաններից վերցնել այդ տողերը՝ իբրև հետագայում ավելացված խոսքեր։

Եվ այսպես, առանց համոզիչ փաստերի, խորթ և օտարամուտ տարրերը մաքրագործելու նպատակով, ձևաբանները գրեթե տող առ տող կտրատեցին Ավետարանիչների կողմից մեզ փոխանցված Քրիստոսի գործերը, հրաշքները, խոսքերն ու առակները։

Իրենց այդ կործանարար աշխատանքի հետևանքով ձևաբաններն իրենց իսկ մեջ մի շարք կետերի շուրջ համաձայնության չհանգեցին, ոմանք ծայրահեղությունների գիրկն ընկան, մյուսները, ինչպես Վինսենթ Թեյլորը, միջին և չափավոր ճանապարհ որդեգրելով՝ ավելի մոտեցան ավանդական ուսուցմանը։

Ձևաբանների դպրոցը մի շրջան աղմուկ հանելուց հետո աստիճանաբար կորցրեց իր հետևորդների թիվը, իր սկզբնական և երբեմնի գրավչությունն էլ, բնականաբար, խամրեց։

[1] Ղկս 1, 1
[2] Nouveau Testament, Introduction à la Bible, II, 3e Edition, p. 314.
[3] 1Կր 15, 5-6
[4] Մրկ 10, 17
[5] Ղկս 18, 18
[6] Մտթ 19, 22
[7] Մրկ 2, 19-20
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։