Էսսենականների և քրիստոնյաների վարդապետության նմանություններ – Գրադարան – Mashtoz.org

Էսսենականների և քրիստոնյաների վարդապետության նմանություններ

Էսսենականները վանական կյանք էին վարում։ Առաջին քրիստոնյաների նման, էսսենականների համար ամեն ինչ ընդհանուր էր։

Էսսենականները կազմվում էին թե՛ քահանայական դասի անդամներից և թե՛ աշխարհականներից։

Նրանք ունեին 12 աշխարհական դատավորներ՝ որպես Իսրայելի 12 իշխանական տների ներկայացուցիչներ, և երեք քահանաներ՝ որպես ղևտացի երեք ցեղերի ներկայացուցիչներ։

Էսսենականների 12 դատավորների կազմի նմանությունը գտնում ենք Ավետարաններում, ուր Հիսուսն Իր տասներկու աշակերտներին ասում է. «Դուք պիտի բազմեք տասներկու աթոռների վրա՝ դատելու համար Իսրայելի տասներկու ցեղերին» (Ղկս 22, 28-30)։

Էսսենական համայնքներն ունեին մի վերատեսուչ, ով նորեկներին ուսուցանում էր իրենց վարդապետությունը։

Նույն բանը գտնում ենք նաև առաջին շրջանի քրիստոնյաների մեջ։ Պետրոս Առաքյալը գրում է. «Ոչխարների նման մոլորված էիք, բայց հիմա ձեր հոգիների հովվին և տեսչին վերադարձաք» (1Պտ 2, 25)։

Էսսենականներն ամեն տարի իրենց մեղքերից մաքրվելու համար մկրտվում էին։ Նրանց համար՝ մարդն ապաշխարությամբ մեղքերի թողության էր արժանանում։

Քրիստոնյա լինելու համար էլ մեկը պիտի ջրով և Սուրբ Հոգով մկրտվի՝ իր մեղքերից թողություն գտնելու համար և իր մեղքերի քավությունը գտնի ապաշխարությամբ։ Պետրոս Առաքյալն ասում է. «Զղջացե՛ք, և ձեզնից յուրաքանչյուրը թող մեղքերի թողության համար մկրտվի մեր Տեր Հիսուս Քրիստոսի անվամբ» (Գրծ 2, 38)։

Հիսուսն ասում է Նիկոդեմոսին. «Եթե մեկը չծնվի ջրից և հոգուց, չի կարող Աստծո Արքայություն մտնել» (Հվհ 3, 5)։

Էսսենականներն ամեն օր սովորություն ունեին ընդհանրական ճաշի մասնակցելու։

Առաջին քրիստոնյաներն էլ ընդհանրական ճաշի սովորությունն ունեին (Գրծ 2, 42,46; 20, 7)։

Կարելի է նմանություններ գտնել նաև էսսենականների և Քրիստոսի վարդապետության միջև։

Էսսենականներն ընդունում էին բարի և չար ոգիների գոյությունը և մարդկանց կյանքի վրա դրանց բարի կամ չար ազդեցությունները։

Նրանք հավատում էին լույսի, ճշմարտության և խավարի հրեշտակներին, լույսի և խավարի որդիների միջև գոյություն ունեցող պայքարին։

Էսսենականներն ունեին նաև հոգու անմահության և հարության գաղափարները։

Նրանց համար աշխարհը կործանվելու է կրակով։ Աշխարհի վախճանին Մեսսիան գալու է, և չարի իշխանությունը կործանելով՝ թագավորելու է հավիտյան։

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։