Եզրակացություն – Գրադարան – Mashtoz.org

Եզրակացություն

Համամարդկային պատմության մեջ չենք հանդիպում մի մարդու, որ Քրիստոսի նման կատարյալ տիպար լինի՝ օժտված մարդկային բոլոր բարեմասնություններով և իր մեջ խտացնի ամեն տեսակ առաքինություն, այդքա՜ն պայծառ սրբություն ունենա։

Հիսուսի կյանքը բազմակողմանի ադամանդի է նմանվում, որի ամեն կողմից ցոլում են ամեն տեսակ առաքինություն, անհուն սեր՝ Աստծո և մարդկանց հանդեպ, անսահման գութ՝ տկարի, հիվանդի, կարոտյալի, մեղավորի հանդեպ, Ով խիստ է անարդարների ու կեղծավորների հանդեպ, աներկյուղ ու արի՝ ցավերի, չարչարանքների առջև, իմաստուն՝ Իր խոսքերում և գործերում, անայլայլ՝ փոթորկի ու հալածանքների ժամանակ, հավասարակշիռ՝ Իր բոլոր շարժումներում։

Նա իսկական ծիրանի գոտի է, ուր իր բոլոր երանգներով շողշողում է մարդկային հոգու գերազանց սրբությունը։

Արդ, իրավամբ կարող ենք եզրակացնել, որ Հիսուսն արդարության և սրբության Արեգակն է, որն Իր գերբնական վարդապետության շողերով, բարձրորակ գաղափարներով, Իր ցուցաբերած կյանքի աննման բարոյականով, Իր գործած անճառ հրաշքներով կերպարանափոխեց մարդկային անկյալ բնությունը՝ այն բարձրացնելով հրեշտակների մաքրամաքուր բարոյականին, գերբնական ու աստվածային լույսով ողողեց խավարում թափառող հոգիներին, մխիթարության բալասանով օծեց անհամար թշվառների վերքերը։

Հիսուսի շնորհիվ՝ շատերը փշրեցին սատանայի գերության շղթաները, լքեցին մոլության ճամփան և քայլեցին այն ուղիով, որ տանում է դեպի Լույսի աղբյուրը։

Նրա անդիմադրելի հմայքից տարված բյուրավոր անձինք՝ արհամարհելով աշխարհի շլացուցիչ, բայց անցողիկ հաճույքները, քաջաբար խաչն ուսներին առած՝ քայլեցին փշոտ ճանապարհներով, բարձրացան Գողգոթա՝ խաչի վրա մահացնելու համար իրենց եսը։

Քանինե՜ր ոտնակոխ անելով աշխարհի խաբուսիկ փառքն ու պատիվը՝ քաշվեցին անապատներ և ճգնարանների մթության մեջ իրենց կյանքն Աստծո մտերմությամբ անցկացրեցին։

Քանի՜ քանի՜ մեծ ու փոքր անձինք, տղա ու աղջիկ հերոսական արիությամբ նախընտրեցին իրենց արյունը հեղելով մարտիրոսական պսակի արժանանալ, քան երկրավոր փափկությունները վայելել։ Վկա են Ավարայրի մեր դյուցազուններից մինչև 1915 թվականի մեր նահատակները։

Արդ, այսպիսի հրաշագործ մի Սուրբ, որ քսան դարեր անց տակավին շարունակում է կերպարանափոխել մարդկությունը, որ Ինքն Իրեն մոռացած՝ միայն Աստծո կամքն ու փառքը փնտրեց, որ տևապես միացած ապրեց Աստծո հետ, որ ատեց սուտն ու կեղծիքը, որ հանդիմանեց կեղծավոր փարիսեցիներին, ինչպե՞ս կարող էր ժողովրդին խաբել՝ ասելով, թե Ինքն Աստծո Որդին է, ճշմարիտ Աստված է։

Եթե Հիսուսը խաբել է մարդկությանը՝ այսպիսի մի ծանրակշիռ հարցում, այսինքն՝ սոսկ մարդ լինելով, աշխարհին որպես Աստծո իսկական Որդի ներկայացավ, մոլորեցրեց անմեղ ժողովրդին՝ միլիոնավոր մարդկանց խղճերը խաթարելով, ուրեմն Հիսուսը ո՛չ թե սուրբ ու բարի մեկն է, այլ՝ մեծագույն խաբեբան։

Բայց այդ պարագայում ինչպե՞ս բացատրել Հիսուսի գործած անթիվ բարիքները, զոհողություններն ու հրաշքները։

Ասենք թե Հիսուսը, այո՛, խաբեբա չէր, այլ՝ սուրբ էր, բարի էր, բայց միամիտ լինելով՝ ինքնախաբեության մեջ էր ընկել, ինքն իրեն Աստծո Որդի էր կարծել։

Այս կարծիքն էլ, սակայն, ընդունելի չի կարող լինել, քանի որ – ինչպես տեսանք – Հիսուսը, լինի՛ Իր գործերով, լինի՛ Իր խոսքերով, աննախընթաց իմաստություն ցուցաբերեց։ Այդքա՜ն իմաստուն մեկը չի կարող միամտորեն խաբված, ինքնախաբեության զոհ լինել։

Հետո, որևէ մի խաբեբա կամ խաբված մեկը կարո՞ղ է մարդկությանը մնայուն կերպով մոլորեցնել, մարդկության ամենից զարգացած զանգվածին. ուշ կամ շուտ՝ սուտն ու խաբեությունը մեջտեղ պիտի դուրս գային, քանի որ գիտությունն այնքա՜ն է առաջ գնացել, քանի որ պատմությունն այնքա՜ն խորը կերպով է ուսումնասիրվել, որ պատմական այսքա՜ն մեծ խաբեությունը պիտի շուտով հերքվեր լուրջ փաստերով։

Խաբեբան կամ խաբվածն անկարելի է, որ քսան դարեր տիրապետեր միլիարդավոր մարդկանց խղճերի վրա։

Խաբեբայի կամ խաբվածի վարդապետությունն անկարելի է, որ արագորեն տարածվեր աշխարհի չորս կողմերում՝ առանց հրի ու սրի, ամբողջական ազգեր հպատակվեին նրա դժվար պատվերներին՝ հակառակ հեթանոս մեծ պետությունների սոսկալի հալածանքներին, հակառակ Քրիստոսի ոխերիմ թշնամիներին։

Այսօր մարդիկ այնքա՜ն զարգացած են, գիտությունն իր բազմազան ճյուղերով այնքա՜ն առաջ է գնացել, որ հեշտությամբ կարելի է ճշմարիտը սխալից տարբերել։

Այսօր գիտության լույսի առջև սուտը խավարի պես չքանում է։

Քրիստոնեությունը, որ քսան դարերի միջից իր սահմաններն ընդարձակելով եկել հասել է մեզ, եթե սխալ լիներ, միայն տգետների ու կույր մոլեռանդների բաժին պիտի մնար։

Մինչդեռ ընդհակառակը, մարդկային հանճարի իսկական հսկաները՝ մեծ գիտնականներ, անթիվ գյուտարարներ, գլուխ ծռեցին Աստվածային Վարդապետի առաջ։

Աշխարհի բոլոր Սրբերը ներշնչվեցին Հիսուսից, իրենց կյանքը ջանացին նմանեցնել Նրա անբասիր կյանքին՝ առանց, սակայն, հասնելու Նրա կատարելությանը։

Քրիստոսի դեմքը մինչև այսօր ճառագայթում է Արեգակի նման՝ լուսավորելով բոլոր այն հոգիներին, ովքեր անկեղծորեն ցանկանում են երկրի վրա մաքուր ու սուրբ կյանք անցկացնել։

Որքա՜ն ճիշտ են Թեյար Դը Շարդենի[1] հետևյալ խոսքերը. «Պատմության կենտրոնում, նյութի խորքում կա Հարուցյալ Քրիստոսի տրոփուն սիրտը»։

[1] Պիեռ Թեյար դը Շարդեն (Pierre Teilhard de Chardin, 1881-1955), ֆրանսիացի կաթոլիկ նշանավոր փիլիսոփա, աստվածաբան, բնագետ, երկրաբան, հնեագետ, մարդաբան, Փարիզի կաթոլիկ համալսարանի Բնական Գիտությունների դոկտոր, Հիսուսյան Միաբանության անդամ, Փարիզի Գիտությունների Ակադեմիայի անդամ

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։