Առարկություն և պատասխան – Գրադարան – Mashtoz.org

Առարկություն և պատասխան

Ինչպես Հիսուսի հրաշքներն անթիվ մերժողներ ունեցան, այնպես էլ Հիսուսի Հարությունը, որպես բացառիկ հրաշք, բնական է, որ իր հակառակորդներն ունենար։

Հրաշքի մասին խոսելիս ցույց տվեցինք, որ հրաշքը հնարավոր բան է, և որ Հիսուսն անթիվ հրաշքներ է գործել, և որ մինչև մեր օրերը, աշխարհի չորս կողմերը, Աստված հրաշքներ է գործում, հետևաբար՝ Հիսուսի Հարությունն էլ, որ հրաշքների հրաշքն է, անհնարին դեպք չէ։ Ուստի, նախորդ գլխում հրաշքների մասին մեր ապացույցները Հիսուսի Հարության համար էլ են ազդում։

Այստեղ պիտի խոսենք մի նոր տեսակի առարկության մասին, որ հրապարակ են հանել մի շարք հակառակորդներ՝ հատկապես Հիսուսի Հարության իրականությունը մերժելու համար։

Ահա՛ առարկությունը. Հարությունից հետո Հիսուսի երևումները՝ լինի՛ Առաքյալներին, լինի՛ կանանց, լինի՛ այլոց, վառ երևակայության արդյունք, զգայախաբություններ և բանդագուշանքներ են։

 

Պատասխան

Ավետարանիչների համաձայն՝ Հիսուսի Հարության օրն առավոտյան կանուխ բարեպաշտ կանայք գերեզման գնացին և տեսան, որ գերեզմանի առջև դրված մեծ քարը տեղաշարժված էր, գերեզմանի մեջ էլ Հիսուսի թաղված մարմինը չկար։

Հանկարծ հրեշտակը երևում է և կանանց ասում. «Դուք մի՛ վախեցեք. գիտեմ, որ Հիսուսին եք փնտրում, խաչվածին. այստեղ չէ, քանի որ հարություն առավ, ինչպես Ինքն ասել էր։ Եկե՛ք, տեսե՛ք այն տեղը, ուր պառկած էր» (Մտթ 28, 5-6)։

Հետո, երբ Մարիամ Մագդաղենացին մենակ մնացած՝ լացում էր, Հիսուսը նրան երևում է՝ ասելով. «Ո՜վ կին, ինչո՞ւ ես լալիս, ո՞ւմ ես փնտրում»։ Նրան այնպես թվաց, թե պարտիզպանն էր. և ասաց նրան. «Տե՜ր, եթե դու ես Նրան վերցրել, ասա՛ ինձ՝ ուր ես դրել, որպեսզի ես Նրան վերցնեմ»։ Հիսուսը նրան ասաց. «Մարիա՜մ»։ Եվ նա դարձավ ու եբրայեցերեն Նրան ասաց. «Ռաբբունի՜ (որ թարգմանվում է՝ վարդապետ)»։ Հիսուսը նրան ասաց. «Ինձ մի՛ ուշացրու, քանի որ դեռ Հորս մոտ չեմ բարձրացել. ուրեմն գնա՛ իմ եղբայրների մոտ ու նրանց ասա՛, որ ես բարձրանում եմ իմ Հոր և ձեր Հոր, իմ Աստծո և ձեր Աստծո մոտ»։ Մարիամ Մագդաղենացին եկավ ու աշակերտներին պատմեց, որ Տիրոջն էր տեսել, և Նա իրեն այս բաներն էր ասել» (Հվհ 20, 15-18)։

Նույն օրը, «երեկոյան աշակերտները հավաքված էին մի տան մեջ, որի դռները փակված էին հրեաների վախի պատճառով։ Հիսուսը եկավ, կանգնեց նրանց մեջտեղն ու նրանց ասաց. ''Խաղաղությո՜ւն ձեզ''։ Այս ասելով՝ նրանց ցույց տվեց իր ձեռքերն ու կողը» (Հվհ 20, 19-20)։

Դարձյալ, նույն օրը Հիսուսը երևաց Էմմավուս գնացող Իր երկու աշակերտներին (Ղկս 24, 13-35)։ Հետո, Տիբերական լճի ափին հայտնեց Իրեն Իր Առաքյալներին (Հվհ 21, 1)։

Հիսուսը երևաց նաև Պետրոսին (Ղկս 24, 34), ապա ավելի քան հինգ հարյուր հավատացյալների (1Կր 15, 6)։

Ուրեմն, Հիսուսը հարություն առնելուց հետո շատերին է երևացել։

Արդ, հարցնենք մեր հակառակորդներին՝ արդյոք հնարավո՞ր է, որ Հիսուսին տեսնողները բոլորն էլ զգայախաբության կամ վառ երևակայության զոհ գնացած լինեն։

Հիսուսը մեկ անգամ չի և մի հոգու չի, որ երևացել է, այլ՝ հարյուրից ավելի հոգիների և զանազան վայրերում ու ժամանակներում։

Մի պահ ընդունենք, որ Մարիամ Մագդաղենացին և մյուս կանայք, ովքեր տղամարդկանցից ավելի զգայուն լինելով և բանդագուշանքի ենթակա լինելով, երևակայության զոհ են դարձել։

Բայց ի՞նչ ասենք Առաքյալների և բազմաթիվ տղամարդկանց մասին, ովքեր բնական, առողջ մտքով ու մարմնով մարդիկ էին։ Արդյո՞ք նրանք էլ են վառ երևակայության զոհ գնացել։

Հակառակորդների ասածը հերքելու համար հիանալի և համոզիչ փաստ է Թովմաս Առաքյալի դեպքը։

Տեսե՜ք, թե ի՛նչ պարզությամբ ու բնականությամբ է Հովհաննես Ավետարանիչը հետևյալ դեպքը պատմում.

Երբ Հիսուսը հարություն առնելուց հետո առաջին անգամ երևում է Առաքյալներին, Թովմաս Առաքյալը խմբից բացակայում էր։

Երբ Թովմասը միանում է խմբին, Առաքյալները, բնական է, խանդավառությամբ պատմում են նրան, որ Հիսուսն իրենց երևացել է։

Բայց Թովմասն ասում է նրանց. «Մինչև որ Նրա ձեռքերի մեջ գամերի հետքերը չտեսնեմ, և մատներս չմտցնեմ գամերի տեղը և ձեռքս նրա կողի մեջ չմտցնեմ, չեմ հավատա»։

Ութ օր անց աշակերտները դարձյալ ներսում էին. Թովմասն էլ միասին։ Դռները փակ լինելով հանդերձ՝ Հիսուսը եկավ և նրանց մեջտեղում կանգնեց և ասաց. «Խաղաղությո՜ւն ձեզ»։ Հետո ասաց Թովմասին. «Բե՛ր քո մատները և դի՛ր այստեղ, ու տե՛ս իմ ձեռքերը. և բե՛ր քո ձեռքը և մտցրո՛ւ իմ կողի մեջ։ Անհավատ մի՛ եղիր, այլ՝ հավատացյալ»։

Թովմասը պատասխանեց. «Տե՜ր իմ և Աստվա՜ծ իմ» (Հվհ 20, 25-28)։

Այստեղ արժե գոչել. «Ապրե՜ս, Թովմաս, որ քո իրապաշտ կեցվածքով՝ շատ անհավատների համար հորդոր ու մղիչ պատճառ ես, որ նրանք լինեն հավատացյալ, բայց տրամաբանող, իրապաշտ հավատացյալներ»։

Հավելենք նաև, որ Հիսուսի խաչելությունից հետո՝ կարծես Իր երեք տարվա ընթացքում կատարած քարոզչությունը, հրաշքներն իզուր էին անցել։ Հիսուսի Առաքյալները, աշակերտներն ու բարեկամները հուսահատ վիճակի էին մատնվել և կարծես սկսվել էր քայքայումը։ Էմմավուսի երկու աշակերտները հուսախաբված՝ իրենց գյուղը, իրենց գործին էին վերադառնում։ Բայց ահա՛ Հարուցյալ Հիսուսի երևումները նոր եռանդ, նոր կյանք արթնացրեցին նրանց մեջ, ովքեր լսելով Խոսքին՝ համբերությամբ սպասեցին Սուրբ Հոգու գալստյանը։

Հոգեգալստից անմիջապես հետո յուրաքանչյուր Առաքյալ, յուրաքանչյուր աշակերտ՝ մի մի առյուծ դարձած, անվեհեր սկսեց քարոզել Քրիստոսի վարդապետությունը, նախ Հրեաստանում, ապա աշխարհի չորս կողմերում։

Հերոսաբար դիմանալով և դիմադրելով հրեաների ու հեթանոսների կողմից եկած բոլոր դժվարություններին, անլուր տանջանքներին, անվերջանալի հալածանքներին՝ Քրիստոսի Անունը տարածեցին ամեն կողմ, մինչև իսկ այդ ժամանակաշրջանի աշխարհի կենտրոնը համարվող Հռոմի սիրտը, հանձն առնելով նույնիսկ իրենց արյունը հեղել իրենց քարոզած վարդապետության համար։

Երկնքից բերած Հիսուսի հուրը հրդեհեց Հռոմեական հսկա Կայսրությունը, որ երեք դար Քրիստոսի հետևորդներին հալածելուց հետո ի վերջո ծնկի եկավ և ազատ կրոն հռչակեց Քրիստոնեությունը։

Տեսանք, որ Հիսուսի աստվածության ամենաջախջախիչ փաստը Հիսուսի Հարությունն է։

«Եթե Քրիստոսը հարություն չի առել, իզուր է ձեր հավատքը» (1Կր 15, 17), գոչում է Պողոս Առաքյալը։

Այս հավատքի վրա է, որ իբրև ապառաժյա հիմք, երկու հազար տարիներից ի վեր կանգուն մնում է Եկեղեցին։

Հիսուսի Հարությունը եթե բանդագուշանք է և երևակայական խաբեություն, ողջամիտ մարդու համար դժվար, եթե ո՛չ՝ անհնարին է ընդունելը, որ այդ բանդագուշանքի, պատրանքի կամ ցնորքի վրա քսան երկար դարեր հաստատուն մնացած լինի Քրիստոսի Եկեղեցին, որի պատմությունը գրված է հազարավոր Մարտիրոսների արյամբ, որի դեմ կատաղի պայքար են մղել և դեռ շարունակում են մղել հեթանոսությունը, անաստվածությունը, նյութապաշտությունը։

Հնարավո՞ր է հավատալ, որ ստի վրա հիմնված Եկեղեցին այսքա՜ն ժամանակ դիմացած լինի անհավատների, բազմատեսակ հերետիկոսների հանած լեռնանման ալեկոծություններին և դժոխքի ուժերի դեմ մղած մշտատև պայքարին։ Եթե սուտ է Քրիստոսի Հարությունը, ապա այդ դեպքում Նրա բոլոր Առաքյալներն ու աշակերտները, ովքեր իրենց ողջ կյանքը զոհեցին իրենց տարածած վարդապետության համար, եղել են խաբված խաբողներ։

Ճշմարտությունը, սակայն, ստիպում է մեզ, որ ընդունենք Քրիստոսի Հարության իրականությունը[1]։

Հիսուսն Իր մահվամբ հաղթեց մահվանը։

Հիսուսի Հարությունը մահվան մահն է և մարդկության կյանքը, քրիստոնեական հավատքի անօրինակ տարածման մղիչ ուժն է, մարդկային անկյալ բնության վերականգման պատճառը, սրբության աղբյուրը։

[1] Հարության փաստարկների վերաբերյալ տե՛ս մեր կայքում հրատարակված «Հիսուսի Հարության պատմական փաստերը» աշխատությունը։

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։