Մարկոսը Հիսուսին տեսե՞լ է, թե՞ ո՛չ – Գրադարան – Mashtoz.org

Մարկոսը Հիսուսին տեսե՞լ է, թե՞ ո՛չ

Բազմաթիվ ուսումնասիրողների համաձայն՝ Մարկոս Ավետարանիչը թեև Հիսուսին չի աշակերտել (Հիսուսի քարոզչության ժամանակ դեռ պատանի հասակում է եղել), սակայն շատ հավանական է, որ Նրան տեսել է։

Մարկոսի Ավետարանում հետևյալ դրվագն ենք գտնում.

Երբ Հիսուսը Գեթսեմանիի պարտեզում ձերբակալվեց, Նրա Առաքյալները «թողեցին Նրան և փախան։ Եվ մի երիտասարդ Նրա (Հիսուսի) հետևից գնաց, մերկ՝ վրան մի կտավ առած։ Երիտասարդներ նրան բռնեցին, սակայն նա՝ կտավը թողնելով, մերկ փախավ նրանց ձեռքից»[1]։

Հին ավանդության համաձայն՝ վերոհիշյալ երիտասարդը ուրիշ մեկը չէր, եթե ո՛չ ինքը՝ Մարկոս Ավետարանիչը, որ Հիսուսի կյանքի հետ հատուկ կապ չունեցող այս աննշան դեպքը իբրև անձնական կնիք, ստորագրության պես մի բան ցանկացել է ներմուծել իր Ավետարան։ Հավելենք նաև, որ այս դեպքը մյուս երեք Ավետարաններում հիշատակված չէ։

Հին ավանդության համաձայն՝ Գեթսեմանիի այդ պարտեզը Մարկոսի ընտանիքի սեփականությունն է եղել, իսկ Մարկոսի մոր երուսաղեմյան տանն է Հիսուսը կատարել Վերջին Ընթրիքը։

Ուստի կարելի է ծայր աստիճան հավանական համարել, որ Մարկոսը Երուսաղեմում ականատես է եղել նաև Հիսուսի կյանքի վերջին փուլում տեղի ունեցած մի շարք դեպքերի։

[1] Մարկոս 14, 50-52

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։