Հիշողության հարցը – Գրադարան – Mashtoz.org

Հիշողության հարցը

Տեսանք, որ առաջին երեք Ավետարանները գրվել են ամենաուշը 60-70 թվականներին։

Արդ, հարցնում ենք, թե ինչպե՞ս կարող են Հիսուսից մահվանից շուրջ 35 տարի անց գրված Ավետարանները հարազատորեն ներկայացնել Հիսուսի գործերն ու խոսքերը։

Ահա՛ մի առարկություն, որ արժե հաշվի առնել և լուսաբանել։

Փորձառությամբ գիտենք, որ մարդու կյանքից մի դեպք, սիրված մի թեմա, որ հաճախ և շարունակական կերպով պատմվում է որևէ մեկի կողմից, հեշտությամբ չի մոռացվում։

Եթե առիթն ունեցել եք ձեր հետ պատահած որևէ մի կարևոր դեպք ուրիշներին հաճախակի պատմել, տարիներ անց էլ հիշում եք այն՝ իր ողջ մանրամասնություններով, իբրև թե այդ դեպքը դեռ նոր է պատահել։

Դարձյալ, դժվար է մոռանալ մի դեպք, մի խոսք, որը խորը տպավորություն է թողել մեր վրա։

Պատերազմի մասնակից որևէ զինվոր տարիներ անց էլ պիտի հիշի իր հետ պատահած արկածները։

Որևէ մի արկածի հանդիպած մեկը հեշտությամբ չի կարող մոռանալ այդ դեպքի նույնիսկ հետին մանրամասնությունները։

Եթե մի պահ լրջորեն մտորենք, թե ինչպիսի՛ հոգեցունց պահեր են ապրել Առաքյալները՝ հայտնվելով հարություն առած Հիսուսի դիմաց, այն բանից հետո, ինչ տեսել էին Նրան մեռած, դժվարություն չենք ունենա հասկանալու, որ այդպիսի դեպքից հետո նրանց հիշողությունը չէր կարող ցրվել, ա՛յլ բաներով շեղվել, այլ՝ ինչպես Հիսուսի մարմինն էր գամվել խաչին, այնպես էլ նրանց միտքն ու ուշադրությունն էին այդուհետև գամվել Հիսուսին վերաբերվող հիշողություններից յուրաքանչյուրի վրա։

Արդ, Առաքյալների գործն էր, գրեթե ամեն օր խոսել Հիսուսի մասին, քարոզել Նրա վարդապետությունը և աստվածային խոսքերը, և սա՝ իրենց ողջ կյանքի ընթացքում։

Այս կերպ Հովհաննես Ավետարանիչն իր խոր ծերության շրջանում էլ ամենայն մանրամասնություններով հիշում էր ո՛չ միայն Հիսուսի գործերը, այլ նաև՝ Նրա Վերջին Ընթրիքի երկար կտակը, քանի որ իր յուրաքանչյուր խոսակցության նախասիրյալ թեման էր Հիսուսը և Նրա կյանքը։ Ո՛վ գիտե, նա քանի հարյուր անգամներ էր պատմել Հիսուսի գործերն ու խոսքերը, յուրացրել էր դրանք և ապա գրել իր Ավետարանում։

Նույն բանն արել են նաև Հիսուսի մյուս Առաքյալներն ու աշակերտները։

Հիսուսն Իր կենդանության օրոք իսկ Առաքյալներին զույգ-զույգ ուղարկում էր քարոզչության[1], և Իր հարությունից հետո էլ հրահանգ տվեց նրանց՝ Իր վարդապետությունը քարոզել բոլոր ազգերին[2]։

Եվ Առաքյալները հավատարմորեն կատարեցին Հիսուսի հրամանն՝ ի գին իրենց արյան։

[1] Մրկ 6, 7
[2] Մտթ 28, 18-20
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։