Ներքին փաստեր – Գրադարան – Mashtoz.org

Ներքին փաստեր

Մինչև այստեղ տեսանք, որ Ավետարանիչները քաջածանոթ էին իրենց գրածներին և նաև ճշմարտախոս էին։

Նրանց նպատակը վեպ կամ հեքիաթ գրելը չէր, այլ՝ Հիսուսի կյանքի իրական պատմությունը։

Ավետարանների պատմականությունն ավելի է հաստատվում, երբ խորապես զննում ենք նաև նրանց ընձեռած ներքին փաստերը։

Եթե Ավետարաններն ուշի ուշով կարդալու լինենք, անմիջապես պիտի տեսնենք նկարագրությունների բնական պարզությունը, անկեղծ շեշտը և զարմանք պատճառող առարկայականությունը։ Որքան զուսպ և բնական ոճով են պատմված Հիսուսի գործերն ու հրաշքները։

Ավետարաններում առանց հետին մտքերի, կատարյալ անկողմնակալությամբ նկարագրված են Առաքյալների թե՛ դրական և թե՛ բացասական հատկությունները, նպաստավոր և աննպաստ արարքները, թերի կողմերը։

Առանց մտավախության, Ավետարանիչները մեզ ներկայացրել են Քրիստոսի կողմից վաճառականներին զայրույթով ու խարազանով Տաճարից վտարելը, Նրա լացը, Գեթսեմանիի պարտեզում մահվան հանդեպ ունեցած վախը, տառապանքը, արյուն քրտնելը, և այլն։

Առաքյալներն այնտեղ ներկայանում են իրենց թերություններով՝ որպես տգետ, վախկոտ, կոշտ, փոքրոգի, եսասեր, կռվարար, և այլն։

Ավետարաններում երբեմն այնպիսի աննշան մանրամասնությունների ենք հանդիպում, որոնք կարելի է միայն ականատես մեկին վերագրել։

Այնտեղ հիշատակված են հրաշքի կամ դեպքի ճշգրիտ ժամերը։ Այսպես. «Եվ Հիսուսը ճանապարհից հոգնած՝ նստեց աղբյուրի մոտ. կեսօր էր»[1]։ Իշխանազունի որդին հիվանդ էր։ Հիսուսը նրան ասեց. «Գնա՛, զավակդ ողջ է»։ Իշխանազունի ծառաները եկան և նրան ասեցին, թե տղադ ողջ է։ Հարցրեց ծառաներին. «Ո՞ր ժամին ապաքինվեց»։ Պատասխանեցին. «Երեկ, յոթերորդ ժամին ջերմն անցավ»[2]։ Հովհաննես Ավետարանիչը գրում է. «Ցամաքից հեռու չէին, այլ՝ երկու հարյուր կանգունի չափ»[3]։ Քիչ անց տալիս է հրաշքով բռնված ձկների ճիշտ քանակը, որ է «հարյուր հիսուներեք մեծ-մեծ ձկներով»[4]։

Դարձյալ Հովհաննես Ավետարանիչն է, որի աչքից չի վրիպել Կանայի հարսանիքը նկարագրելիս, որ «այնտեղ կային քարե վեց ջրամաններ»[5]։ «Վեցերորդ ժամից մինչև իններորդ ժամը խավար պատեց»[6], գրում է Մատթեոսը։ «Վեց օր հետո Հիսուսն Իր հետ վերցրեց Պետրոսին»[7], ճշտում է Մարկոսը։ Հովհաննեսը հիշում է, որ Նիկոդեմոսը «հարյուր լիտրի չափով հալվեով խառը զմուռս բերեց»։

Նման մանրամասնություններն անթիվ են, որոնք ցույց են տալիս, որ Ավետարանիչներն իրական պատմություն էին կամենում գրել։

Ուշագրավ է նաև, որ հրեա ժողովրդի բարքերը, ծիսական արարողությունները, փարիսեցիների և սադուկեցիների մտայնությունը, ինչպես նկարագրվում են Ավետարաններում, հարևնման են վերջերս Քումրանում գտնված ձեռագրերի նկարագրություններին։

Հակառակ այդ շրջանում տիրող սովորություններին և մտայնությանը՝ Հիսուսը ներկայանում է ամբողջովին նոր վարդապետությամբ, մարդկության նյութապաշտ ու հաճոյասեր զգացումները խարանող և առաքինությունները փառաբանող սկզբուքներով։

Դժվար էր Հիսուսի առաքելությունը, քանի որ ընդհանուր հոսանքի դեմ էր, որ պատվար էր կանգնում՝ Իր դեմ անթիվ թշնամիներ ստեղծելով։ Ավետարաններում Ավետարանիչներն անվախորեն, առանց նկատումների ներկայացնում են Հիսուսի վարդապետությունն իր ամենախիստ կողմերով։

[1] Հվհ 4, 6-7
[2] Հվհ 4, 46-52
[3] Հվհ 21, 8
[4] Հվհ 21, 11
[5] Հվհ 2, 6
[6] Մտթ 27, 45
[7] Մրկ 9, 1
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։