Պարականոն գրությունների ծագումը – Գրադարան – Mashtoz.org

Պարականոն գրությունների ծագումը

Պարականոն գրությունների ծագումը բացատրելու համար գլխավոր երկու պատճառներ են մատնանշվում։ Առաջին պատճառը կարելի է կոչել դիտումնավոր։

Պարականոն համարված Ավետարաններից շատերը, որոնք արդեն Երկրորդ դարում լույս տեսած և տարածված են եղել, որպես կանոն՝ աղանդավորական կամ հերետիկոսական արտադրություններ են։

Տարիների ընթացքում, մասնավորապես Երկրորդ և Երրորդ դարերում բազմացող մոլորյալներն արդարացնելու համար իրենց կրոնական թյուր ըմբռնումները՝ աղավաղված Ավետարաններ են հրապարակ հանել։

Կեղծ Ավետարաններից շատերի մեջ հստակ կերպով երևում է վարդապետական սխալ գաղափարներ տարածելու մի դիտումնավոր միտում։

Օրինակներով խոսենք։ Պետրոս Առաքյալի անվամբ ճանաչված Ավետարանում ո՛չ միայն պատմական սխալներ կան, այլ նաև՝ այնպիսի տողեր, որոնց մեջ Երևութական կոչվող աղանդավորների մտքեր են թաքնված։ Երևութականների համաձայն՝ Հիսուսը ո՛չ թե իսկապես, այլ՝ միայն երևութապես է մարմին առել։

«Եգիպտացիների Ավետարան»ից մեզ հասած որոշ պատառիկներում ամուսնությունը դատապարտելի արարք է նկատվում։ Էնկրատիտյան և ա՛յլ աղանդավորների մոլորություններն են, որ մուտք են գործել վերոհիշյալ Ավետարանի մեջ։

Թովմաս և Փիլիպպոս Առաքյալների, ինչպես նաև էբիոնիտներին վերագրված Ավետարաններում դյուրին է հանդիպել ոչ ուղղափառ գաղափարների։

Ավելորդ է ասել, որ պարականոն գրություններից շատերը, որոնցում ուղիղ վարդապետությանն առընթեր կան նաև Քրիստոնեությանը խորթ մտածություններ, ընդհանրապես լույս են տեսել և գործածվել են հերետիկոս համայնքներում։

Պարականոն գրությունների ծագման երկրորդ պատճառը կարելի է բարեպաշտական անվանել։

Կեղծ Ավետարանների մի պատկառելի մասն էլ կարծես գրված է հրաշապատում պատմվածքներով՝ միամիտ ժողովրդի հետաքրքրությունը շարժելու և նրա բարեպաշտիկ զգացումներին գոհացում տալու նպատակով։

Արդարև, մեզ ծանոթ պարականոն գրություններից շատերի, օրինակի համար «Մանկության Ավետարան»ի, Հակոբոսի, Նիկոդեմոսի և այլն, Ավետարանների նյութը Հիսուսի կյանքից հետաքրքրաշարժ դրվագներն են, որոնք երևակայական մտքերի ծնունդ են։ Այս գրությունների հեղինակները կարծես սխալը ճշտից, առասպելն իրական պատմությունից զատելու մտահոգությունը չեն ունեցել։

Չէ՞ որ Հովհաննես Ավետարանիչն ասել է. «Բայց դեռ ուրիշ շատ գործեր էլ կան, որ կատարեց Հիսուսը, որոնք եթե մեկիկ մեկիկ գրի առնվեին, կարծեմ թե աշխարհն էլ բավարար պիտի չլիներ պարունակելու այդ գրքերը, եթե գրված լինեին»[1]։

Ավետարաններում չգրված Հիսուսի այդ անթիվ գործերն են, որոնք կարծես ժողովրդի բերանում հեքիաթի վերածվելով՝ պարականոն գրությունների նյութ են հայթայթել։

[1] Հովհաննեսի Ավետարան 21, 25.

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։