- 02 - – Գրադարան – Mashtoz.org

- 02 -

Այս մարմնական չարչարանքների վրա հարկավոր է ավելացնել նաև հոգեկան ու բարոյական տառապանքները։

Արդարև, նրանց մեջ կային ազնվական բարձր դասակարգի պատկանողներ, հարուստ և կալվածքների տեր, ովքեր, բնական է, գիտեին մարմնական վայելքները, ընտանեկան կյանքի քաղցրությունը, հարստության ընձեռած բարիքները, հանգիստ կյանքի առավելությունները, փառքի հմայքը։ Պատվախնդիր էին իրենց անվանն ու բարոյականին, զգայուն՝ նախատինքի ու արհամարհանքի հանդեպ։

Եվ սակայն, նրանք ամենամեծ համբերությամբ և երբեմն հրճվանքով ամեն տեսակ նախատինք կրեցին, անվանարկում, անպատվություն՝ իրենց բարեկամների կողմից, և ատելություն՝ իրենց մտերիմների կողմից։

Նրանց մեջ էլ զորավոր էին մայրական, հայրական և որդիական զգացումները։

Դեպքեր պատահեցին, որ մայրը կամ հայրը իր զավակի դեմ դուրս ելավ, զավակն՝ իր ծնողների դեմ։ Տեղի ունեցան սրտաճմլիկ տեսարաններ, երբ ծնողները, նշանածը կամ մտերիմը աղեխարշ աղաչանքներով իրենց սիրելիներին հորդորում էին, որպեսզի Քրիստոսին ուրանան։

Բայց նրանք հոգեկան ահավոր գալարումներով Քրիստոսի սերը գերադասեցին ծնողական, որդիական և երկրավոր բոլոր սերերից՝ արհամարհելով փայլուն խոստումներ, հանգստավետ կյանք և հարստություն։

Միան մի օրինակ տանք՝ ցույց տալու համար, թե որքա՜ն անմարդկային ու ահավոր էին նահատակներին տրված տանջանքները, և դրան հակառակ՝ որքա՜ն մեծ էր այն քաջությունը, որով նրանք դիմագրավում էին ամեն տեսակ տանջանքի։

Սուրբ Լավրենտիոսի վարքում կարդում ենք, որ դահիճները նրան կրակարանի հրաշեկ երկաթի վրա են պառկեցրել՝ նրան կրակի չարչարանքով սպանելու համար։ Իսկ աննման սուրբը՝ այդ կրակին գերբնական զորությամբ դիմանալով, կատակելով ասում էր իրեն չարչարողներին. «Մի կողմս եփվեց, հիմա մյուս կողմ շրջեք»[1]։

Այստեղ չենք փափագում մանրամասնորեն ներկայացնել սարսուռ պատճառող բոլոր այն չարչարանքները, որ մահանալուց առաջ կրել են Մարտիրոսները, որոնցից շատերը խեղդամահ եղան, կենդանի թաղվեցին, անդամահատվեցին, մորթազերծ արվեցին, աչքները փորվեցին, մսերն ու եղունգները շերտ շերտ մասնատվեցին, կրակով դաղվեցին, ջրասույզ եղան, գազանների ժանիքներով բզկտվեցին, ծանր աշխատանքների դատապարտվեցին, թիապարտության ծանր պատժին ենթարկվեցին, կախվեցին, խաչվեցին և ա՛յլ բազմապիսի տանջանքներով հոգիներն ավանդեցին՝ աղոթելով և իրենց դահիճներին ներելով։

Նրանք բոլորն էլ Քրիստոսի աստվածության մի մի ջահակիր վկաներն են։

Եվ հարկավոր է հաշվի առնել, որ նրանք ուրացության միայն մի խոսքով հեշտությամբ կարող էին այդ սրտաճմլիկ տանջանքներից ազատվել։

Մահացան, բայց չուրացան. չարչարվեցին, բայց տեղիք չտվեցին։

Ի՞նչն էր արդյոք, որ նրանց այս հերոսական արարքին մղեց։

Նախ այն խորը համոզումը, որ Քրիստոսն իսկական Կյանքն է, Ճշմարտությունն է, Հավերժությունն է։ Իսկ երկրավոր կյանքն իր բոլոր հաճույքներով ու զվարճություններով, իր փառքերով ու հարստությամբ՝ սին է, ստապատիր է։

Հետևաբար, անխորհուրդ և անմիտ մարդու գործ պիտի լիներ թողնել իրական և հավերժական երջանկությունը և այն անցավոր ունայնությամբ փոխարինել։

Սողոմոն Իմաստունը երկրավոր բոլոր հաճույքները վայելելուց հետո մի՞թե չասաց. «Ունայնություն ունայնությանց, ամենայն ինչ ընդունայն է» (Ժղվ 1, 1)։

Պողոս Առաքյալն էլ ասում է. «Ինձ այնպես է թվում, թե այս ժամանակի չարչարանքները արժանի չեն համեմատվելու գալիք փառքի հետ, որ հայտնվելու է մեզ» (Հռմ 8, 18)։

Ահա՛, այս վարդապետությամբ սնված Մարտիրոսներն արհամարհելով մահը՝ հերոսական կեցվածք ցույց տվեցին, ինչը զարմանք էր պատճառում իրենց դահիճներին ու ականատես հեթանոսներին։

Առաջին դարերից մեզ է հասել մի հետաքրքրական գրություն, որն արժե այստեղ ներկայացնել։

Գրության հեղինակը քրիստոնյա գրող է, ով անվախ ամֆիթատրոն է գնում, նստում է հեթանոս հանդիսատեսների մեջ՝ դիտելու համար քրիստոնյաների չարչարանքները։

Նա, միևնույն ժամանակ, ականջ է դնում ներկաների խոսակցություններին և դրանք գրի է առնում։

Ի տես քրիստոնյա մարդու չարչարանքների՝ հեթանոսն ասում է կողքը նստածներին. «Կարծում եմ, որ այս մարդը կին և զավակներ ունի, սակայն ո՛չ հայրական սերը, ո՛չ էլ ամուսնական սերը բավարար չեն իր համոզումը խախտելու համար։ Այստեղ ուսումնասիրելու բան կա, գոյություն ունի մի ուժ, որ պետք է մինչև վերջ քննել։ Անհնարին է թեթևորեն նայել մի կրոնի, որի համար մարդ տառապում է և հանձն է առնում մահանալ»։

Մեկ ա՛յլ հեթանոս էլ բարձրաձայն խորհրդածում է. «Մի բան կա, ինքս էլ չգիտեմ, թե ի՛նչ բան, որ այս քրիստոնյաներին ամուր է պահում, որ նման տանջանքի տեղի չտան և այսպիսի չարչարանքներ կրեն»։

Այդ հեթանոսը ճիշտ էր խոսում. այստեղ ուսումնասիրելու բան կա, մի քաջություն, որ մինչև խորը պետք է զննել։

Բայց այդ բանը մենք գիտենք, թե ի՛նչ է, ի՛նչ կարող է լինել։ Այդ բանն ա՛յլ բան չէ և ա՛յլ բան չի էլ կարող լինել, եթե ո՛չ՝ Աստծո հատուկ միջամտությունը, որով սնուցվում էր խոստովանողների ուժը, որ ունեին Քրիստոսի աստվածության հանդեպ. այս բանն Աստծո կողմից գործված բարոյական հրաշք է։

Եվ որովհետև Աստված հատուկ միջամտությամբ և բարոյական հրաշքով չի կարող որևէ սխալ, որևէ պատրանք հաստատել և կնքել, և ուրեմն մեր մարտիրոսների հավատքը ճշմարտություն է, ուրեմն Քրիստոսը ճշմարիտ Աստված է[2]։

Ընդունում ենք, որ հալածանքների շրջանում, տանջանքների ծանրության ներքո կամ մահվան սպառնալիքի առջև, եղան հավատացյալներ, ովքեր թուլացան, չդիմացան և տկարանալով իրենց բարոյական ուժը՝ ուրացան իրենց հավատքը։

Այս ուրացությունները նախ ցույց են տալիս, որ նրանք էլ մեր նման սովորական մարդիկ էին, մեր նման կաշի, ոսկոր ունեին և զգայուն էին տանջանքների հանդեպ։ Յուրաքանչյուր մարդ, անգամ առաքինի ու աստվածավախ, չէր կարող դիմանալ այդքա՜ն ահավոր տանջանքների, եթե Աստված մասնավոր շնորհով նրան չօգներ։

Հետո, մահը քաջությամբ հանձն առնողների համեմատությամբ՝ ուրացողների թիվը շատ քիչ էր։ Օրինակ տալու համար հիշենք, որ Սեբաստիայի քառասուն երիտասարդներից միայն մեկն ուրացավ, իսկ մնացածները բոլորն էլ հավատարիմ մնալով իրենց հավատքին՝ մահացան սառցակալած լճում։

Իսկ ուրիշ ուրացողներ իրենց անկումից հետո վերականգնվեցին և իրենց օրինակելի կյանքով, խիստ ապաշխարությամբ սրբեցին իրենց ուրացության մեղքը և մահացան սրբի մահվամբ։

Հավելենք նաև, որ Ընդհանրական Եկեղեցու Հայսմավուրքներից ամենափայլուն էջերից մեկը պատկանում է Հայերին։

Մենք՝ Հայերս, արդար հպարտանքով կարող ենք պարծենալ, որ շատ ազգերից ավելի նահատակներ, արյան վկաներ ենք տվել Քրիստոսի Հավատքի համար։

Առաջին ազգն ենք, որ Չորրորդ դարի սկզբում պետականորեն, թագավոր, իշխան և ժողովուրդ, ազգովին ընդունեցինք Քրիստոսի կրոնը, և այդ օրվանից մինչև այսօր, տևականորեն արյուն ենք հեղել մեր Հավատքի համար։

Ո՞ր ազգի պատմության մեջ է Սրբոց Վարդանանց հերոսամարտի նման սրբազան պատերազմ տեղի ունեցել, որի ընթացքում մի ողջ ժողովուրդ՝ փոքրից մինչև մեծ, ծառացած լինի իրենից տասն անգամ ավելի մեծ ազգի դեմ, ո՛չ թե նյութական փառքի, մարդկային հարստության կամ հողեր գրավելու, այլ՝ միմիայն խղճի ու կյանքի ազատության համար։

Եվ երկար դարերի ընթացքում քանի՜ քանի՜ անգամներ խուժադուժ ազգերի հրոսակներ, կատաղի ալիքների նման եկան՝ արյան ծովի մեջ խեղդելու համար Հայ Հավատքը, բայց նա ապառաժի նման անսասան մնաց։

Եկավ նաև փոթորիկներից ամենակատաղին՝ 1915 թվականի Եղեռնը, որ ցանկացավ երկրի վրայից բնաջնջել Հային ու նրա Կրոնը, արմատից խլել Հայ Ազգի դարավոր, մշտադալար ծառը։ Այո՛, կոտրատեց այդ ծառի ճյուղերը, բայց արմատն անխախտելի մնաց, և օրեցօր շարունակում է ուռճանալ նորաբողբոջ ճյուղերով, նոր կենսունակությամբ։

Ավերեցին մեր ընտանեկան բույները, հիմնահատակ կործանեցին մեր եկեղեցիները, բայց ամենուրեք նոր եկեղեցիներ բարձրացան՝ հայկական երկնասլաց գմբեթներով։

Եվ այսպես, բոլոր ազգերի նահատակների աստղաբույլը բարձրաձայն և հեշտալուր երգչախումբն է, որ Հիսուսի աստվածության հավերժափայլ փառքն է երգում։

Բյուրավոր մարտիրոսների արյամբ է կնքված, վավերացված, որ Քրիստոսն իսկապես Աստծո Որդին է, որ եկավ դժոխքի անշիջանելի կրակներից փրկելու աշխարհը։

Այսքա՜ն բազմաթիվ Վկաների արյունը բարձրագոչ աղաղակում է, որ Հիսուսի վարդապետության մեջ ստություն, խաբեություն չկա, և որ արյան այս վկայությունը Եկեղեցու հավերժության ամենաջինջ, ամենալուսավոր փաստն է։

Այստեղ պետք է հավելենք նաև մեկ ա՛յլ երևույթ, որ է Եկեղեցու Սրբերի բազմությունը, ինչը Քրիստոսի վարդապետության աստվածային լինելու մեկ ա՛յլ առանձին զորավոր փաստ է։

Եկեղեցին ո՛չ միայն անհամար մարտիրոսներ է տվել, այլ նաև՝ անհամար Սրբեր, որոնք թեև Քրիստոսի համար ֆիզիկական արյուն հեղելու առիթ չեն ունեցել, սակայն հերոսական առաքինություններով Մարտիրոսների չափ և նրանց նման հրաշալի գործեր, հրաշքներ են կատարել և երկրի վրա հրեշտակային մաքուր մի կյանք են վարել, որն անվանի աստվածաբանների կողմից իրավացիորեն կոչվել է «ամենօրյա մարտիրոսություն»։

Մարտիրոսը մի անգամ իր արյունը հեղելով երկինք է գնացել, մինչդեռ այս Սրբերն ամեն օր, նույն հավատքով լի, միշտ պատրաստ իրենց արյունը հեղելու, լինի՛ ճգնավորական, լինի՛ առաքելական կյանք են վարել, դյուցազնական մի կյանք, որն անգամ հեշտակների նախանձն է շարժում։

Օրինակ, Սբ. Անտոն Անապատականը և նրա նման բյուրավոր ճգնավորներ անապատների, անձավների մենության մեջ, զուտ աղոթքի, խիստ ճգնությունների կյանք են վարել, որ զարմացնում է սոսկական մահկանացու մարդուն։

Գրիգոր Լուսավորիչը և նրա նման անթիվ Սրբեր, թեև առիթ չեն ունեցել իրենց արյամբ մարտիրոսանալու, մարտիրոսի չարչարանքներ են կրել, մահացյալ կյանք են վարել և սրբության համար անձնազոհողության, եղբայրասիրական գործերի հոյակապ օրինակներ են եղել։

Անթիվ կույսեր, կամավոր կերպով, իրենք իրենց մարմնական բոլոր հաճույքներից զրկելով, մաշեցրել են իրենց ողջ երիտասարդությունը հետամնաց ժողովուրդների մոտ և հիվանդանոցներում՝ ի սեր Քրիստոսի, ի սեր մարդկության։

Լսեք այս իրական պատմությունը, որ մեր ասածը լավագույն կերպով է բացատրում.

Մի օր մի իշխանազուն ձիով որսի է գնում անտառ։ Այնտեղ մի տնակ է տեսնում, որտեղ երիտասարդ գեղանի մի օրիորդ է լինում և գարշահոտ վերքերով մի հիվանդ։

Իշխանի զավակը նախ կարծում է, թե հիվանդն օրիորդի հայրն է և կամ նրա մի հարազատն է, սակայն ստուգելուց հետո, որ օրիորդը պարզ հիվանդապահ է, հարցնում է նրան, թե իրեն ի՞նչ են վճարում այդ ծառայության փոխարեն։

Աղջիկը, փոխանակ հարցմանը պատասխանելու, երիտասարդին հարցնում է, թե վերջինս ի՞նչ է կարծում՝ իրեն ինչքա՞ն է վճարվում այդ հիվանդին խնամելու համար։

– Հարյուր ոսկի՞։

– Ո՛չ, – ասում է օրիորդը։

– Երկո՞ւ հարյուր ոսկի։

– Ո՛չ։

– Հազա՞ր ոսկի։

– Ի՜նչ հազար, ի՜նչ երկու հազար ոսկի։ Ես միայն ի սեր Հիսուսի և հավիտենական կյանքը շահելու համար եմ կյանքս զոհել։

Այսպիսի անթիվ հոգիներ, որ սովորական մարդկանցից զանազանվում են իրենց բացառիկ նվիրվածությամբ, ինքնամոռացությամբ և մաքուր սիրո գագաթնակետին հասած բազմապիսի առաքինություններով։

Սոսկ մարդկային ուժերով չի կարելի բացատրել, թե ինչպե՛ս են այսքա՜ն բազմաթիվ Սրբեր սրբության գերագույն աստիճանի հասնում, Սրբեր, որոնցից շատերը նախկինում անկարգ և գայթակղալի կյանք են վարել։

Ուրեմն, պետք է ընդունենք, որ Քրիստոնեությունն աստվածային ուժ ունի, մշտանորոգ կենսունակության և հոգեկան զորության անսպառ աղբյուր է, որով ամենուրեք և ամեն ժամանակ այնքա՜ն մեղավորներ, ախտավորներ, կամքով տկար հոգիներ են դրա կենսատու ավիշով ու ջերմությամբ կերպարանափոխ լինում, սրբանում, աստվածանում։

Այդ անսպառ կենսունակությունը շարունակվում է նաև մինչև այսօր։

Նրա շնորհիվ, տակավին բազմաթիվ հոգիներ, արհամարհելով երկրավոր ամեն բարիք, հանձն են առնում Խաչյալ Հիսուսի խաչելության կյանքը շարունակել երկրի վրա։

Այս երևույթն էլ, մի շարք ապացույցների կարգին, համոզիչ փաստ է, որ ցույց է տալիս, որ Քրիստոսի կյանքն աստվածային ծագում ունի։ Նա Աստծո տևական հրաշքն է, ուժն է, որ միշտ առկա է Եկեղեցում և շարունակում է մարդկային անկյալ բնությունը բարձրացնել հրեշտակների բնության, և մարդուն ուրիշ մի Քրիստոս դարձնել։

[1] Il libro dei santi, illustrato da S.P.R., Torino-Roma 1936, p. 461.
[2] Gaetani Francesco, Gesù Cristo, Roma 1945, p. 169.
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։