- 01 - – Գրադարան – Mashtoz.org

- 01 -

Այժմ անցնենք մեկ ա՛յլ իրողություն քննարկելու, որը Քրիստոսի աստվածության նոր և համոզիչ փաստ է։

Նախորդ էջերում տեսանք, որ Քրիստոսի կրոնի համար Եկեղեցու քսան դար տևող պատմության ընթացքում անթիվ նահատակներ իրենց արյամբ վկայեցին Քրիստոսի վարդապետության աստվածային լինելը։

Ահա՛ մեր առջև ևս մի նոր փաստ է դուրս գալիս, երբ հաշվի ենք առնում, որ Քրիստոսի վարդապետությունը, ամեն տեսակ հալածանքների, հեթանոսների, հերետիկոսների, անաստվածների բոլոր սադրանքների հակառակ՝ փոխանակ երկրի վրայից ջնջվելու, արագորեն տարածվեց ամենուրեք։

Քրիստոսն Իր կենդանության օրոք Եկեղեցի հիմնեց, որի առաջին անդամները եղան Տասներկու Առաքյալները, յոթանասուներկու աշակերտները, մոտ մեկ տասնյակ բարեպաշտ կանայք, ու ցիրուցան ընտանիքներ Պաղեստինում, բոլորն էլ պարզ ու հասարակ մարդիկ։

Արդ, ինչպե՞ս բացատրել, որ այս մի քանի անուս ու վախկոտ մարդկանց՝ Տասներկու Առաքյալների միջոցով, առանց զենքի ու բռնության, հազար ու մի դժվարությունների, պետական ատելավառ հալածանքների, երևակայելի ու աներևակայելի բազմատեսակ տանջանքների, մահապատիժների, ջարդերի հակառակ՝ Քրիստոսի խիստ ու խորիմաց վարդապետությունն արագորեն տարածվեց աշխարհի չորս կողմերում, նվաճեց թագավորություններ, և Քրիստոսի զինանշանը՝ Սուրբ Խաչը հաղթական փայլեց քաղաքակիրթ ու բարբարոս բազմաթիվ ժողովուրդների գլխավերևում։

Ինչպե՞ս բացատրել, որ Բեթղեհեմի ախոռում ծնված աղքատ Մանուկը, առանց մարդկային ուսման և ուժի, կերպարանափոխ արեց ողջ մարդկությունը, Ում առջև գլուխ խոնարհեցին թագավորները, հանճարները և ամեն դասակարգի մարդիկ։

Ահա՛, այս երևույթին գոհացուցիչ պատասխան տալու համար պետք է ընդունենք Աստծո միջամտությունը, պետք է տեսնենք Աստծո մատը։

Այժմ անցնենք մանրամասն տեսնելու, թե Քրիստոնեության տարածումն աշխարհում իսկապես հրաշքին համազոր երևույթ է։

Հիսուսը մարգարեական խոսքերով Իր Եկեղեցին նմանեցրեց «մանանեխի հատիկի, որ մի մարդ, վերցնելով, սերմանեց իր արտի մեջ։ Այն փոքր է, քան բոլոր սերմերը. սակայն երբ աճում է, բոլոր բանջարներից ավելի է մեծանում ու ծառ է լինում, այն աստիճան, որ երկնքի թռչունները գալիս են ու նրա ճյուղերի վրա հանգստանում» (Մտթ 13, 31)։

Դարեր անց, Հիսուսի վերոհիշյալ խոսքերն իրականացան։ Նրա հիմնած Եկեղեցին մի մեծ ծառ դարձավ, իր ճյուղերը տարածեց աշխարհի ամեն կողմ, և շատ ազգերի զավակներ եկան նրա ճյուղերի վրա հանգստանալու։

Մեջբերենք նաև ա՛յլ մարգարեական խոսքեր, որոնք Հիսուսն ասել է Իր երկնաբեր թագավորության մասին։

«Հիսուսը հարցրեց աշակերտներին և ասաց. ''Մարդիկ իմ մասին ի՞նչ են ասում, ո՞վ է Մարդու Որդին''։ Եվ նրանք ասացին. ''Մեկը, թե՝ Հովհաննես Մկրտիչը, և ուրիշներ՝ Եղիան, իսկ ոմանք, թե՝ Երեմիան, կամ մարգարեներից մեկը''։ Հիսուսը նրանց ասաց. ''Իսկ դուք իմ մասին ի՞նչ եք ասում, ո՞վ եմ ես''։ Սիմոն Պետրոսը պատասխանեց ու ասաց. ''Դու ես Քրիստոսը՝ կենդանի Աստծո Որդին''։ Հիսուսը պատասխանեց և նրան ասաց. ''Երանի՜ է քեզ, Սիմոն, Հովնանի որդի, որովհետև մարմինը և արյունը չէ, որ հայտնեց քեզ, այլ՝ իմ Հայրը, որ երկնքում է։ Եվ ես քեզ ասում եմ, որ դու վեմ ես, և այդ վեմի վրա պիտի շինեմ իմ եկեղեցին, և դժոխքի դռները նրան չպիտի հաղթահարեն''» (Մտթ 16, 12-17)։

Իսկապես մարգարեական խոսքեր։ Պատմությունը ցույց է տալիս, թե ինչպե՛ս չարության ու դժոխքի ուժերն ամեն տեսակ սատանայական միջոց գործադրեցին ու դեռ գործադրում են՝ Եկեղեցին կործանելու համար, և չհաջողվեցին ու չեն հաջողվելու։

Հիսուսն Իր Հարությունից հետո դարձյալ մարգարեական շնչով ասաց Առաքյալներին. «Ինձ է տրված ամեն իշխանություն երկնքում և երկրի վրա. ինչպես Հայրն ինձ ուղարկեց, ես էլ ձեզ եմ ուղարկում։ Գնացե՛ք, ուրեմն, աշակերտ դարձրե՛ք բոլոր ազգերին, մկրտեցե՛ք նրանց Հոր և Որդու և Սուրբ Հոգու անունով։ Ուսուցանեցե՛ք նրանց պահել այն ամենը, որ ձեզ պատվիրեցի։ Եվ ահա՛ ես ձեր հետ եմ բոլոր օրերում, մինչև աշխարհի վախճանը» (Մտթ 28, 19-21)։

Եվ հիրավի, Առաքյալները Հիսուսի խոսքին լսելով՝ ցրվեցին աշխարհի չորս կողմը և տարածեցին Քրիստոսի կրոնը, որ զարմանալի արագությամբ ընդունելություն գտավ ամենուրեք։

Հոգեգալստյան օրը, Հիսուսի Համբարձումից տասն օր անց, երբ Սուրբ Հոգին իջավ Առաքյալների վրա, Պետրոս Առաքյալը հրապարակ է իջնում և իր առաջին քարոզով երեք հազար հոգու դարձի է բերում (Գրծ 2, 41)։

Քիչ ժամանակ անց, Երուսաղեմում քրիստոնյաների թիվն անցնում է հինգ հազարը, և ուրիշ քաղաքներում էլ են նրանք սկսում բազմանալ։

Պողոսն ու Բառնաբասը զանազան քաղաքներով անցնելով՝ Երուսաղեմի Առաքյալներին ու երեցներին հաղորդում էին պատվերները և հորդորում էին, որ դրանք պահեն։ Եվ այսպես եկեղեցիները հաստատվում էին հավատքի մեջ, և օրեցօր հավատացյալների թիվն ավելանում էր։

Հրեաներից հետո հերթը եկավ հեթանոսների դարձին։ Պաղեստինից կրոնի բոցն անցավ հեթանոս երկրներ՝ Անտիոք, Կիպրոս, Փոքր Ասիայի քաղաքները, մինչև Հռոմ։ Այնպես որ, մոտավորապես 58 թվականին, այսինքն՝ Քրիստոսի մահվանից 25 տարի անց, Պողոս Առաքյալը Հռոմի քրիստոնյաներին գրում է. «Նախ՝ ձեր բոլորի համար գոհություն եմ մատուցում իմ Աստծուն, Հիսուս Քրիստոսի միջոցով, նրա համար, որ ձեր հավատքը պատմվում է ամբողջ աշխարհով մեկ» (Հռմ 1, 8)։

Նույն Պողոս Առաքյալը մի քանի տարի անց անվարան գրում է Կողոսացիներին. «Այդ հույսի մասին նախապես լսել եք Ավետարանի ճշմարտության խոսքով, որ հասավ մինչև ձեզ. և թե ինչպե՛ս այն աճում ու պտղաբերում է ողջ աշխարհում» (Կղս 1, 6-7)։

Նույնպես Հովհաննես Առաքյալը մոտավորապես 94 թվականին իր Հայտնության գրքում հիշատակում է Փոքր Ասիայի յոթը կազմակերպված եկեղեցիները. «Հովհաննեսից՝ Ասիայում գտնվող յոթը եկեղեցիներին։ Շնո՜րհ ձեզ և խաղաղությո՜ւն Աստծուց» (Հյտ 1, 4)։

Անցնենք Քրիստոսի Երկրորդ դար, այսինքն՝ Քրիստոսի մահվանից մոտավորապես հարյուր տարի անց. Սուրբ Հուստինոսը, ով նահատակվել է մոտավորապես 165 թվականին, իր «Երկխոսություն հրեա Տրիփոնի հետ» ջատագովական գրքում գրում է, թե չկա որևիցէ մի ժողովուրդ՝ լինի՛ բարբարոս, կամ հույն, կամ որևիցէ ուրիշ անուն ունեցող, որի մոտ զոհեր չընծայվեին Հայր Աստծուն, բոլորի Տեր՝ Խաչյալ Հիսուսի անունով։

Անցնենք Երրորդ դարի սկիզբ, երբ Քրիստոնեության մեծ ջատագով Տերտուղիանոսը (155-220) հռոմեացիների դեմ գրում է. «Մենք տակավին երեկվան ենք պատկանում, և սակայն արդեն ձեր ամբողջ երկիրը լիացրեցինք, քաղաքներ, կղզիներ, բերդեր, քաղաքապետարաններ, նույնիսկ բանակատեղիներ և պալատ, ծերակույտ, ֆորում։ Ձեզ թողեցինք միայն ձեր տաճարները ։ ... Բոլոր ժողովուրդներն ո՞ւմ են հավատում, եթե ո՛չ՝ Քրիստոսին։ Ո՞ւմ են հավատում պարթևները, մեդացիները, էլամացիները, և նրանք, ովքեր բնակվում են Միջագետքում, Հայաստանում, Փռյուգիայում, Կապադովկիայում և Պոնտոսի, Ասիայի, Պամփիլիայի բնակիչները, և նրանք, ովքեր գրավել են Եգիպտոսը, Բրիտանիայի մյուս կողմի գավառները, սամատացիները, գերմանացիները, սկյութացիները ... »[1]։

Քրիստոնյաների տարածման մասին գրում են նաև հեթանոս պատմիչները՝ Սենեկան, Տակիտոսը, Պլինիոսը։

Եվսեբիոս Կեսարացի (265-340) պատմիչի «Եկեղեցական պատմություն» գրքում գտնվում է բռնակալ և հեթանոս Մաքսիմինոսի նամակն՝ ուղղված առ Օգոստոս Սարինոս, որտեղ գրում է. «Կարծեմ ծանոթ է Ձերդ մեծապատվությանը և բոլոր մահկանացուներին, որ երբ մեր տերերն ու հայրերը՝ Դիոկղետիանոսն ու Մաքսիմինոսը տեսնելով, որ գրեթե բոլոր մարդիկ թողնելով աստվածների պաշտամունքը՝ քրիստոնյաների հետ խառնվեցին, հրահանգեցին հայտնի կերպով, որ նրանք, ովքեր լքեցին անմահ աստվածների պաշտամունքը, դառն չարչարանքներով վերադառնան աստվածների պաշտամունքին»[2]։

Մեկ ա՛յլ հանճարեղ եկեղեցական գրիչ՝ Որոգինեսը (185-254), դարձյալ Երրորդ դարում, իրավամբ գրում է. «Առանց Աստծո միջամտության, Հիսուսի վարդապետությունն ինչպե՞ս կարող էր տարածվել մեր աշխարհի մի շարք երկրներում և դեպի իրեն ձգել անթիվ հույներ ու բարբարոսներ, իմաստուններ ու անուսներ։ Այն [Քրիստոսի վարդապետությունը] տիրապետեց ամբողջ Հունաստանին, բարբարոս ազգերի մեծամասնությանը, անհամար հոգիների առաջնորդեց դեպի ճշմարիտ Աստծո պաշտամունքին»[3]։

Շարունակենք վկայություններ մեջբերել Չորրորդ դարի գրողներից. այսպես, Առնոբիուս անունով լատին հեղինակը 327 թվականին խոսքն ուղղելով հեթանոսներին՝ բացականչում է. «Ձեզ բավական չէ՞ տեսնելը, որ ամենանշանավոր ճարտասանները, քերականագետները, հռետորները, բժիշկներն ու իմաստասերները՝ արհամարհելով աստվածների պաշտամունքը, դեպի Քրիստոսն են դառնում»[4]։

Լատին Եկեղեցու մեծագույն Հայրերից Հերոնիմոսը (347-420) Չորրորդ դարի վերջին գրում է. «Հեթանոսությունը տառապում է առանձնությունից, անգամ Հռոմում։ Հին չաստվածները բվերի ու բվեճների հետ տանիքների վրա են մնացել, զինվորների դրոշակները խաչի զինանշաններ են, թագավորների ծիրանի հագուստներն ու թագերի փայփլուն գոհարները զարդարում են մեր խորանները։ Հնդկաստանից, Պարսկաստանից, Եթովպիայից ամեն օր միանձն կրոնավորների նոր խմբեր են հասնում։ Հայն իր կապարճները վայր դրեց, հոները Սաղմոսարան են սովորում, պաղարյուն սկյութերը հավատքի ջերմությամբ բոցավառ են, գոթերի շեկ ու խարտյաշ բանակը Քրիստոսի զինանշաններն են թափահարում»[5]։

Պատմականորեն անհերքելի ճշմարտություն է, որ արդեն Չորրորդ դարում Եվրոպայում, Ասիայում, Աֆրիկայում, հռոմեական տիրապետության տակ գտնվող բոլոր երկրներում ազգերի մեծամասնությունը Քրիստոնեություն էր ընդունել։

Հեթանոս աստվածների, կուռքերի փոխարեն ճշմարիտ Աստծո՝ Քրիստոսի եկեղեցիներ, մատուռներ էին կառուցվել, և դրանց վրա հաղթական կանգնած էր Հիսուսի Սուրբ Խաչը։

Չորրորդ դարի սկզբին արդեն 1.500 եպիսկոպոսանիստ աթոռներ գոյություն ունեին, որոնք հետզհետե բազմացան երկրի ամենահեռավոր անկյուններում։

Այժմ, մտնելով մանրամասնությունների մեջ, տեսնենք, թե ինչպիսի՛ միջավայրում և ի՛նչ պայմաններում տեղի ունեցավ աշխարհում Քրիստոնեության տարածումը։

Երբ Հիսուսը ծնվեց Բեթղեհեմում, Հռոմն իր տիրապետության տակ էր առել նույն շրջանում պատմությանը ծանոթ երկրների մեծամասնությունը։

Բացի հրեաներից, ովքեր միաստվածյան էին, մյուս ազգերը պաշտում էին անթիվ չաստվածների ու կուռքերի։

Նախ Հրեաստանում, հետո արդեն հեթանոս աշխարհում սկսվեց քրիստոնեական քարոզչությունը։

Հայտնի է հրեա ժողովրդի խստապարանոց, այլամերժ, ավանդամոլ նկարագիրը, ովքեր կուրորեն կապված իրենց կրոնական արարողություններին ու սովորություններին՝ խորապես ատում էին օտար կրոնները։

Հիսուսի անբասիր կյանքին, մաքուր բարոյականությանը, բազմապիսի հրաշքներին, հրաշափառ Հարությանը հակառակ՝ նրանք Նրան որպես խոստացված Մեսսիա չընդունեցին և կույր մոլեռանդությամբ՝ Նրան Գողգոթայի բարձունքում խաչել տվեցին։

Հրեաներն ինչպե՞ս ընդունեին որպես թագավոր այնպիսի մեկին, ով զենք ու բանակ չուներ, խոնարհ ու աղքատ կյանք էր վարում, մինչդեռ իրենք ամբողջ դարեր այնպիսի Մեսսիայի էին սպասում, ով պիտի գար ու տապալեր բոլոր հզոր պետությունները, և իրենք պիտի աշխարհի տերը լինեին։

Քրիստոնեությունն Առաքյալների միջոցով Պաղեստինի սահմաններն անցելով՝ հեթանոս երկրներ մուտք գործեց և նույն ժամանակի աշխարհի մայրաքաղաք Հռոմի սիրտը հասավ։

[1] Տերտուղիանոս, Ջատագովություն, 37; Ընդդեմ հրեաների, 7.
[2] Եվսեբիոս Կեսարացի, Եկեղեցական պատմություն, Դպրություն Իններորդ, գլուխ 9, էջ 699, Վենետիկ, 1877.
[3] Որոգինես Ա. Ալեքսանդրացի, Ընդդեմ Կելսուսի, 1, 26.
[4] Առնոբիուս, Ընդդեմ հեթանոսների, 2, 5.
[5] Հերոնիմոս Ստրիդոնացի, Նամակ 107, 2.
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։