Գրավոր Ավետարան – Գրադարան – Mashtoz.org

Գրավոր Ավետարան

Ասացինք, որ Հիսուսի մահվանից հետո Առաքյալները սկսել են Հիսուսի Ավետարանը բանավոր քարոզել։

Մի որոշ ժամանակ անց, սակայն, տեսնում ենք, որ ոմանք սկսում են գրի առնել եթե ո՛չ ամբողջ Ավետարանը, ապա գոնե մաս առ մաս, օրինակ՝ Հիսուսի խոսքերի հավաքածուն, կամ միայն հրաշքները և Հիսուսի կյանքից զանազան դրվագներ։

Ահա՛, վերոհիշյալ գրությունների մասին է, որ Ղուկաս Ավետարանիչն ակնարկում է, երբ ասում է. «Քանի որ շատերը ձեռնարկեցին մեր մեջ կատարված դեպքերի պատմությունը շարադրել ... »[1]։

Շատ հավանական է, որ Ավետարանիչներն իրենց Ավետարանները գրելիս սույն գրություններից են օգտվել։

Բնական է, որ յուրաքանչյուր Ավետարանիչ իր մտադրած ծրագրի համաձայն է վերոհիշյալ գրություններն օգտագործել։

Գիտենք, որ Մատթեոսը՝ գրելով հրեաների համար, Հիսուսին առավելապես ներկայացրել է որպես խոստացված Մեսսիան, որպես մի նոր Մովսես, որպես մի նոր օրենսդիր։

Մարկոսը ցանկացել է ցույց տալ, որ Հիսուսն Աստծո Որդին է, երկնքի և երկրի բացարձակ Տերը։

Ղուկասի Ավետարանում Հիսուսը ներկայանում է որպես թե՛ հրեաների և թե՛ հեթանոսների ընդհանուր Փրկիչ։

Տարբեր նպատակներով գրված Ավետարանները, հակառակ երևութապես աննշան տարբերությունների, հավատարմորեն անդրադարձնում են Առաքյալների հարազատ քարոզչությունը և բանավոր ավանդությունը։

Չորրորդ Ավետարանի հեղինակը՝ Հովհաննես Առաքյալը, հակառակ իր յուրահատուկ ոճին, հակառակ աստվածաբանի իր բարձրաթռիչ սլացքներին, որպես ականատես և ունկնդիր վկա, խորքի մեջ պատմական Հիսուսին է, որ ներկայացնում է։

[1] Ղկս 1, 1

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։