Հիսուսի խոսքերը պարզ էին և ազդեցիկ – Գրադարան – Mashtoz.org

Հիսուսի խոսքերը պարզ էին և ազդեցիկ

Հիսուսի խոսքերն ընդհանրապես պարզ էին, հստակ, համառոտ, զուսպ, ինքնատիպ, որ հեշտությամբ դրոշմվում էին մարդկային հիշողության մեջ։

Կարելի՞ է շուտով մոռանալ սրանց նման կաղապարված, քանդակված խոսքերը. «Երանի՜ հոգով աղքատներին ... , երանի՜ սգավորներին ... , երանի՜ հեզերին ... »[1], և այլն։

Եվ կամ հետևյալ նախադասությունները. «Լսել եք, որ ասվել է նախնիներին ... ։ Բայց ես ասում եմ ձեզ ... »[2]։ «Մի՛ դատեք, որ չդատվեք ... »[3]։ «Խնդրեցե՛ք և պիտի տրվի ձեզ, փնտրեցե՛ք և պիտի գտնեք, բախեցե՛ք և պիտի բացվի ձեր առաջ ... »[4]։ «Եթե ոտքդ քեզ գայթակղեցնի, կտրի՛ր և նետիր ... ։ Եթե աչքդ քեզ գայթակղեցնի, հանիր այն ... »[5], և այլն։

Այսքա՜ն պարզ, այսքա՜ն պատկերավոր խոսքերը շատ դյուրին է մտապահելը։

Նույնքան պարզ և դյուրըմբռնելի են նաև Հիսուսի առակները, որոնք գեղեցիկ և տպավորիչ պատմություններ են։

Անառակ որդու առակը միջազգային գրականության գոհարներից մեկն է, անտարակույս, այնքա՜ն բնական, այնքա՜ն հուզիչ։

Նվազ գեղեցիկ չեն նաև մյուս առակները՝ սերմնացանի, որոմների, դատավորի, մանանեխի հատիկի, տասը կույսերի։ Մարդ մի անգամ նման առակներ լսելով՝ դրանք է՛լ չի մոռանում։

Հետո, Հիսուսն ամենուրեք որպես վարդապետ և ուսուցիչ էր ներկայանում և տիրական շեշտով բոլորին Իր վարդապետությունն էր ուսուցանում։

Նկատելի է, որ շատ անգամ Հիսուսն Իրեն ուղղված հարցումներին պատասխանելով է, որ պարզաբանում էր Իր վարդապետության կնճռոտ հարցերը։

Այսպես, օրինակ, Նրան հարցվում է. «Վարդապետ, ո՞րն է ամենամեծ պատվիրանը»[6]. «Վարդապետ բարի, ի՞նչ պետք է անեմ՝ հավիտենական կյանքը ժառանգելու համար»[7]. աշակերտները մոտենալով Հիսուսին՝ ասացին. «Երկնքի Արքայության մեջ ո՞վ է ամենամեծը»[8]. «Ո՞վ է իմ ընկերը»[9]. մի ուրիշ օր, Հովհաննեսի աշակերտները հարցնում են Հիսուսին. «Ինչո՞ւ մենք և փարիսեցիները հաճախ ծոմ ենք պահում, իսկ քո աշակերտները չեն պահում»[10]. «Հարցրեցին Հիսուսին, թե՝ Օրինավո՞ր է շաբաթ օրով բժշկել»[11], և այլն։

Հիսուսի պատասխանները ողջամիտ էին և դիպուկ։ Իր ուսուցանածները շատ անգամ որևէ մի դեպքի, հրաշքի, անձի էին կապված. այս էլ հավելյալ մի պատճառ էր, որ Առաքյալները մտապահեին Հիսուսի ասածները։

Հավելենք նաև, որ Հիսուսի խոսքերը ներդաշնակ էին, կշռադատված, ազատ ոտանավորի ձևով, որոնք ավելի ուժգին են դրոշմվում հիշողության մեջ. «Եթե դուք մարդկանց ներեք իրենց հանցանքները, ձեր երկնավոր Հայրն էլ ձեզ կների։ Իսկ եթե դուք մարդկանց չներեք իրենց հանցանքները, ձեր Հայրն էլ ձեզ չի ների ձեր հանցանքները»[12]. «Վա՜յ ձեզ, որ այժմ հագեցած եք, որովհետև քաղցած պիտի մնաք։ Վա՜յ ձեզ, որ այժմ ծիծաղում եք, որովհետև պիտի սգաք ու պիտի լաք»[13], և այլն։

Տարակույս չկա, որ Հիսուսի խոսքերը մեծ ազդեցություն էին ունենում ունկնդիրների վրա, ովքեր Նրա գեղեցիկ խոսքերից դյութված՝ ասում էին. «Ոչ մի մարդ երբեք այնպես չի խոսել, ինչպես այս մարդը»[14]։

Եվ ի վերջո ասենք նաև, որ որևէ մի դեպք, որքան որ եզակի, ցնցող ու հետաքրքրական լինի, նույնքան էլ տպավորիչ ու անմոռանալի է լինում։

Այս տեսակետից դիտված, Հիսուսի կյանքը լի է բացառիկ ու հետաքրքրաշարժ դրվագներով, ճոխ է բացառիկ դեպքերի այլազանությամբ։

Դրանցից հիշենք լճի վրա Առաքյալների կրած ալեկոծությունը, փարիսեցիների հետ Հիսուսի սուր վեճերը, Ղազարոսի շռնդալից հարությունը, Հիսուսի փառահեղ մուտքը Երուսաղեմ, Տաճարից խարազանով վաճառականներին դուրս վտարելը, եղերերգական խաչելությունը, աննախընթաց Հարությունը, երկինք Համբարձումը. սրանք հեշտությամբ մոռացվելիք իրադարձություններ չեն։

Հիսուսն անթիվ հրաշքներ գործեց։ Յուրաքանչյուր հրաշքն արդեն եզակի մի դեպք է, որ մոռացության չի կարող մատնվել։

Մանավանդ թե, Հիսուսի ողջ կյանքը՝ Իր ծննդից մինչև խաչելությունը, Հարությունից մինչև Համբարձումը, մի հրաշալի պատմություն է։

Ամփոփելով ասենք, որ չորս Ավետարաններն ամեն տեսանկյունից էլ ամեն երաշխիք ընծայում են՝ մեր վստահությանը և հավատքին լիուլի արժանի լինելու համար։

Նրանցում առկա է իրական Հիսուսը՝ Իր պայծառ դեմքով։ Դրանց մեջից մենք լսում ենք Հիսուսի հարազատ ձայնը։

Ավետարանիչներն ունեին անհրաժեշտ բոլոր տվյալները, բանավոր և գրավոր աղբյուրները՝ Հիսուսին մեզ ներկայացնելու Իր իսկական դիմագծով ու խոսքերով։

Երկրորդական նյութերում փոքր տարբերությունները, որ հանդիպում են Ավետարաններում, երբևիցե արգելք չեն լինում, որ անգամ չնչին կերպով նսեմանա Քրիստոսի ճառագայթող դեմքը, որն այսքա՜ն դարեր անց՝ կենդանի, առինքնող և աստվածային է մնում։

Ճիշտ է, որ Ավետարանիչները բառիս բուն իմաստով պատմագիրներ չեն եղել՝ Հերոդոտոսի, Տակիտոսի կամ Պլուտարքոսի նման, որոնց աշխատանքն արդյունքն է երկար ուսումնասիրությունների, պետական դիվաններում գտնվող փաստաթղթերի և ա՛յլ տեսակ պրպտումների։

Նրանք ձայնագրելու գործիք չունեին, որպեսզի բառ առ բառ արձանագրեին Հիսուսի խոսքերը և մեզ այդ վիճակով փոխանցեին։ Նրանք շատ էլ մտահոգված չէին որևէ մի դեպքի ճշգրիտ վայրն ու ժամանակը ճշտելով, դեմքի ամբողջական պատկերը գծելով։

Ավետարանիչների գործի նպատակն ավելի կրոնական էր։ Նրանք ամենից առաջ հավատքի մարդիկ էին։ Հավատքի աչքերով է, որ տեսնում էին Հիսուսին և ո՛չ թե արդի իմաստով՝ պատմագետի ակնոցով։

Նրանց հավատքը, սակայն, ո՛չ թե երևակայության կամ զգացումների վրա էր հիմնված, այլ՝ իրականության։

Ավետարաններում ամեն ինչ բնական է և առարկայական։

Հավատքի լույսով ողողված, պատմական Քրիստոսն է, որ Ավետարանների միջից ներկայանում է մեզ։

Այս չորս Ավետարանները Ավետարանիչներն են գրի առել։ Բայց դրանց հեղինակներն են նաև Առաքյալները, ովքեր այնքա՜ն նվիրումով ու անձնազոհությամբ տարածեցին Քրիստոսի փրկագործության մեծ ավետիսն աշխարհի չորս ծայրերում։

Առաքյալներից բացի, Ավետարանների կազմավորման մեջ իրենց թանկարժեք նպաստն են բերել առաջին քրիստոնյաները, որոնցից շատերը Հիսուսի ականատես և ունկնդիր վկաներն են եղել և իրենց տեսածներն ու լսածները հավատարմորեն պահել և անաղարտ կերպով փոխանցել են իրենց հաջորդներին։

Վերջապես, Ավետարանների տերը Քրիստոսի սկզբնական Եկեղեցին է՝ իր գլխով ու անդամներով, որոնցից ոմանք կենդանի խոսքով, մյուսները՝ գրչով, մեզ ժառանգ թողեցին Ավետարանը, համաշխարհային քաղաքակրթության գլուխգործոցը, կյանքի և լույսի մի աղբյուր, որ փոխեց ժողովուրդների դժխեմ ճակատագիրը, սրտի անդորր ու խաղաղություն բերեց անհամար հոգիների, բարձրացնելով աստվածացրեց մարդկային անկյալ բնությունը։

Առասպելը չի կարող մարդկությանն այսքա՜ն բարիք բերել։ «Ծառն իր պտուղներից է նաև ճանաչվում» (հմմտ. Մտթ 7, 16-20; Ղկս 6, 44)։

[1] Մտթ 5, 35
[2] Մտթ 5, 21-4
[3] Մտթ 7, 1
[4] Մտթ 7, 7-8
[5] Մրկ 9, 44-46
[6] Մտթ 22, 36
[7] Մրկ 12, 17
[8] Մտթ 12, 1-2
[9] Ղկս 10, 29
[10] Մտթ 9, 14
[11] Մտթ 12, 10
[12] Մտթ 6, 15-16
[13] Ղկս 6, 27-28
[14] Հվհ 7, 46
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։