Զանազան կրոններ – Գրադարան – Mashtoz.org

Զանազան կրոններ

Մարդկության սկզբից ի վեր գոյություն են ունեցել և տակավին գոյություն ունեն բազմաթիվ կրոններ։

Բոլոր կրոնների պատմության մեջ էլ զարմանալի երևույթներ, հրաշապատում դեպքեր են հիշատակվում։

Բայց դրանք ավելի առասպելական բնույթ ունեն, կորսված են հին դիցաբանությունների մշուշում։ Շատ անգամ ծիծաղելի, հակասական, միամիտ, հաճախ հակաբարոյական, չասելու համար՝ անբարոյական պատումներ են։

Դրանք ավելի հիշեցնում են հեքիաթային աշխարհում կատարված դեպքեր և հեռու են իրական, տրամաբանական, պատմական փաստերով ապացուցված իրողություններից։

Խոսենք մի քանի կրոնների մասին։

Եգիպտոսում, Քրիստոսից երկու հազար տարի առաջ, հիշատակվում են չաստվածներ, կախարդներ, քրմեր, ովքեր հիվանդներ են բուժում։

Նմանապես, Քրիստոսից առաջ հույն դիցաբանության մեջ հիշատակվում են բժշկող չաստվածներ։

Ասկլեպիոսը՝ Ապոլլոնի զավակը, ում ձեռքին մի գավազան էր գտնվում և գավազանի վրա փաթաթված մի օձ, սրբավայրեր ուներ Հունաստանի զանազան վայրերում։ Սույն սրբավայրերն ընդհանրապես շինված էին ստորգետնյա վայրերում և դրանցից միջից ջրի աղբյուրներ էին բխում։ Այս չաստվածը, ում «փրկիչ աստված, տիեզերքի փրկիչ» և կամ «անմահների պահապան» տիտղոսներն էին տրվում, ժամանակի ընթացքում նույնացավ Սերապիս չաստծո հետ։

Սերապիս չաստվածն էլ, ով համապատասխանում էր Եգիպտոսի Օսիրիս չաստծուն, կոչվում էր նաև «մեռյալների աստված», «բեղմնավորության աստված», և ի վերջո՝ «ծովի ալեկոծություններից փրկող աստված»։

Սրանցից բացի, հին Հունաստանում կային զանազան չաստվածների նվիրված սրբավայրեր, օրինակ՝ Պերգամոսի, Էպիդորոսի սրբավայրերը։

Այս սրբավայրերին կից կային բնակավայրեր, հիվանդանոցներ, ավազաններ, մարզական և թատերական կենտրոններ՝ մի փոքր նման Երուսաղեմում գտնվող Պրոբատիկեին, որտեղ կային հինգ սրահներ և ավազան՝ հիվանդների բուժման համար։

Վերոհիշյալ սրբավայրերում բուժողներ և քրմեր էին գտնվում։ Բազմաթիվ հիվանդներ էին այնտեղ գնում բուժվելու նպատակով։

Մեզ տեղեկություններ են հասել այդ սրբավայրերում կատարված ''հրաշքների'' մասին։

Օրինակի համար, պատմվում է Կլեոնիս անվամբ մի հղի կնոջ մասին, ով հինգ տարուց ի վեր հղի էր, զավակ ունեցավ, ով չորս տարեկանի կազմվածք ուներ, և հազիվ ծնված՝ սկսեց վազել։

Հիշատակվում են նաև կույրեր, որոնց աչքերը բացվեցին, կամ անդամալույծներ, ովքեր առողջացան։

Նկարագրվում է նաև հիվանդների բուժումների համար եղած գործընթացը։

Այսպես, հիվանդը, որ ներկայանում էր այնտեղ, նախ սառը կամ տաք ջրի ավազանի մեջ էր մտնում, մարզումի էր ենթարկվում, ապա ստորգետնյա մի տեղ էր գնում՝ քնելու։ Քնի մեջ աստված երևում էր նրան և նրան թելադրում էր բուժվելու համար անհրաժեշտ դեղն ու դարմանը։

Բուժվելուց հետո էլ գինարբուք և ա՛յլ ծիսակատարություններ էին տեղի ունենում։ Բուժվող հիվանդն իր նվիրատվությունն անելուց հետո իր տունն էր վերադառնում։

Հռոմեացիների պատմության մեջ էլ հիշատակվում է, թե Տիտոս Վեսպասիանոս կայսրը, ով ապրել է Ք.հ. 19-79 թվականներին, կույր մեկի տեսողությունն է վերականգնել։ Այս դեպքը պատմողը հռոմեացի Տակիտոս անունով պատմիչն է։

Այստեղ արժե հիշատակել նաև Ապոլլոնիուսի գործած մի հրաշքը, որի նկարագրությունը տալիս է Ֆիլոստրատոսը, ով ապրել է Ք.հ. 175-249 թվականներին։

Ֆիլոստրատոսը գրում է. «Ահավասիկ Ապոլլոնիուսից մի հրաշք. երիտասարդ մի աղջիկ, ով պիտի ամուսնանար, մահանում է. նշանածը դագաղի հետևից գնում է տխրությունից լացելով, որ իր ամուսնությունը տեղի չի ունենալու։ Հռոմը ողբում է նրա հետ. երիտասարդ աղջիկը հիրավի պատկանում էր բարձր կարգի մի ընտանիքի։ Ապոլլոնիուսն անցնում էր այդ վայրով։ – Պատգարակը գետնին դրե՛ք, – ասում է նա, – և մի՛ լացեք այս աղջկա վրա։ Ապա հարցնում է երիտասարդ աղջկա անունը։ Շատերը խորհում էին, թե մի քանի խոսք պիտի ասի, այն տեսակ խոսքեր, որոնք թաղման ժամանակ են ասվում և արցունք են խլում։ Բան չասաց, բայց աղջկան դիպչելով և անլսելի բաներ մրմնջալով՝ արթնացրեց այդ երիտասարդ աղջկան, որ մահացած էր համարվում։ Երիտասարդ աղջիկը ճիչ արձակեց և վերադարձավ իր հոր մոտ, ինչպես Ալկեստեսը կյանքի վերադարձավ Հերկուլեսի կողմից։ Երիտասարդ աղջկա ընտանիքը դրահմայի մեծ գումար էր ցանկանում նվեր տալ Ապոլլոնիուսին, սակայն վերջինս ասաց, որ տան երիտասարդ աղջկան որպես նվեր՝ ամուսնության կապակցությամբ։ Նրա (աղջկա) մեջ գտա՞վ արդյոք կյանքի մի կայծ, որ բժիշկների աչքից վրպել էր, ջերմացրե՞ց և հետ բերել տվե՞ց ամբողջովին մարած կյանքը։ Ճշգրտորեն չեմ իմանում, թե ի՛նչ անցավ դարձավ, ո՛չ ես, ո՛չ էլ նրանք, ովքեր այնտեղ էին գտնվում»։

Հույն պատմիչ Դիոգենես Լաերսը, ով ապրել է Ք.հ. Երրորդ դարում, պատմում է, որ Էմպեդոկլես անունով մեկը մահացած մեկին հարություն է տվել։

Հեթանոսների պատմության մեջ տակավին հիշատակվում են աննշան հրաշքներ, որոնց արդի պատմագետները շատ կարևորություն չեն ընծայում, քանի որ առանց փաստի, առանց աղբյուրի, ավելի ասեկոսեների վրա հիմնված պատումներ են։

Արդյոք որքա՞ն հավատք պիտի ընծայենք հեթանոս պատմիչների պատմած այս և նման հրաշքներին։

Եթե այս հրաշքները համեմատելու լինենք Հիսուսի գործած հրաշքների հետ, դրանք շատ հեռու են մնում վստահելի լինելուց։

Հեթանոսական հին պատմված հրաշքներն ընդհանրապես դիցաբանական ծագում ունեն և առասպելներից չեն տարբերվում։

Իսկ Քրիստոսին մոտ ժամանակաշրջանում հեթանոս պատմիչների կողմից հիշատակված հրաշքները բերնեբերան անորոշ ձևով պատմված լուրեր են՝ առանց ականատեսի լուրջ վկայության։

Շատ անգամ նույն դեպքը երկու պատմիչների կողմից տարբեր ձև է պատմված, և անհնարին է ասել՝ եղածը հրա՞շք է, թե՞ բնական օրենքներով բացատրելի բուժում։

Երիտասարդ աղջկա հարություն առնելը նկարագրող պատմիչը նկարագրության ավարտին ասում է. «Ճշգրտորեն չեմ իմանում, թե ի՛նչ անցավ դարձավ, ո՛չ ես, ո՛չ էլ նրանք, ովքեր այնտեղ էին գտնվում»։

Կարելի՞ է արդյոք այս դեպքը հրաշք անվանել, երբ ինքը՝ պատմողը, տարակուսում է եղածի մասին։

Մինչդեռ Հիսուսի հրաշքները պատմող Առաքյալներն ու Ավետարանիչները մեծ մասամբ ականատես և ունկնդիր վկաներ են, ովքեր ամենամեծ պարզությամբ, անկեղծորեն ու հավատարմությամբ են գրել Հիսուսի կյանքը, խոսքերն ու գործերը։

Ավետարաններն ընթերցելով՝ մարդու մեջ լիակատար վստահություն է արթնանում Ավետարանիչների հանդեպ, ովքեր բնական շեշտով, առանց գունավորելու, առանց խեղաթյուրելու, առանց լավ կողմերն ավելացնելու կամ աննպաստ կողմերը պակասեցնելու, եղածի պես են ջանացել ներկայացնել դեպքերը։

Հետո, Հիսուսի գործած հրաշքների կերպը և նպատակն ամբողջովին տարբեր է։

Հիսուսը հրաշքը գործում է մեծ վստահությամբ, շատ անգամ խոսքով։ Նա բուժում է թե՛ մոտ և թե՛ հեռու եղած հիվանդներին։

Հիսուսը երբեք հրաշք չի գործում Ինքն Իրեն ցուցադրելու, Իրեն շահ կամ գովասանք ապահովելու համար։ Ընդհակառակը, հաճախ խստիվ պատվիրում է, որ կատարված հրաշքը ծածուկ մնա և ոչ ոքի չասվի (Մտթ 12, 16)։

Հետո, բազմատեսակ են Հիսուսի գործած հրաշքները։ Նա ամեն հարմար առիթի, հարմար ձևով է, որ հրաշքներ է գործում։

Հիսուսը մասնավոր բուժարաններ չունի, որտեղ հիվանդները գնում են բուժվելու համար։

Հիսուսը դեղեր չունի հիվանդներին այդ դեղերով բուժելու համար։

Հիսուսը ո՛չ մի արգելք, ո՛չ մի կախումնավորություն, ո՛չ մի պայման չունի հրաշք անելու համար։

Նա միայն մի բան է պահանջում հիվանդից, այն է՝ հավատք, որ Նա կարող է հիվանդին բուժել։

Հիսուսը հրաշքով հղացվեց և ծնվեց, հրաշքներ անելով ապրեց, հրաշքով մահացավ, հրաշքով հարություն առավ և երկինք համբարձվեց։

Հրաշքը չի կարելի Հիսուսի կյանքից բաժանել։

Հիսուսին երբ խաչ հանեցին, «արեգակը խավարեց և Տաճարի վարագույրը վերևից մինչև ներքև երկուսի պատռվեց, և երկիրը շարժվեց, և ժայռերը ճեղքվեցին ... ։ Իսկ հարյուրապետը, երբ տեսավ երկրաշարժն ու պատահածները, ասաց. ''Արդարև, Աստծո Որդի էր սա''» (Մտթ 27, 51-54; Ղկս 23, 44-48)։

Մենք էլ այս բոլորը կարդալուց հետո հեթանոս հարյուրապետի հետ ասենք հավատքով. «Ո՜վ Հիսուս, Դու ես մեր Փրկիչը, Դու ես մեր Աստվածը»։

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։