Հիսուսի սրբության մի հայտնի նշան ևս – Գրադարան – Mashtoz.org

Հիսուսի սրբության մի հայտնի նշան ևս

Բոլոր սրբերը, որքան էլ նրանք սրբության մեջ առաջացած լինեին, որքան էլ բազմապիսի առաքինություններով ու հերոսական արարքներով զարդարված լինեին, իրենք իրենց միշտ մեղավոր էին զգում, մարդ և մարդկանց արհամարհանք։

Պողոս Առաքյալն անգամ, որ մինչև յոթերորդ երկինք վերացավ, ինքն իրեն մեղավորների գլուխ նկատելուց չէր դադարում (1Տմ 1, 15)։

Մեկ ա՛յլ տեղ էլ խոնարհաբար գրում է. «Այո՛, ես հետինն եմ Առաքյալներից, արժանի չեմ Առաքյալ անվանը» (1Կր 1, 15)։

Հովհաննեսը՝ Հիսուսի սիրելի Առաքյալը, գրում է. «Եթե ասենք. ''Մենք ոչ մի մեղք չունենք'', մենք մեզ ենք խաբում, և ճշմարտություն չկա մեր մեջ» (1Հվհ 1, 8)։

Անտոն Անապատականի նման սրբերը, ովքեր աշխարհի բոլոր հաճույքներից հրաժարվելով՝ աղոթքով ու խիստ ճգնությամբ իրենց կյանքի մեծ մասն անապատներում անցկացրեցին, քաջարի մարտիրոսներ, ովքեր բազմաթիվ չարչարանքներ կրեցին և իրենց հավատքի համար իրենց արյունը հեղեցին, անբիծ կույսեր, որոնց կյանքը բոլորանվեր ողջակիզում եղավ վանքերում, հիվանդանոցներում ու առաքելավայրերում, իրենք իրենց համարում էին մեծ մեղավորներ և ցանկանում էին ծանր ապաշխարանքներով իրենց մեղքերը քավել։

Որքան մեծ էին նրանք սրբության մեջ, այնքան ավելի էին Աստծո առաջ իրենց ոչնչությունը խոստովանում։

Մեր Նարեկավանքի սերովբեանման հսկողը՝ Գրիգորը, իր հրաշագործ Աղոթագիրքը հյուսում է «մեղա՜»ների երկար ու անհատնում շարքերով։ Մի՞թե նույնը չէ Ներսես Շնորհալու «Աշխարհ ամենայն»ը կամ «Հավատով խոստովանիմ»ը։

Միայն Հիսուսն է, որ իր ողջ կյանքի ընթացքում «մեղա՜»յի, զղջման արտահայտություն չի ունեցել։

Սա ցույց է տալիս, որ Հիսուսն իբրև մարդ էլ մարդկային բարոյական տկարություններից, թերություններից զերծ մնաց և մեղքի կամ հանցանքի մի բիծ անգամ Նրա սրբությունը չի արատավորել։

Հիսուսն ամեն տեսակ անարգանք, չարչարանք հանձն առավ, անհուն նվաստացման ու տառապանքների մեջ մահացավ խաչի վրա, բայց ոչ մի առիթով զղջման խոսքեր չասաց։

Ընդհակառակը, Հիսուսը գիտակից էր Իր անմեղությանը, մեծ վստահությամբ հարցնում էր հրեաներին. «Ձեզնից ո՞վ կհանդիմանի ինձ մեղքի համար» (Հվհ 8, 46)։

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։