Նկատողություններ 01 – Գրադարան – Mashtoz.org

Նկատողություններ 01

Ձևաբանները, ինչպես վերևում ներկայացրեցինք, հաստատում են, թե քրիստոնյա առաջին միջավայրը, որտեղ ավետարանական զանազան տարրերը կազմավորվեցին, հարևնման է առասպելներին ծնունդ տվող միջավայրին։ Նրանց համաձայն՝ Ավետարանների նախանյութերը բանավոր լինելով՝ ենթակա են եղել փոփոխությունների, օտար ազդեցությունների. աստիճանաբար, ճոխացվել են նորանոր տարրերով, որոնք արդյունք էին հավատացյալների ստեղծագործ երևակայության. նրանք՝ առաջին քրիստոնյաները, դեպքերի պատմականությունից ավելի՝ իբր թե հավատքով էին հետաքրքրված։

Արդ, ձևաբանների վերոհիշյալ հավաստումները իրականությանը չեն համապատասխանում։

Քրիստոնյա առաջին համայնքը ո՛չ թե անկազմակերպ, այլ՝ Առաքյալների գլխավորությամբ և նրանց կողմից կառավարվող հասարակություն է եղել։

Ճիշտ է, որ Քրիստոսի մահվանից հետո գործնական կյանքում նորանոր հարցեր մեջտեղ դուրս եկան. օրինակ, կուռքերին զոհված միսն ուտե՞լ, թե՞ չուտել. հեթանոսների հետ շփվե՞լ, թե՞ ո՛չ. հեթանոսությունից դարձի եկածներին թլփատե՞լ, թե՞ ո՛չ. շաբա՞թ օրը պահել, թե՞ Կիրակին, և այլն։ Տարակույսներ կային Աստծո թագավորության, աշխարհի վախճանի մոտալուտ կամ հեռավոր լինելու շուրջ, հին օրենքների ամբողջական պահպանման մասին, և այլն։

Սակայն յուրաքանչյուր ոք, ով ընթերցում է Գործք Առաքելոց գիրքը, անմիջապես նկատում է, որ Առաքյալները, ովքեր Քրիստոսի կյանքի, գործերի ու խոսքերի ականատես և ականջալուր վկաներն էին, իբրև առաջնորդ ունենալով Պետրոս Առաքելապետին՝ ժողովներ են գումարում վերոհիշյալ տարակուսելի հարցերը լուծելու համար, հավաքաբար նամակ են շարադրում և հավատացյալներին ուղարկում, օրենքներ են հրատարակում, որոշ պաշտոնների համար սարկավագներ են ընտրում, քարոզիչներ են ուղարկում տարբեր քաղաքներ[1], աչալուրջ հսկում են, որ իրենց վարդապետության մեջ օտար և խորթ տարրեր չսպրդեն։

Ավետարանը վարդապետություն լինելուց առաջ իրողության արձագանքն է, հաստատումը, վկայությունը։

Նոր Կտակարանում 150 անգամներից ավելի հիշատակվում են «վկա», «վկայություն», «վկայել» բառերը։ Առաքյալները Հիսուսի ճշմարիտ վկաներն են, որ ինչպես ասում է. «Ինձ վկա պիտի լինեք Երուսաղեմում, ամբողջ Հուդեայում, Սամարիայում և մինչև երկրի ծայրերը»[2]։

Հուդա մատնիչ Առաքյալի փոխարեն Առաքյալներն ընտրում են Մատաթիային, ով Հիսուսի ականատես վկան է եղել[3]։

Արդ, վկա՝ նշանակում է մի անձ, ով ականատես և ունկնդիր լինելով մի եղելության կամ դեպքի, հաստատում է այդ եղելության կամ դեպքի իրական լինելը։ Առասպելների, հեքիաթների համար վկաներ գոյություն չունեն։

«Ավանդության» գաղափարը, որով տոգորված էին Առաքյալները, մեկ ա՛յլ փաստ է՝ հերքելու համար ձևապաշտների այն կարծիքը, թե առաջին քրիստոնյաներն Ավետարաններում պատմվող նյութերն իրենց երևակայությամբ են հնարել։

Պողոս Առաքյալը հաճախ կրկնում է Ավանդությունն անեղծ պահելու, չփոփոխելու, անգամ մի կետ վրան չավելացնելու անհրաժեշտությունը։ Նա Կորնթացիներին ուղղված իր Առաջին Նամակում գրում է. «Ձեզ ավանդեցի այն, ինչը որ ես ստացա»[4], կամ. «Ստացա, ինչպես նաև ձեզ ավանդեցի»[5]։ Մեկ ա՛յլ տեղ էլ գրում է. «Եթե նույնիսկ մենք կամ երկնքից մի հրեշտակ ավետարանի ձեզ ավելին, քան այն, որ մենք ավետարանեցինք ձեզ, նզովյա՛լ լինի։ Ինչպես ավելի առաջ էլ ասացինք, հիմա էլ դարձյալ ասում եմ. Եթե մեկն ավետարանի ձեզ ավելին, քան ինչ որ դուք ընդունեցիք, նզովյա՛լ լինի»[6]։

Միևնույն Պողոս Առաքյալը Տիմոթեոսին ուղղված Առաջին Նամակում իր աշակերտին հորդորում է, որպեսզի «զգույշ լինի պառավական առասպելներից»[7]։

Քրիստոնեական կրոնը և նրա հետնորդները հակառակ էին ստին, կեղծիքին, առասպելին։ Ինչպե՞ս կարելի է համոզված պնդել, թե այդ եռանդուն և իրենց կրոնին ամենահավատարիմ առաջին քրիստոնյաներն առասպելներ են ստեղծել և շատ անգամ էլ իրենց կյանքը զոհել են այդ առասպելի համար։

Սխալ է ասել, թե առաջին քրիստոնյաները պատմական մտահոգություններից հեռու են եղել։

Ավետարանիչներից Ղուկասը հայտնի կերպով ասում է. «Ես, որ սկզբից ի վեր ամեն ինչ խնամքով հետազոտել էի, փափագեցի հերթով գրել քեզ, ... որպեսզի ճանաչես ճշմարտությունն այն վարդապետության, որին աշակերտեցիր»[8]։ Եվ դարձյալ. «Շատերը ձեռնարկեցին շարադրել մեր մեջ կատարված դեպքերի պատմությունը, ինչպես մեզ ավանդեցին նրանք, որ սկզբից Խոսքի ականատեսներն ու սպասավորները եղան»[9]։

Ուրեմն, Ղուկասը խնամքով հետազոտելուց հետո է, որ գրել է, ո՛չ թե առասպելներ, այլ՝ պատմական դեպքերն այնպես, ինչպես որ ավանդել են սկզբից ականատես եղած վկաները։

Նմանապես Հովհաննեսի Ավետարանում կարդում ենք. «Այս աշակերտն է, որ վկայում է այս բաների մասին, որ և գրեց իսկ դրանք. և գիտենք, որ նրա վկայությունը ճշմարիտ է»[10]։ Իսկ իր Առաջին Նամակի առաջին տողերում շեշտում է, որ իրենք ականատես են եղել Աստված Բանին, իրենց ձեռքերով շոշափել են Նրան. «Տեսանք, վկայում ենք և պատմում ենք ձեզ ... ։ Ինչը որ տեսանք և լսեցինք, պատմում ենք ձեզ, որպեսզի դուք էլ հաղորդակից լինեք Նրան մեր հետ»[11]։

Նմանապես Պետրոս Առաքելապետը, խոսքն ուղղելով առաջին հավատացյալներին՝ շեշտում է, որ իրենք ո՛չ թե հերյուրածո առասպելներ են քարոզում, այլ՝ Հիսուս Քրիստոսի մեծության ականատես վկաներն են. «Ձեզ ճանաչել տվեցինք մեր Տեր Հիսուս Քրիստոսի զորությունն ու գալուստը, ո՛չ թե հնարովի առասպելների հետևից գնալով, այլ՝ մենք իսկ ականատես եղանք նրա մեծությանը»[12]։

Ճիշտ է, որ Առաքյալների քարոզությունը ժողովրդական էր, ո՛չ միայն որովհետև իրենք հենց ժողովրդական խավից էին ընտրված, այլ՝ որովհետև առավելապես ժողովրդական խավերին է, որ Ավետարանը քարոզում էին։

Առաքյալներն անշուշտ գիտակներ կամ բանասերներ չէին։ Նրանց գլխավոր նպատակը Քրիստոսի գիտական վարքը գրելը չէր, այլ՝ քարոզելը պարզ և մատչելի ձևով այն, ինչը որ տեսել ու լսել էին Հիսուսի կողմից, ով Աստծուց խոստացված ու մարգարեների կողմից կանխագուշակված Մեսսիան էր, մարդկության Փրկիչը, մեղավորների Ազատարարը։

Արդ, աշխարհի չորս կողմերում փրկագործության այս մեծ ավետիսը քարոզելիս, բնական է, որ Առաքյալները պիտի հաշվի առնեին իրենց անմիջական շրջապատը, ունկնդիրների զարգացման մակարդակը, օրվա պահանջները, և դրա համեմատ՝ առավել կամ նվազ չափով, շեշտը դնեին Քրիստոսի ա՛յս կամ ա՛յն խոսքի կամ առակի վրա, հիշատակեին ա՛յս կամ ա՛յն հրաշքը կամ դեպքը, որպեսզի իրենց խոսքն ավելի տեղին լիներ և ավելի օգտակար՝ ունկնդիրների համար։ Պետրոս և Պողոս Առաքյալներն, օրինակի համար, տարբեր կերպ էին արտահայտվում, երբ իրենց առջև հրեա քրիստոնյաներ էին գտնվում, տարբեր լեզու էին գործածում, երբ հեթանոսությունից դարձի եկած քրիստոնյաներին էին քարոզում։ Քարոզիչի առավելություններից մեկը ներկաների հոգեբանությանը, մտայնությանն ու նրանց կարիքներին հարմարվելն է։

Բնական է, որ յուրաքանչյուր Առաքյալ կամ քարոզիչ Ավետարանը քարոզում էր իր նկարագրին ու իր մտայնությանը համաձայն։

Առաքյալները, ովքեր Քրիստոսի կյանքի ու գործունեության ականատեսը և ունկնդիր վկաներն էին եղել, իրենց քարոզչության մեջ եթե ընդհանուր և էական կետերում իրար համանման էին, զարմանալի չէ, սակայն, որ մանրամասնությունների և երկրորդական հարցերում երբեմն իրարից տարբերվում էին՝ դրանք նկարագրելու կամ նորանոր մանրամասնություններ տալու ժամանակ։

Ինչպես ամեն ոք, այնպես էլ յուրաքանչյուր Առաքյալ պիտի ունենար իր նախասիրած թեմաները։ Առաքյալներից մեկը կարող էր խորապես տպավորված լինել Քրիստոսի այսինչ խոսքից կամ գործից, մինչդեռ մեկ ուրիշի ուշադրությունը կարող էր կենտրոնացած լինել բոլորովին տարբեր հարցի վրա։ Օրինակ, Պետրոս և Հովհաննես Առաքյալները միևնույն նախասիրությունները չունեին։ Վերջինս՝ անվանվելով Սիրո Առաքյալ, շատ ավելի հաճույքով և երկար է խոսում սիրո մասին Քրիստոսի կատարած արտահայտություների շուրջ, քան որևէ մեկ ա՛յլ Առաքյալ։

Հոգեբանական բոլոր այս ազդակները հաշվի առնելով՝ շատ բնական ենք գտնում, որ ավետարանական թե՛ բանավոր և թե՛ գրավոր ավանդության մեջ տարբերակներ են գտնվում, տարբերակներ, որոնք իրար հակասական չեն, որոնք Քրիստոսի վարդապետության էությանը չեն դիպչում և շատ անգամ իրար լրացնում են։

Դարձյալ, բնական ենք համարում, որ քարոզիչը շատ անգամ համառոտում է, իր ասածները խտացնում է՝ ընդգծելով միայն էական հատվածները, որպեսզի ավելի մատչելի լինի դրանք մտապահելը։

Միևնույն նպատակով կարող է եղած լինել նաև Հիսուսի խոսքերի, առակների կամ հրաշքների մեկտեղումը, որոնք թեև տարբեր ժամանակահատվածներում, տարբեր վայրերում են ասվել կամ կատարվել, բայց Ավետարանի քարոզիչները և հետո Ավետարանիչները, դրանք խմբավորելով, ժողովածուի տեսք են տվել[13]։

[1] Գործք Առաքելոց գրքում կարդում ենք, որ Պետրոս և Հովհաննես Առաքյալները շրջագայության են դուրս գալիս զանազան քաղաքներ (Գրծ 8, 14-17)։ Մի ուրիշ անգամ Պետրոս Առաքյալն առանձին է շրջում՝ այցելելով զանազան համայնքներ (Գրծ 9, 32-42)։ Նմանապես, Բառնաբասն էլ Երուսաղեմից Անտիոք է ուղարկվում (Գրծ 11, 22), և այլն։
[2] Գրծ 1, 8
[3] Գրծ 1, 22
[4] 1Կր 15, 3
[5] 1Կր 11, 23
[6] Գղտ 1, 8
[7] 1Տմ 4, 7
[8] Ղկս 1, 3-4
[9] Ղկս 1, 1-2
[10] Հվհ 21, 25
[11] 1Հվհ 1, 1-3
[12] 2Պտ 1, 16
[13] Տե՛ս Մտթ 5-7; 10; 13, 1-35; Մրկ 4, 1-34; 8.
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։